Լուսիկ Ագուլեցի՝ մեր Պատմական Հայրենիքի գույների հավաքական կերպարը

Հայ արվեստի ու մշակույթի նվիրյալների շարքում յուրահատուկ տեղ ունի նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին, ով  իր՝ թե՛ արտաքին նկարագրով, և թե՛ ներքին հայեցի   էությամբ ու հմայքով, ասես մեր պատմության, մեր  ավանդույթների, մեր  հինավուրց արմատների խոսուն վկան է, վավերագիրը, անձնագիրը, դեպի հայկական բարձրաժեք հոգևոր  ժառանգության  դուռը  տանող ճանապարհն  ու  ոսկե  բանալին:

Միշտ հաճելի է տեսնել մեր քաղաքում  հայկական տարազով շրջող տիկին Լուսիկին, ում կողքով, համոզված եմ,  ոչ ոք չի կարող անտարբեր անցնել. նա իր յուրահատուկ հագուկապով, արծաթյա զարդերով ասես մի այլ աշխարհից եկած պատմության  նշխար է,  աշխա՛րհ, որն  անուն ունի՝ Պատմական Հայաստան: Լուսիկ Ագուլեցին մեր հինավուրց հայրենիքի հավաքական կերպարն է, նրանից կարելի է միշտ սովորել, նրանով կարելի է մի՛շտ հպարտանալ, նրա հետ կարելի է մի՛շտ զրուցել և լսել այն  բոլոր բացատրությունները, որոնք կապ ունեն հայկական ավանդական ծեսերի հետ:

…Տաղանդավոր հայուհուն օրեր առաջ  ընդունեց  ՀՀ սփյուռքի նախարարը, որից հետո Լուսիկ Ագուլեցին ու նրա շնորհաշատ հարսը՝ ասմունքող, դերասանուհի Գայանե Սամվելյանը, հյուրընկալվեցին նաև «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, ուր,  Ամանորին ընդառաջ, մի հետաքրքիր հարցազրույց ունեցա տիկին Լուսիկի հետ, որը սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

 -Տիկի՛ն Լուսիկ, միշտ ցանկալի է տեսնել, լսել Ձեզ, վայելել Ձեր յուրօրինակ ներկայությունը: Մոտենում է Ամանորը, գիտեմ, որ Դուք ամեն տարի յուրովի եք պատրաստվում  այս ցանկալի տոնին, նաև մեր հանրությանը եթերից տեղեկացնում եք, թե հայերն ինչպես են նշել այդ տոնը. ասացեք, խնդրեմ, թե ի՞նչ խորհուրդ ունի Ամանորը և այս  տարի ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել այն:

-Նախ՝ շնորհակալ եմ  ջերմ ընդունելության համար. ասեմ, որ մեր տանը վաղուց ավանդույթ է դարձել Ամանորը դիմավորել բոլոր ծեսերով:  Այն մեր ժողովրդի կողմից սիրված տոներից մեկն է: Պատմիչ Ագաթանգեղոսն է դեռևս ասել, որ Ամանորը կին է եղել: Ամանորը հայ դիցաբանության մեջ  համարվում է Վանատուր աստծո կինը: Ամանորը, Նավասարդը, Կաղանդը հայոց համար համարվել և համարվում է մի նոր տարվա սկիզբ: Ամանորի խորհրդանիշը եղել է խնձորը, որը համարվել է սիրո խորհրդանիշ: Մեր  տանը շատ կարևոր տեղ ունի Կենաց ծառը, այն կյանքի, ապրելու խորհրդանիշն է, որի վրա ամեն մի տոնի կախում ենք համապատասխան  խաղալիքներ, որոնք նույնպես սովորական խաղալիքներ չեն, դարձյալ խորհրդանշական են: Սեղանի վրա հիմնականում մրգեր, չրեղեն է լինում, ընկույզ, կաղին, շագանակ, աղանձ, հայկական գաթա, սակայն երիտասարդները, մեր տան  հարսերը պատրաստում են նաև այլ ուտեստներ՝ աղցաններ, մսեղեն:

-Մեր ժամանակներում Ամանորի սեղաններին ընդունված է դնել մսեղեն ուտեստներ, սակայն   այդ  ընթացքում  նաև  Պահքի շրջանն է…Ի՞նչ կասեք այս առիթով:

