Հայ-իրանական «Եվա»-ն «Օսկարի» հավակնորդների ցանկում է

Ռեժիսոր Անահիտ Աբադի հայ-իրանական «Եվա» ֆիլմն առաջադրվել է «Օսկար-2018»-ին «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմն արդեն ընդգրկվել է հավակնորդների ցուցակում:

«Եվա» ֆիլմը ՀՀ և Իրանի համատեղ արտադրանքն է, ֆիլմի ցուցադրությունը սեպտեմբերի 24-ից մեկնարկել է երևանյան կինոթատրոններում:

Ֆիլմի հիմքում դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն Արցախյան պատերազմում կորցրել է իր ամուսնուն և ուզում է մոռանալ տարիներ առաջ իր կյանքում տեղի ունեցած մութ ու ծանր պատմությունը։ Եվան դստեր՝ Նարեի հետ հեռանում է Երևանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անցյալը ամենուր հետապնդում է նրան:

«Եվա» ֆիլմը նկարահանվել է «Հայաստանի ազգային կինո կենտրոնի» և «Ֆարաբի ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամի (պետական ֆոնդ) ֆինանսական աջակցությամբ: Կինոնկարի սցենարի հեղինակը Անահիտ Աբադն է, իսկ պրոդյուսերը՝ Թաղի Ալիղուլիզադեհը։ Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Շանթ Հարությունյանը, Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսյանը, Սերգեյ Թովմասյանը, Վրեժ Քասունին, Տիգրան Դավթյանը, Նանոր Պետրոսյանը, Էվելինա Ադամյանը, Մարատ Դավթյանը և այլք, գրում է panarmenian.net-ը:

Scroll Up