Հայի տեսակը. Լիլիթ Գրիգորյան

Հայոց հազարամյա կենաց ծառի դալար ճյուղերն ամեն գարուն ամրանում են, հարստացնում սաղարթը կանաչով, ու ծառը նոր կյանք է ստանում: Ձգվում են վեր, տարածվում… սփռվում են աշխարհում: Որտեղ էլ ապրեն, արմատն այստեղ է` հայոց հողում, ա՛յս հողից է սնունդ առնում ու դեպի ա՛յս հողն է տենչում հայի տեսակը:

«Հայերն այսօր»-ի զրուցակիցը դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանն է:

– Ձեր առաջին երաժշտական հիշողությունը, առաջին ուսուցիչը, առաջին քայլերը երաժշտական աշխարհում:

– Դաշնամուրը մանկուց կյանքիս մի մասն է կազմում: Մեր տանը միշտ հնչել է երաժշտությունը: Մայրս`Նոնա Ոսկանյանը, երաժշտագետ է, հայրս` Հովիկ Գրիգորյանը, մասնագիտությամբ՝  ֆիզիկոս, նաև լավ դաշնամուր է նվագում: Իմ առաջին երաժշտական հիշողությունները հենց նրանց հետ են կապված, երբ մայրս ու հայրս չորս ձեռքով Բեթհովենի սիմֆոնիաներն էին նվագում: Ծնողներս պատմում են. շատ փոքր տարիքում (գուցե մեկ կամ երկու տարեկան) մայրս տարել է ինձ  Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ ինքն աշխատում էր: Արքուհի Հարությունյանը, որը հետագայում դարձավ առաջին ուսուցիչս, ձեռքիս նայել է ու ասել, որ դաշնակահարի ձեռքեր են ու դաշնակահար պիտի դառնամ, երբ մեծանամ: Արդեն յոթ տարեկանից դարձա նրա աշակերտուհին:

 Մանկուց սիրել եմ բեմը, այն ամենը, ինչ կապված է բեմի հետ: Տասը տարեկանում մասնակցեցի «Շնորհալիներ-95» փառատոնին, փուլից փուլ անցա ու դարձա առաջին մրցանակակիրը: Այդ տարիքում էր նաև առաջին ելույթս պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ` Լ. Ճգնավորյանի ղեկավարությամբ: Այնուհետև  ընդգրկվեցի «Նոր անուններ» բարեգործական ծրագրի կազմում` Սիլվա Մեքինյանի ղեկավարությամբ: «Նոր անուններ»-ի համերգային շրջագայություններն ու բեմերը կատարողական մեծ դպրոց են ինձ համար:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանի դասարանը, սկսվեց նոր փուլ իմ կյանքում: Հայաստանյան յուրաքանչյուր այցիս հանդիպում եմ ուսուցչիս, հաշվետվության պես մի բան է ինձ համար. նվագում եմ, լսում նրա կարծիքը:

 Արքուհի Հարությունյանի և Սերգեյ Սարաջյանի կարծիքն ու խորհուրդներն առ այսօր  շատ կարևորում եմ:

– Ինչպե՞ս հայտնվեցիք Գերմանիայում, ինչպե՞ս դասավորվեց Ձեր հետագա մասնագիտական կատարելագործումն  ու ստեղծագործական գործունեությունն արտերկրում:  

– Դեռ Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ընդունվեցի Ռոստոկի կոնսերվատորիան` Մաթիաս Կիրշներայթի դասարանը: Սկզբում չէի կարող պատկերացնել, որ ամուր կապերով կապվելու եմ այս քաղաքի հետ: Զուգահեռ շարունակում էի ուսումը Հայաստանում: Հաջորդաբար ավարտեցի Երևանի, այնուհետև Ռոստոկի կոնսերվատորիաները: Արդեն մի քանի տարի է՝ Կիրշներայթի ասիստենտն եմ: Ինձ համար շատ հետաքրքիր ու պատասխանատու աշխատանք է:

 Կյանքումս երջանիկ պատահականությունները շատ են, դրանցից է հանդիպումը Մարիա Ժոաո Պիրեսին:

