Հայկական գինիները բացահայտելու 5 պատճառ

Գինարտադրության հնագույն ավանդույթներ ունեցող Հայաստանն այսօր էլ աշխարհում գինի արտադրող ամենահիասքանչ տարածաշրջաններից է:

Այս մասին գրում է սոմելյե Ռեբեկա Մեյր-Լիբմանը, ով վերջերս այցելել է Հայաստան: Նա առանձնացրել է 5 պատճառ, թե ինչու պետք է բացահայտել հայկական գինիները:

  1. Հայաստանի գինու մշակույթը խորն արմատներ ունի

Սոմելյեն նշում է, որ համաձայն հայտնի լեգենդի՝ Նոյը խաղողի առաջին որթը տնկել է Արարատ լեռան լանջին: «Հենց Հայաստանում է գտնվել հնագույն գինու քարանձավը, որը 6200 տարվա պատմություն ունի: Այդ քարանձավը, որը կոչվում է «Արենի-1», Հայաստանի հարավում է՝ Վայոց Ձորի տարածաշրջանում»,- գրում է Մեյր-Լիբմանը:

  1. Հայաստանի յուրահատուկ տեղական խաղողները

Գինեգետն ընդգծում է, որ հայ գինեգործները որոշել են կենտրոնանալ այն խաղողների վրա, որոնք բնականորեն աճում են Հայաստանում: Դրանք շուրջ 400 տեսակի են: Որպես ամենահայտնի խաղողի տեսակ նա առանձնացնում է «Արենի նուար»-ը, «Կանգուն»-ը և «Ոսկեհատ»-ը:

  1. Գինարտադրության հնագույն ավանդույթները

Մեյր-Լիբմանը փաստում է, որ Հայաստանում գինու գործարանները մեծամասամբ օգտագործում են հայկական կաղնուց պատրաստված տակառներ: Նա ընդգծում է, որ գինեգործները հպարտ են դրանց որակով:

Նա նշում է նաև, որ հնում գինու պահպանության համար օգտագործվել են կարասները, որոնք, սակայն, այժմ գործածության մեջ չեն:

  1. Հիասքանչ գինիները վայելելով դուք մասնակցում եք ազգի վերակառուցմանը

Սոմելյեն ընդգծում է, որ հայկական գինու արտադրությունները նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը, բացում են զբոսաշրջային նոր հնարավորություններ: «Հայաստանը ներկայում գինի է արտահանում 15 երկիր, այդ թվում և Ռուսաստան, Իսրայել, ԱՄՆ, Կանադա և Ճապոնիա»,- ասում է Մեյր-Լիբմանը:

  1. Հիասքանչ որակ ձեռնտու գնով

Գինեգետը փաստում է՝ Հայաստանում կարել է գնել հիասքանչ որակ ունեցող գինի ձեռնտու գնով: «Ժամանակն է փորձել հայկական գինիները, քանի դեռ դրանց որակը բարձունքում է, իսկ գները դեռ ցածր են… առայժմ: Ժամանակն է այցելել Հայաստան: Այն հնագույն գինեգործության վայրերից է, որի մասին գուցե դուք դեռ չեք լսել, և այն սպասում է բացահայտվելուն»,- եզրափակել է Մեյր-Լիբմանը:

 

Scroll Up