Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը Լոս Անջելեսում կայացած կինոփառատոնի դափնեկիր

Ջո Բերլինգերի Հայոց ցեղասպանության մասին «Ոչնչացնելու մտադրություն» («Destroy to Destroy») ֆիլմը Լոս Անջելեսում կայացած կինոփառատոնի դափնեկիր է դարձել։ Այս մասին հայտնում է Deadline կայքը:

Վավերագրական լիամետրաժ ֆիլմը հիմնված է Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հետազոտման վրա և ուղղված է Հայոց ցեղասպանությունը ժխտող քաղաքականության դեմ։ Ֆիլմը վարձույթի կհանվի նոյեմբերի 10-ին Նյու Յորքում կայանալիք «Թրայբեք» միջազգային կինոփառատոնի շրջանակում:

«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը պատմում է 102 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի, ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների մասին, որոնք պայքարում են, որ ԱՄՆ-ն ու մյուս երկրները ճանաչեն հայերի դեմ իրականացված ոճրագործությունը։ Ֆիլմում Բերլինգերը զրուցում է պատմաբանների, գիտնականների ու հայտնի կինեմատոգրաֆիստների հետ։ Ռեժիսորն ընդգծում է` Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացվող նոր հանցագործություններ ծնեց։

«Այս գործընթացի մի մասնիկը լինելը մեծ առավելություն է։ Մենք երկար ու համառ աշխատանք կտանենք, որպեսզի աշխարհին պատմենք անցյալում տեղի ունեցածի մասին, որպեսզի 1915 թվականի դեպքերի մասին իմանան աշխարհի բոլոր անկյուններում»,- armeniasputnik.am-ի փոխանցմամբ՝ ասել է Abramorama-ի նախագահ Ռիչարդ Աբրամովիչը, որը նույնպես մասնակցել է կինոնկարի ստեղծման աշխատանքներին։

Սերժ Թանկյանն ավելի վաղ Instagram-ի իր էջում հրապարակել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմի թրեյլերը։ «Դիտեք Emmy-ի և Oscar-ի առաջադրված ռեժիսոր Ջո Բերլինգերի նկարահանած «Intent to Destroy: Death, Denial & Depiction» ֆիլմի թրեյլերը։ Կարելի է ասել` ամենաուժեղ ֆիլմերից մեկն է, որ ես տեսել եմ վերջին շրջանում»,- ասել էր նա։ Թանկյանը նշել էր, որ իրեն է տրվել ֆիլմի երաժշտությունը գրելու պատիվը։

Պրեմիերայից հետո ֆիլմը կքննարկվի Թանկյանի, «Խոստում» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի, Ջո Բերլինգերի և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի մասնակցությամբ:

Scroll Up