Բեռլինյան մի ելույթից հետո հրավեր ստացա Ելիզավետա Թագուհու երաժշտական ակադեմիայից (Բելգիա): Կատարելագործվեցի Մարիա Ժոաո Պիրեսի դասարանում, այսօր արդեն համագործակցում եմ  նրա  հետ:

 Մարիան հեղաշրջում կատարեց իմ կյանքում, թե՛ որպես մեծ դաշնակահար, թե՛ որպես մարդ: Նրա փիլիսոփայությունը, նվիրվածությունն արվեստին, բեմին, սերը դեպի բնությունն ու այդ սերը մարդկանց հետ կիսելու պատրաստակամությունն օրինակ են ինձ համար: Ես երջանիկ եմ, որ նրան ուսանելու, նրա հետ աշխատելու հնարավորություն ունեցա:

 Տարիների ընթացքում Մարիայի և նրա մի քանի նախկին ուսանողների հետ միասին հիմնեցինք «Պարտիտուրա»  ասոցիացիան: Ասոցիացիայի նպատակներից են. գտնել ոչ ավանդական համերգային սրահներ` երաժիշտ-ունկնդիր շփումը դնելով նոր հարթության վրա, համագործակցել այլ երաժիշտ-կատարողների հետ, միավորել աշխարհը երաժշտության միջոցով ու երաժշտության շնորհիվ: Իրականացնում ենք սոցիալական ծրագիր`այս ծրագրի շրջանակներում համերգներ ենք կազմակերպել անգամ բանտերում: Մարիան կիսում է բեմը մեզ հետ, դա էլ իր մեջ ունի խոր իմաստ`միավորում է տարբեր սերունդների երաժիշտներին: Անցկացնում ենք վարպետության դասեր (workshop), որոնց ընթացքում միասին փորձում ենք երաժշտական լուծումներ գտնել:

– Մենահամերգներ եք ունեցել աշխարհի քսանյոթ երկրում, որպես մենակատար՝ հանդես եք եկել աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Վարսովայի սիմֆոնիկ նվագախումբը, Գուլբենկյան նվագախումբը, Լիեժի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Լեհական կամերային ֆիլհարմոնիկ և Վալոնայի թագավորական կամերային նվագախմբերը: Ա. Խաչատրյանի, Ֆ. Պուլենկի, Վ. դա Մոտտայի , Պադերևսկու անվան  մրցույթների դափնեկիրն եք, պարգևատրվել եք ՀՀ նախագահի մրցանակով: Կա՞ ելույթ, բեմել, որը հատկապես տպավորվել է ու կառանձնացնեք:

 – Տպավորիչ էր այս տարի Մարիա Ժոաո Պիրեսի հետ համատեղ ելույթը Զալցբուրգի «Մոցարտեում» հիմնադրամի դահլիճում: Համերգը սկսեցինք և ավարտեցինք Մոցարտի չորս ձեռքի համար գրված երկու սոնատով: «Մոցարտեում»-ի պատմության ընթացքում փոքր Դո մաժոր սոնատի առաջին կատարողը մենք էինք: Այդ սոնատը նվագեցինք պատմական գործիքի վրա:

Կարևորում եմ Վերբիեր փառատոնին մասնակցությունս, որտեղ ստացա դաշնամուրային մրցանակ, մի քանի տարի անց ինձ հրավիրեցին կոորդինացնելու դաշնամուրային դասարանը` նույն փառատոնի շրջանակներում: Հետաքրքիր էր տեսնել երաժշտական աշխարհի կազմակեպչական կողմն ու լինել ակադեմիայի մի մասը:

– Շատ շրջագայում եք, պարբերաբար լինում եք նաև Հայաստանում: Ի՞նչն է Ձեզ ուրախացնում, կամ հակառակը` անհանգստացնում այսօր Հայաստանի երաժշտական առօրյայում: Ի՞նչ զգացողություններ ունեք, երբ ելույթ եք ունենում հայաստանյան ունկնդրի առաջ:

