Դամասկոսում և Երևանում կանցկացվեն Սիրիայի և Հայաստանի արդյունաբերական և զբոսաշրջային շաբաթներ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությանը նախօրեին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Սամեր Խալիլը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են գործնական մի շարք քայլեր երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում տնտեսական փոխգործակցությունն աշխուժացնելու նպատակով, ինչպես նաև մտքեր են փոխանակել Սիրիայի վերականգնման ծրագրերում Հայաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու նախարարություներում ստեղծել մասնագիտացված խմբեր, որոնք կաշխատեն ծրագրերի նախագծման վրա: Արդյունավետ առևտրատնտեսական գործակցությանը նպաստելու համար կողմերը համաձայնել են փոխանակել ապրանքների և արտադրանքի ցուցակները, որոնք առավել մեծ պահանջարկ ունեն երկու երկրների սպառողական շուկաներում: Կողմերը նաև պայմանավորվել են Դամասկոսում և Երևանում անցկացնել Սիրիայի և Հայաստանի արդյունաբերական և զբոսաշրջային շաբաթներ:

ՀՀ պատվիրակությունը հանդիպել է նաև Սիրիայի Արաբական Հանրապետության զբոսաշրջության նախարար Բուշր Յազջիի հետ: Հանդիպմանը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում երկու երկրների համագործակցությունն աշխուժացնելու հնարավորությունները:

Նախարար Յազջին նշել է, որ չնայած ահաբեկչական պատերազմի հետևանքով զբոսաշրջության անկմանը՝ Սիրիան ակտիվ աշխատանքներ է իրականացնում ոլորտի վերականգնման ուղղությամբ և ակնկալում է բարեկամ երկրների, հատկապես Հայաստանի հետ տուրիստական փոխայցելությունների աշխուժացում: Կողմերը համակարծիք էին, որ զբոսաշրջության ոլորտը զարգացնեու համար առկա են բարենպաստ նախապայմաններ, մասնավորապես՝ ընթացիկ տարվա հունիսի 28-ից գոծող Դամասկոս-Երևան չվերթը:

Ընդլայնված կազմով ՀՀ և ՍԱՀ պատվիրակությունների նիստում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ինչպես նաև ուրվագծել այդ բնագավառում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Նիստի ընթացքում ՀՀ պատվիրակությանը ցուցադրվել են Սիրիայի զբոսաշրջության շրջանների մասին կարճ տեսահոլովակներ:

Scroll Up