Շաքե Մանգասարյանը՝ ռադիո «Այգ»-ի խոսուն  այգաբացների  պահապան

ՀՀ սփյուռքի նախարարությունը մշտապես իր ուշադրության ու հոգատարության կենտրոնում է պահում  օտար ափերում ազգանպաստ գործունեություն ծավալող մեր հայրենակիցներին. նրանցից մեկին՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Այգ» առցանց ռադիոկայանի հիմնադիր-ղեկավար Շաքե Մանգասարյանին ՀՀ սփյուռքի նախարարը վերջերս  պարգևատրեց «Մայրենիի դեսպան» մեդալով: Արժանավոր հայուհու հետ ինձ հնարավորություն ընձեռվեց  զրուցելու «Հայերն այսօր»-ի համար. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում  այդ հարցազրույցը:

 -Սիրելի՛ Շաքե, Դուք շատ հաճախ եք լինում Հայրենիքում, ուր երբեք հյուր չեք զգացել Ձեզ. Դուք մասնակցեցիք Հայաստան–Սփյուռք  համահայկական  6-րդ համաժողովին: Խոսենք համագումարից ունեցած Ձեր տպավորությունների և ակնկալիքների  մասին. հավատու՞մ եք, որ համագումարին կհետևեն գործնական, արդյունավետ քայլեր:

-Ես մասնակցել եմ երեք համաժողովների. ամեն մի համագումար  հաջորդող  աշխատանքների սկիզբն է: Բնականաբար, անմիջապես չեն կարող շոշափելի արդյունքներ գրանցվել: Նախորդ համաժողովների ընթացքում դարձյալ զանազան հարցեր են  բարձրացվել, և ես նկատում եմ, որ ինչ-ինչ աշխատանքներ, քայլեր արդեն արվել են, առաջընթաց կա: Հուսով եմ, որ այս համաժողովի արդյունքները ևս  գոհացուցիչ կլինեն: Ասեմ, որ համաժողովը շատ բարձր մակարդակով էր կազմակերպված. կարծես հազարավոր զինվորներ էին այդ ամենը կազմակերպել, կարգավորել: Շատ կարևոր է այս համաժողովի հայահավաք նշանակությունը. այն միասնականության խոսուն վկա եղավ: Համաժողովը նաև համագործակցության հրաշալի հարթակ ստեղծեց. շփումներ ունեցանք տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցների հետ, կապեր ստեղծեցինք: Առհասարակ, հայահավաք նշանակությամբ բոլոր համաժողովները՝ գրողների, ճարտարապետների, սրտաբանների, ոսկերիչների, իրավաբանների…բոլո՛րն էլ համահայկական միասնականության զորությունն ունեն. հե՛նց այդ ժամանակ է, որ աշխարհի նշանավոր հայ մասնագետները ճանաչում են մեկը մյուսին:  Սրանք թևեր առնելու, տարածվելու հրաշալի միջոց են. ես սա ասում եմ իմ անունից՝ իբրև ռադիոկայանի ղեկավար:

-Ու՞մ  ելույթն  էր  Ձեզ  համար  ամենատպավորիչը:

-Դժվար էպատասխանել այդ հարցին, սակայն, միանշանակ, փայլուն էր Կարո Փայլանի ելույթը: Կային, անշուշտ, զանազան թեմաներով շատ լավ ելույթներ:   Տարբեր խնդիրներ էին արծարծվում: Բարձրացված բոլոր հարցերն էլ շատ կարևոր էին, կենսական և պահանջում են մեծ ու հետևողական աշխատանք, մանավանդ՝ Սփյուռքում հային հայ պահելու հարցը: Ո՞րն էր ամենատպավորիչ ելույթը…Գուցե նույն թեմաների շուրջ լսելը և կարդալը ամենօրյա մամուլի էջերում. մասնակիցը պետք է ցանկանար լսել տեսակետների մասին, որոնց շուրջ խորհելը կամ կիսվելն առավել ևս արդյունավետ է: Կարծում եմ՝ ելույթները պետք է ներկայացվեն թվարկված՝ 1, 2, 3 և գլխավոր առաջադրանքներով ու լուծումներով, այսինքն ՝ զեկուցողը ներկայացնում է հարցը, ընդհանուր խորագիրը, այնուհետև համառոտ կերպով ընդգծում է տվյալ հարցի ներկա դրույթը, հետո, որպես բանալի, տրվում են առաջադրանքներ և լուծումներ: Նման բանաձևերը հեշտացնում են փոխքննարկումները և մասնագետների մասնակցությունը, ներգրավումը տվյալ հարցին: Ես պետք է առաջարկեի, որ զեկուցող մասնակիցներին ուղարկվի «հարցարանի» նման կաղապար, որտեղ ընդգրկված կլինեն  թեման, խնդիրը, առաջարկներն  ու  հնարավոր լուծումները:

Շաքե՛, կա՞ որևէ  հարց, որևէ խնդիր,  որին  կցանկանաք անդրադարձ արվի հաջորդ համաժողովի  ընթացքում:

-Այո՛, կուզեմ, որ արևմտահայերենի հարցին ավելի մեծ ուշադրություն դարձվի. կարևոր է, որ  տեղեկատվական փաստերը գրառվեն նաև արևմտահայերենով, որ հայաստանյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների շարքերում տեղ գտնեն արևմտահայերենով հաղորդումներ, դպրոցներում ուսուցանվի արևմտահայերենը, տպագիր մամուլը, էլեկտրոնային պարբերականներն անպայման ունենան արևմտահայերենով գրված նյութեր, որ չօտարվի  մեր դասական հայերենը, որ  չկորցնենք այդ չքնաղ լեզուն: Ես ինքս արդեն ՀՀ հանրային ռադիոյով արևմտահայերենի հաղորդումներ եմ վարում:

Դուք   յոթ  տարի  շարունակ  անձնվիրաբար,  սեփական միջոցներով  աշխատում եք «Այգ»  ռադիոկայանում. ասացեք,  խնդրեմ,  ի՞նչ  նորություններ  ունեք «Այգ»-ի  ծրագրերում:

– Յոթ տարեկան է «Այգ»-ը. այն այսօր Սփյուռքում գործող վիթխարի ռադիոկայաններից մեկն է: Ես հետևողական եղա, կապեր հաստատեցի Հայաստանի հանրային ռադիոյի հետ և սիրով համագործակցում ենք: Իմ համագործակցության մշտական ու շատ սիրելի օղակը  նաև ՀՀ սփյուռքի նախարարությունն է: Փակագծերը բացեմ և ուրախությամբ   ասեմ, որ շուտով պետք է համագործակցենք Վատիկանի ռադիոյի հետ. զրուցել եմ պարոն Կարեն Հալաջյանի հետ, համագործակցության հիմքը գցված է,  ապագայում  կունենանք նաև նոր հաղորդաշարեր, գնալով պետք է  տարածվի ու ընդլայնվի մեր գործակցությունը: Հայաստանի հանրային ռադիոյի «Կամուրջ» հաղորդաշարն ունի Սփյուռքի ձայն, որի միջոցով կապի մեջ ենք Սփյուռքի մյուս ռադիոկայանների հետ: Մեր հաստատած կապերի շնորհիվ մեր դիմատետրի էջերում լուսաբանում ենք Միջին Արևելքի, հատկապես՝ Սիրիայի, Հայաստանի և միջազգային լուրերը՝ մասնավորապես համագործակցելով արևմտահայերենով լրատվական դաշտերի հետ, որոնցից լուրեր ենք ստանում մեր էլեկտրոնային նամակների միջոցով: Կապեր ունենք Ֆրանսիայի «Նոր յառաջ»-ի, Պոլսի «Ժամանակ»-ի, Հունաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների լրատվամիջոցների հետ: Այսպես ասած՝ լուսարձակի տակ ենք դնում նաև արևմտահայերենով հրատարակվող մամուլի կայքերը, օրինակ՝ Հալեպի  «Գանձասար»-ը, Լիբանանի «Ազդակ»-ը, «Զարթոնք»-ը  և «էրեբունի-անկախ Հայաստան լրատու»-ն, Հայաստանից՝ «Եռագույն»-ը, Հունաստանից՝ «Ազատ օր»-ը, Միացյալ Նահանգներից՝ «Ասպարեզ»-ը, «Հորիզոն»-ը, «Հայրենիք»-ը: Արևելեհայերենով մամուլը նույնպես հատուկ տեղ ունի մեր դիմատետրում, օրինակ՝ Իրանի «Ալիք»-ը,   ՌԴ-ից Մոսկվա քաղաքի «Դեպի Արարատ»-ը և հայաստանյան առաջնակարգ մամուլի էջերը: Արցախի լրատվական հաղորդումները  մեր ամենօրյա եթերով վերահեռարձակվում են. ուղիղ մեկ տարի է, ինչ մենք Արցախի  լուրերի  «Օր» լրատվական հիմնական հաղորդումն ու Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի  «Ճշմարիտ ճանապարհ» հոգևոր հաղորդումն ենք  հեռարձակում:

Խոսենք նաև ռադիո «Այգ»-ի երաժշտական հաղորդումների մասին. ի՞նչ երաժշտություն է իր ունկնդիրներին  մատուցում  Ձեր ռադիոկայանը:

-Բարձրաճաշակ երաժշտություն՝ հայկական ժողովրդական-գուսանական երգ ու երաժշտություն, ազգագրական, էստրադային, դասական, համաշխարհային երաժշտության լավագույն կատարումները: Մենք հսկայական, հարուստ ձայնադարան ունենք:

Սիրելի՛  հայրենակցուհի, Ձեր  նվիրումով ու հետևողական աշխատանքով հանդերձ՝ ու՞մ  եք  պարտական  24  ժամ  հեռարձակվող «Այգ»ի անխափան աշխատանքի ու անսպառ  ձայնի համար:

-Անկեղծորե՛ն  պետք է ասեմ՝ կյանքիս ընկերոջը, քանի որ ի՛նքն է իմ հենարանը, ինձ ոգևորողը, ֆինանսավորողը. եթե ինքը չհավատա հայության, հայ ազգի մեծ ներուժին, մշակութային ու հոգևոր մեծ ժառանգությանը, ապա այդպիսի նվիրում ու աջակցություն չի ունենա իմ գործում:

Դուք   Ձեր   կյանքի   ընկերոջն եք պարտական, մենք էլ՝ Ձեզ, որ այրող անապատների երկրում   կարողանում  եք  հնչեցնել հայկական ռադիոյի ձայնը. մաղթում եմ, որ «Այգ»ի բոլոր այգաբացները  միշտ  լուսավոր ու տպավորիչ լինեն, ապրեն հայերե՛ն, բացվեն  հայերե՛ն:  Թո՛ղ «Մայրենիի դեսպան»ի պատվավոր մեդալը Ձեզ նոր ուժ ու անսահման եռանդ պարգևի, բազմապատկի  հայապահպանման գործում  ներդրած  Ձեր նվիրումը:

Ահա   այսպես   ավարտվեց   իմ   զրույցը  նրբատեսք, փոքրամարմին, սակայն Հայոց լեռներից կորով առած,  Հայրենիքից  ուժ  ստացած  այս զորավոր, հայրենասեր  հայուհու՝ Շաքե ՄանգասարյանԳրոգանի հետ:

Կարինե  Ավագյան

Scroll Up