-Ասեմ, որ մինչև 20-ական թվականները մեր ժողովուրդը այսպես Նոր տարի չի տոնել. մարդիկ պաս են պահել, ամսի 6-ին նոր սկսել են  մսեղեն են օգտագործել: Մեր  պապերը հունվարի 1-ին գերան են դրել օջախում, զանազան կերակուրներ են պատրաստել այդ կրակի վրա, կրակը ծխացել է մինչև հունվարի 6-ը՝ Տիրոջ ծննդյան օրը, և  ամսի 5-ի երեկոյան, երբ ավարտվել է Պահքի շրջանը,  արդեն կերել են ամեն տեսակի ուտելիքներ: Հիմա ամեն ինչ փոխվել է. ամեն ընտանիք չէ, որ կարողանում է պաս պահել: Կան ընտանիքներ, որոնք պատրաստում են մսեղեն, սակայն մինչև հունվարի 5-ի երեկոյան չեն ուտում ամեն ինչ, պաս են պահում, բայց մտածում են նաև հյուրերի մասին, որոնցից ոչ բոլորն են պաս պահում: Կան ընտանիքներ էլ, որոնք հե՛նց իրենց համար են պատրաստում մսեղեն կերակուրներ, պաս չեն պահում, սակայն գնում են եկեղեցի, մոմ են վառում, աղոթք են անում, հունվարի 6-ին Տիրոջ ծնունդն են նշում: Ես ոչ մեկին չեմ քննադատում, ամեն մարդ ինքն է իր ապրելակերպի տերը. ամենից կարևորը հոգու և սրտի մաքրությունն է, ազնվությունը, բարությունը:

-Տիկի՛ն Լուսիկ, Դուք մի՞շտ եք այս տարազակերպ էությամբ ապրել, թե՞ ամուսնանալուց հետո…

– 53 տարի է, ինչ ես այսպիսին եմ. կարծում եմ, որ հե՛նց այսպիսին եմ կերտվել իմ ծննդյան օրից. իմ տատերից է գալիս դա, ամուսնանալուց հետո էլ ես միշտ նկարել եմ,  հավաքել եմ  հին հայկական զարդեր, տարազներ, իմ ծննդավայր Նախիջևանից, Ագուլիսից  60-ականներից հետո շարունակ բերել եմ թվով 1000-ի հասնող որոշ իրեր: Ամուսինս՝ հայտնի քանադակագործ Յուրա Սամվելյանը, ինձ միայն աջակցել է այդ գործում: Ես ամուսնությունից հետո կարողացել եմ ավելի կայանալ բոլոր հարցերում:

 -Ձեր հայաշունչ, ազգային ոճով կառուցված տունն՝ սկսած դռան մուտքից, բակից, ամեն ինչով տարբերվում է ուրիշների տներից: Այն յուրօրինակ օազիս է մեր քաղաքում և այժմ արդեն դարձել է թանգարան, ու՞մ գաղափարն էր, ու՞մ աջակցությունն ունեցաք այդ հարցում:

-Այդ գաղափարը ես և ամուսինս դեռևս 60-ականներից հետո ենք ունեցել և միշտ մտածում էինք, որ դա հրաշալի մի բան կլինի: Չորս տարի առաջ այդ հարցով դիմեցի ՀՀ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին, որոշումը կայացավ. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Հասմիկ Պողոսյանի աջակցությամբ ստեղծվեց հիմնադրամ, և այդ հիմնադրամի միջոցով մեր տունը  դարձավ թանգարան:

-Ձեր կյանքի մեծ մասն ապրել ու ստեղծագործել եք այդ տանը՝ Ձեր  ամուսնու՝  տաղանդավոր քանդակագործ Յուրա Սամվելյանի հետ, մայրացել եք այդ տանը, թոռներ եք ունեցել, ծոռնիկներ…հիմա այն վեր է ածվել թանգարանի. չե՞ք կարոտում:

-Ես հոգով շատ ամուր եմ կապված այդ տանը և չեմ կտրվում թանգարանից. իմ կյանքը, իմ օրը  կապված է թանգարանի  հետ, ես այնտեղ  ստեղծագործում եմ, գրում եմ, նկարում եմ: Հիմա իմ նկարների գիրք-ալբոմի վրա եմ աշխատում, որում իմ 400 յուղաներկ աշխատանքները պետք է ներառվեն, նաև՝ «Խոսք՝ դպրության» բաժինը, ուր իմ  խոսքն է՝ ուղղված երիտասարդությանը, Նախիջևանում ապրած իմ տարիների մասին է լինելու գրքում: 5 գիրք ունեմ. իմ գրքերը բովանդակային առումով տարբեր են իրարից, ունեմ հայկական տարազների մասին գիրք, հայկական տոնածեսերի, թանգարանի հավաքածուի, ամուսնուս՝ Յուրա Սամվելյան-մարդու, արվեստագետի մասին:

