«Արենին» միշտ պատրաստ է օգտակար լինելու Հայրենիքին».Արմինե Վարդանյան

Նյու Յորքում գործող «Արենի» երգչախումբը տարիներ շարունակ իր ակտիվ գործունեությամբ  նպաստում է Սփյուռքում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Վարդանյանը  ներկայացնում է «Արենի»-ի անցած ուղին, ձեռքբերումները,  ներկա ու ապագա անելիքները:

-Տիկի՛ն Արմինե, մինչ  «Արենի» երգչախմբին անդրադառնալը, կցանկանայի փոքր-ինչ Ձեր մասին պատմեիք. ստեղծագործական ի՞նչ ճանապարհ եք անցել, մասնագիտական կրթություն որտե՞ղ եք ստացել:

-Մասնագիտությամբ  դաշնակահար եմ, իսկ խմբավարությամբ հետաքրքրվել եմ ուսանելու տարիներին: Մասնագիտական կրթությունս ստացել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ներառյալ ասպիրանտուրական կրթությունը: Այնուհետև տաս տարի աշխատել եմ նույն բուհում: Նյու Յորք տեղափոխվելուց հետո անմիջապես աշխատել եմ օժտված երեխաների հատուկ մասնագիտացված  երաժշտական դպրոցում (Special Music School), որը համարժեք է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին: Զուգահեռաբար աշխատել եմ Long Island կոնսերվատորիայում, որտեղ այժմ դաշնամուրային բաժնի վարիչն եմ: Մի շարք միջազգային մրցույթների ժյուրիի կազմում եմ, մասնավորապես՝ «LISMA» հինադրամի, «LIC» ամենամյա մրցույթների:

-Ե՞րբ է ստեղծվել «Արենի» երգչախումբը:

-«Արենի» երգչախումբը կազմավորվել է 2013թ.՝ նյույորքաբնակ մի խումբ երաժշտասեր մարդկանց, իմ և վաղամեռիկ ամուսնուս` Սամվել Ներսիսյանի նախաձեռնությամբ, ով արդեն ստեղծել և ղեկավարում էր  «Հայեր» փողային նվագախումբը: Երգչախմբի ստեղծման նպատակը մեկն է՝ պահպանել և սերունդներին փոխանցել հայ ժողովրդի՝ դարերով կուտակված հսկայական մշակութային ժառանգության բացառիկ նմուշները, ինչպես նաև այն ճանաչելի դարձնել օտարազգի ունկնդիրներին:

Երգչախմբի կազմավորման օրից մի քանի ամիս հետո տեղի ունեցավ անդրանիկ միջոցառումը, որ կոչվեց  «Musical Extravaganza»:

-Քանի՞ անդամից է բաղկացած երգչախումբը, և ինչպե՞ս  է կատարողների ընտրությունը կատարվել:

-Երգչախումբը բաղկացած է 25 կատարողից, սակայն հետագայում գուցե կազմն ավելի ընդարձակվի և համալրվի. գործընթացն արդեն սկսվել է: Երգչախմբում ընդգրկված են տարբեր տարիքի և տարբեր մասնագիտություն ունեցող մարդիկ, որոնցից շատերը երաժշտական կրթություն չունեն, սակայն մեծ նվիրվածությամբ են մասնակցում երգչախմբի աշխատանքներին՝ ապահովելով երգչախմբի հաջողությունը: Թերևս սա է պատճառը, որ երգչախումբն օրեցօր  կատարելագործվում է՝ հասնելով գրեթե արհեստավարժության:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ երգչախմբի կազմում ընդգրկված են նաև երեք հոգուց բաղկացած ամերիկյան ընտանիք և մեկ հոգի Դոմինիկյան Հանրապետությունից: Նրանք ջերմորեն համալրել են «Արենի» ընտանիքի շարքերը, սիրով, պատասխանատվությամբ ուսումնասիրում և երգում են հայերեն երգերը:

 

«Արենի»-ի երգապնակում ժանրային բազմազանություն նկատվու՞մ է:

-Երգչախմբի երգացանկն, իրոք, բազմազան է. 80-ից ավելի երգեր են ընդգրկված: Հիմնականում հայ կոմպոզիտորների՝ Կոմիտասի, Կարա-Մուրզայի, Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի, Թաթուլ Ալթունյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Ալթունյանի և ժամանակակից այլ կոմպոզիտորների ստեղծագործություններն են հնչում: Երգացանկում ընդգրկված են նաև անգլերեն, գերմաներեն, հունարեն, լեհերեն, վրացերեն երգեր:

-Բեմական գործունեության տարիներին երգչախումբն ի՞նչ հաջողություններ է գրանցել:

-Գոյության 4 տարիների ընթացքում երգչախումբն հասցրել է բավականին ակտիվ գործունեություն ծավալել՝ իր կենսագրության մեջ գրանցելով երեք խոշոր համերգներ Նյու Յորքի «Queens Theatre» համերգասրահում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում, Միացյալ Ազգերի Կազմակերպությունում: Այս համերգներին մեզ հետ համագործակցել են անվանի երգիչ-երգչուհիներ Եղիշե Մանուչարյանը, Վիկտորիա Ավետիսյանը, Նարինե Օջախյանը, Միխայիլ Սվետլովը, ինչպես նաև ջազ- դաշնակահար Տիգրան Մարտիկյանը, կլարնետահար Վասկո Դուկովսկին, բուզուկահար Յանիս Ստայկոսը, լարային քառյակ, կամերային նվագախումբ: Մասնակցել ենք նաև միջազգային փառատոնի, որտեղ մի շարք երկրների կողքին` Չինաստան, Կորեա, Մեքսիկա և այլն, Հայաստանն ենք ներկայացրել:

Երգչախումբը, բացի համերգային գործունեությունից, նաև ձեռնամուխ է եղել հիմնադրելու երկու խոշոր ամենամյա ավանդական՝ «Տոլմայի» և «Ղափամայի» փառատոները, որոնք, որպես կանոն, անցնում են լեփ-լեցուն սրահներում: Այդ ամենից շատ ենք ուրախանում, որովհետև մեզ հաջողվում է աշխարհի տարբեր անկյուններից հավաքված մեծ թվով հայ մարդկանց հետ միասնաբար միջոցառումները տոնի վերածել՝ ճաշակելով համեղ ուտեստներ, երգել, պարել, որն էլ նպաստում է մեր ինքնության և արմատների պահպանմանը:

Կազմակերպվող միջոցառումներին սիրով և մեծ հետաքրքրությամբ մասնակցում են նաև օտարազգիները, որոնք հիացմունքով են արտահայտվում հայկական մշակույթի և ավանդույթների մասին:

Վերջերս «Ղափամայի» փառատոնի ժամանակ լեհական համայնքի ներկայացուցիչները զարմանքով նշել էին, որ հայկական համայնքը թեպետ ավելի փոքրաթիվ է, սակայն ավելի կուռ, միասնական և ավանդապաշտ է: Այս արձագանքը մեզ որքան հպարտացնում, այնքան էլ ավելի պարտավորեցնում է:

-Համայնքային կյանքում երգչախումբը ներգրավվա՞ծ է:

-«Արենին»  մշտապես և սիրով մասնակցում է Նյու Յորքի հայկական համայնքում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումներին, ինչպես անհատներով, այնպես էլ՝ ամբողջ խմբով: Ամեն տարի ապրիլի 24-ին կամ մոտակա կիրակին, Նյու Յորքի «Time Square» հրապարակում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների ոգեկոչման հիշատակին նվիրված արարողությունը, որին երգչախումբը երկու տարի շարունակ (99-րդ և 100-րդ տարելիցներին) եղել է այդ միջոցառումների երաժշտական մասն ապահովող կարևոր օղակներից մեկը:

-Ձեր կարծիքով ամերիկահայ երիտասարդները որքանո՞վ են հետաքրքրված հայկական մշակույթով, հատկապես՝ երաժշտությամբ:

-Նյու Յորքը հսկայական քաղաք է, և շատ դժվար է ամբողջական պատկերի մասին խոսել: Կարող եմ ասել, որ մեզ հայտնի որոշ շրջանակ կա, որոնք մշտապես մասնակցում և աջակցում են մեր գործունեությանը: Սակայն դրանով չենք բավարարվում. այժմ որոշակի ծրագրեր ենք մշակվում երիտասարդներին ավելի համախմբելու և հայրենասիրությամբ տոգորելու ուղղությամբ: Հպարտությամբ կարող եմ փաստել, որ զավակներս սիրով ընդգրկված են երգչախմբի կազմում: Վստահ եմ՝ ամեն հայի արյան մեջ երաժշտության և, առհասարակ, մշակույթի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: Մեզ մնում է միայն ամեն միջոց գործադրել՝ մեր հայրենակիցներին քաջալերել և ծանոթացնել հայկական մշակութային արժեքներին:

-Երգչախումբը Հայաստանում երբևէ համերգ ունեցե՞լ է:

-Հայաստանում դեռևս ելույթ չենք ունեցել, սակայն դա մեր հետագա ծրագրերում անպայման ներառել ենք: Մեծ ջանքեր ու պայմաններ են պետք այն իրականացնելու համար, որի ուղղությամբ էլ աշխատում ենք:

 

Տեղյակ եմ, որ Նյու Յորքում գործում է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը: «Արենին» երբևէ մասնակցե՞լ  է հիմնադրամի աշխատանքներին:

-Բոլորովին վերջերս Համազգային կրթական և մշակութային միության Նյու Յորքի մասնաճյուղի կազմակերպած հերթական միջոցառումներից մեկի ժամանակ պատահական տեղեկացանք «Հայ վիրավոր  հերոսներ» (Armenian Wounded Heroes Fund) հիմնադրամի մասին: Այս նախաձեռնությունը շատ ոգևորեց մեզ և անմիջապես որոշեցինք աջակցել հիմնադրամին: Բացի մասնավոր նվիրատվություններից, երգչախմբի վերջին համերգից գոյացած հասույթից գումար հատկացվեց հիմնադրամին: Նմանատիպ գործունեություն ծավալվեց նաև այս տարվա հոկտեմբերին, երբ Ֆիլադելֆիայում երգչախմբի հյուրախաղի ժամանակ կազմակերպիչները ևս հիմնադրամին դրամական օգնություն ցուցաբերեցին:

Վստահեցնում եմ, որ հիմնադրամին սատարելը շարունակական բնույթ է կրելու, քանի որ «Արենին» միշտ պատրաստ է իր փոքրիկ լուման ներդնել և օգտակար լինել Հայրենիքին:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

Scroll Up