– Հուզվում եմ ամեն անգամ, երևի ամենաբարդ բեմը հայաստանյան բեմն է, մեծ պատասխանատվություն է: Ուրախացնում է, որ դահլիճները լիքն են, որ կան տարբեր փառատոներ, անհատներ, որոնք հարթակ են տրամադրում դասական երաժշտությանը, նաև դրսում ապրող հայ երաժիշտները հնարավորություն են ստանում ելույթ ունենալու հայաստանյան բեմերում: Ինքս մասնակցել եմ «Վերադարձի» փառատոնին`  Մարիամ Շահինյանի հրավերով, Ա. Խաչատրյան միջազգային փառատոնին, Արմենիա միջազգային երաժշտական փառատոնին՝ Սերգեյ Սմբատյանի հրավերով:

Ափսոսում եմ, որ չունենք լավ գործիքներ մեր համերգասրահներում: Հուսով եմ` լուծումներ կգտնվեն ու մեր դաշնակահարները հնարավորություն կստանան նվագել լավ գործիքի վրա:

– Երկու երաժիշտ մի ընտանիքում, ինչպե՞ս են անդրադառնում մասնագիտական հարաբերությունները մայր-դուստր հարաբերությունների վրա:

– Մայրս միշտ կողքիս է, բայց երբևէ չի փորձել իմ փոխարեն որոշումներ կայացնել: Իմ ցանկությունն ու իմ ընտրությունն է բեմում լինելը: Շնորհակալ եմ նրան, նաև իր տված մասնագիտական գիտելիքների համար, քանի որ տեսական գիտելիքները, որ ունեմ` նրա շնորհիվ է: Գիտեմ, որ ծնողներս ուրախ են ու հպարտ իմ հաջողություններով:

– Չնայած երտասարդ տարիքին, ելույթ եք ունեցել աշխարհի լավագույն բեմերում. Բեռլինի համերգասրահ, Համբուրգի էլբ ֆիլհարմոնիա և Լայից սրահ, Էսսենի ֆիլհարմոնիա, Ամստերդամի կոնցերտգեբաուն: Այս ամենը պահանջում է հսկայական աշխատանք, կամքի ուժ, աշխատասիրություն: Ո՞րն է Լիլիթ Գրիգորյան դաշնակահարուհու հաջորդ քայլը, ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ապագայում:

– Ունեմ երեք ձայնասկավառակ`մեկ սոլո ալբոմ, երկուսը՝ կամերային երաժշտություն: Ձմռանը պատրաստվում եմ ձայնագրել երկրորդ սոլո ալբոմը: Մոտակա ծրագրերից կառանձնացնեի մարտ ամսին կայանալիք մենահամերգը Էլբ ֆիլհարմոնիայում, ամռանը` Ռոստոկում, Մեքլենբուրգ-Ֆորփոմերն փառատոնի շրջանակներում` Բրամսի առաջին կոնցերտի կատարումը:

– Արդյո՞ք մնում է ազատ ժամանակ անձնականի համար, ինչպե՞ս եք տնօրինում Ձեր ազատ ժամանակը կամ հանգիստը: Երեք գործոն, որոնց առկայությունը Ձեզ տալիս է երջանկության զգացողություն:

– Ազատ ժամանակ քիչ է մնում, իհարկե: Ամեն անգամ, երբ ծնողներիս զանգահարում եմ` այս կամ այն  օդանավակայանից է: Հավասարակշռությունն աշխատում եմ պահպանել, այնուամենայնիվ, և նա՛և հանգստանալ: Շատ շփվող եմ, հակառակ դաշնակահարների մասին տարածված կարծիքի, որ սովորաբար փակ են ու ինքնամփոփ:

 Սրտումս իմ ընտանիքն է,  հնավորության դեպքում` երեկոն ընկերներիս հետ, մի գավաթ գինով, իսկ ճանապարհին` լավ գիրքը:

Հ.Գ. Մադրիդ – Ռոստոկ հեռախոսակապն ավարտված է, սենյակս լցվել է յուրահատուկ ջերմությամբ… հայաստանոտ է:

Զրուցեց Աղավնի Գրիգորյանը

Scroll Up