-Վերջին  անգամ  ե՞րբ եք եղել Ձեր ծննդավայրում…

-1986 թվականին…միշտ կարոտով եմ հիշում, նաև տխրում եմ, ոչ մի վայրկյան չեմ կարողանում մոռանալ չքնաղ Նախիջևանը, Ագուլիսը. ինչպիսի՜  մշակույթ ունեինք այնտեղ ձևավորված, ինչպիսի՜ նշանավոր հայեր է տվել Նախիջևանը, տատիկս ինչպե՜ս սովորեցրեց այդ ազգին եփել-թափել, կարել-գործել: Ափսո՜ս, հազար ափսոս…ամեն ինչ մնաց  այդ քոչվորներին: Վերջերս Կանադայում մի գիրք է հրատարակվել Նախիջևանում ծնված նշանավոր հայերի մասին, այդ ցանկում կա նաև իմ մասին՝ որպես  չքնաղ Նախիջևանի, Ագուլիսի վերջին մոհիկան:

Շարունակում եք նկարել, նաև ստեղծել եք  Ձեր նկարների  ցուցասրահը՝ նույն տուն-թանգարանում. այդ հարցում  ո՞վ  Ձեզ  աջակցեց:

-Քաղաքապետարանի աջակցությամբ և մեր թաղապետարանի միջոցներով ստեղծվեց այդ ցուցասրահը, և իմ նկարները մշտապես ցուցադրվում են այդ սրահում, շատ այցելուներ ենք ունենում թե՛ նկարների սրահում, թե՛ տուն-թանգարանում (դրանք երկուսն էլ նույն տարածքում են):

-Կարծեմ՝ համագործակցության կամուրջ եք ուզում ստեղծել ՀՀ սփյուռքի նախարարության հետ:

-Այո՛, այդ առիթով էլ հյուրընկալվել եմ հարգարժան նախարարի մոտ և որոշակի առաջարկություններ արել, որոնք անպատասխան չմնացին: Կարծում եմ՝ մեր համագործակցությունը կստացվի:

-Տիկի՛ն Լուսիկ, աշակերտներ ունեցե՞լ եք երբևէ՝ նրանց փոխանցելու Ձեր նկարելու, գործելու, հյուսելու, տարազագիտության  արվեստը:

-Աշակերտներ չեմ ունեցել, սակայն իմ կողքին, ով ապրել է, անպայման մի բան սովորել է ինձանից: Ընդհանրապես, հայ մարդը շատ ընդունակ է, արարող, ստեղծող, շնորհալի:

Դուք Պատմական Հայաստանի տարբեր նահանգներին բնորոշ շատ տարազներ եք ձեռք բերել, ստեղծել. այդ տարազներից  ո՞րն  եք  ամենից շատ սիրում:

Բոլորը. դրանցից ամեն մեկը յուրովի գեղեցիկ է, սակայն ամենից շատ հիացած եմ մեր  հայ արծաթագործությամբ;

-Ձեր  տարազների հավաքածուն  այլ  երկրներում  ցուցադրվե՞լ է:

-Իհարկե՛: Ցուցադրվել են Գերմանիայում, Չինաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում…Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 24-ին մեր տարազներով երթ եղավ Հռոմում:

-Վաճառու՞մ  եք  Ձեր հավաքածուից  որևէ  իր, տարազ:

-Ո՛չ, դրանք մեր ազգային արժեքներն են, դրանք չի՛ կարելի վաճառել, դուրս տանել Հայաստանից: Եթե որևէ մեկը պատվիրի նոր տարազ ստեղծել, դա, անշուշտ, կվաճառեմ: Վաճառում եմ նաև իմ կտավներից:

-Իսկ  ի՞նչ  եք նկարում  այս վերջին տարիներին:

Վերջերս ավելի շատ Շուշին եմ նկարում, այն ինձ համար  հրա՛շք է, գտնված երազ, շատ եմ նկարել իմ ծննդավայրը, իմ մանկության տունը. Ագուլիսն ինձ համար հեքիաթ մնաց:

-Տիկի՛ն  Լուսիկ, Ամանորի նախօրերին ի՞նչ  կմաղթեք  մեր ժողովրդին:

-Համբերություն և գեղեցիկը  տեսնելու ու գնահատելու սեր:

-Շնորհակալությու՛ն. մեր նախատոնական շնորհավորանքները Ձեզ՝ Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ: Ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում  Ձեր արվեստակիր ընտանիքի բոլոր անդամներին, ովքեր հայ մշակույթի ու արվեստի  հոգևոր մեծ արժեքների կողքին իրենց  ներդրումն ունեն:

Կարինե Ավագյան

Scroll Up