Բեռլինահայերը տոնեցին ՀՀ անկախության 19-րդ տարելիցը

Անցյալ շաբաթ ամբողջ աշխարհում հայերը տոնեցին կարեւոր ազգային տոն` ՀՀ անկախ պետականության 19-րդ տարելիցը: Միանալով այս օրերին սփյուռքահայ այլ համայնքներում իրականացվող արարողություններին, գերմանահայությունը եւս հիշատակեց այդ օրը:

Սեպտեմբերի 25-ին Բեռլինի հայ եկեղեցական ու մշակութային միությունը իր հերթին նախաձեռնել էր միջոցառում նվիրված ՀՀ անկախության 19-րդ տարելիցին: Ներկաների թվում էին համայնքայիններ, մտավորրականներ, ինչպես նաեւ գերմանացիներ: Միջոցառման բացման իր խոսքում համայնքի վարչության նախագահ պարոն Պետրոս Տիկիջյանն ասաց. «Սա նշանակելի օր է, քանզի այս օրվա մեջ ամփոփվում է մեր հայրերի, մեր նախնիների, բազմաթիվ սերունդների երազանքը, որ լինի Հայաստանն այնպիսին, ինչպիսին է իր այսօրվա անկախությամբ, իր պետականությամբ: Հիշելով մեր անմեղ նահատակներին, նրանց հիշատակը ըստ արժանվույն հարգած կլինենք միայն այն դեպքում, եթե պահպանենք ու շենացնենք մեր անկախ հայոց պետականությունը՝ ի դեմս Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների՝ որպես հզորագույն երաշխիք մեր ազգի բարոյական ու ֆիզիկական անվտանգության, մեր ազգային արժեքների անձեռնմխելիության, մեր աշխարհասփյուռ ազգի խաղաղության ու բարօրության:»

Միաժամանակ, նա նշեց, որ այսօր պետությունը կառուցվում է նաեւ սփյուռքահայերի օգնությամբ: Այս առումով մենք պետք է համախմբենք եւ նպատակաուղղենք մեր ամբողջ հայ ժողովրդի ջանքերը ի նպաստ հայ ժողովրդի հույսի, Հայաստանի զարգացման եւ ծաղկման: Միջոցառման ծրագիրը բաղկացած էր երկու մասից:

Միջոցառման առաջին մասում դասախոսությամբ հանդես եկեավ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ պատմաբան Ազատ Օրդուխանյանը: Պարոն Օրդուխանյանը անդրադարձավ 19-20-րդ դարերի հայոց քաղաքական վերելքներին ու վայրէջքներին, պետականության գաղափարական ակունքներին:

Նա ներկայացրեց 19-20-րդ դարերի հայոց պետականության վերականգնման գաղափարական զարգացման փուլերը եւ հասուն գաղափարների կոնկրետ պետական ձեւ ստանալու գործընթացը, նրանց անկման ու նորից ստեղծման բարդ փուլերը: Անդրադարձ կատարվեց 1918-20թթ. ՀՀ ստեղծմանը, դերակատարներին, Հայաստանի բոլշեւիկացմանը, այունուհետեւ 60-80-ական թվականների այլախոհական շարժմանը, ժամանակի հերոսներին եւ հայոց պետականության ներկա դրսեւորումներին: Նրա մեկնաբանմամբ եւ 1918թ., եւ 1991թ. հայոց պետականությունը ծնվեց 7 ամսական երեխայի նման: Բանախոսը շեշտեց. «Դեռեւս մենք ազգովի հասուն չէինք, հասուն էր միայն մտվորական քաղաքական որոշ շերտ:» Պարոն Օրդուխանյանը ՀԽՍՀ-ն ավելի շատ համարեց վարչական միավոր Խորհրդային միության սահմաններում` քան լիարժեք պետական միավոր: Դասախոսությանը հաջորդեց սուր քննարկում եւ եղան գաղափարական բախումներ:

Միջոցառման երկրորդ մասում հանդիսատեսի դատին հանձնվեց վերջերս նկարահանված «Արարատից Եվրոպա» ուումնաճանաչողական, պատմափաստագրական ֆիլմը, որի ցուցադրմանը ներկա էր նաեւ ֆիլմի սցենարի հեղինակ եւ միաժամանակ պրոդյուսեր Արսեն Հակոբյանը: Ֆիլմի համահեղինակն է Գագիկ Գինոսյանը, իսկ ռեժիսորը` Արտակ Ավդալյանը: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանում, Վրաստանում, Բելգիայում,Հոլանդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

Այն նկարահանվել է ՀՀ նախագահի տիկնոջ` Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության Հայկ կինոստւդիայի հետ համատեղ: Ֆիլմի հովանավորն է «Անուր» ՍՊԸ ընկերությունը:

Այս ֆիլմը մի փորձ է բացահայտելու թե ինչպիսին է ի վերջո հայկական հետքը, որ տարածվեց Արարատից Եվրոպա:

Դարեր շարունակ հայերը աշխարհով մեկ քրիստոնեության տարածման առաջամարտիկնեն են եղել եւ սրբացվել` եվրոպական տարբեր ժողովուրդների կողմից: Սակայն սա հայ հոգեւոր եւ մշակութային միակ հետքը չէ Եվրոպայում: Սկսած 5-րդ դարից հայ եկեղեցաշինությունը անջնջելի հետք է թողել եվրոպական եկեղեցական ճարտաարապետության վրա: Բազմաթիվ փաստերի միջոցով ֆիլմը փորձում է բացետրել եվրոպական եկեղեցաշինության հայկական դիմագծի ակնհայտությունը` միջնորդավորված Լեոնարդո դա Վինչիով:

Ֆիլմը արժանացավ ներկաների բարձր համակրանքին:

Այն արդեն ներկայացել է Ֆրանկֆուրտի, Քյոլնի, Հոլանդիայի, Ֆրանսիայի Իսպանիայի հայկական համայնքների ուշադրությանը, մասնակցել է նաեւ Անտվերպենի հայ մշակութային փառատոնին:

Ֆինանասական աջակցության դեպքում այս մեկ ժամ տեւողությամբ արժեքավոր ֆիլմը կթարգմանվի նաեւ այլ լեզուներով եւ կհեռարձակվի այլ երկրների հեռուստատեսությունների կողմից: Այն կունենա շարունակաան բնույթ, կնդգրկի հայ-եվրոպական կապերի բազմաթիվ բնագավառներ:

«Արարատից Եվրոպա» ֆիլմը կշարունակվի ցուցադրվել Գերմանիայի այլ հայաշատ քաղաքներում:

Բեռլինում «Հայերն այսօր»-ի թղթակից Աննա Շավինյան Բեռլին

Scroll Up