ՄԵԾ ՊԱՀՔ. «ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ»

«Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք` օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:  (Մատթ. ԻԳ 39)

Մարգարեի ավետիսով
Փրկվածներս արյամբ Քո
Ցնծում ենք իբրև ծառ անտառի,
Գալուստովդ, Տե´ր, վերստին.
Շնորհի´ր մեզ սրբերիդ`
Քեզնից տնկված ծառերի հետ,
Այժմ հույսով ուրախանալ,
Իսկ Երկրորդին Քեզ հետ ցնծալ:
(հատված Գալստյան կիրակիին նվիրված շարականից, Բ պատկեր)Մեծ պահքի Զ (6-րդ) կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Այս կիրակիով ըստ էության եզրափակվում է Մեծ պահոց կիրակիների այն ոսկե շղթան, որին «Հայերն այսօրը» պարբերաբար անդրադարձավ նախընթաց կիրակիներին` Բուն բարեկենդանից սկսած: Այս շղթայի վերջին «օղակի» համար հազիվ թե ավելի պատշաճ ու խորիմաստ անուն հնարավոր լիներ երևակայել, քան հենց Գալստյանը: «Կիրակիի խորհուրդը մեծանում և համապարփակ նշանակություն է ստանում նրանով,- ասում է Շնորհք պատրիարք Գալուստյանը, – որ այն նվիրված է Հիսուսի ոչ միայն Երկրորդ, այլ նաև Նրա Առաջին գալստյանը»:

Մեծ պահքի ընթացքում հավատացյալներին տրված առաքինագործությունների` պահքի, հարատև աղոթքի, ապաշխարության և բարի գործերի շարքին առիթ է ընծայվում նաև մտածել փրկագործության խորհրդի մասին:

«Քրիստոսն աշխարհ եկավ` փրկելու համար մարդկությունը. և ուրեմն անհրաժեշտ է, որ մարդիկ գիտակցեն իրենց ընծայված այս պարգևը և հատկապես Գալստյան կիրակի օրը խորհրդածեն Քրիստոսի գալստյան մասին»,- պատգամում է իրանահայոց Թեհրանի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Արտակ արքեպիսկոպոս Մանուկյանը: 

Գալստյան կիրակիի խորհրդին հնարավորինս հաղորդ լինելու նպատակով մեր ընթերցողներին  դարձյալ առաջարկում ենք ծաղկաքաղ հատվածներ Շնորհք պատրիարք Գալուստյանի «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան» աշխատության` այս անգամ Գալստյան կիրակիին նվիրված գլխից:

Առաջին  Գալուստը

Մեծ պահքի վերջին այս կիրակին «Գալստյան» կոչելով` Եկեղեցին նախ հիշեցնում է Փրկչի Առաջին Գալուստը, այսինքն` մարդեղությունը` հավատացյալների մտքում թարմացնելու համար ավետարանական այն հիմնական ճշմարտությունը, թե մարդու վերականգնումը հնարավոր եղավ Քրիստոսի Առաջին Գալստյամբ, երբ Նա զանազան տնօրինություններ կատարեց, որոնցով մարդու հոգու փրկության կարելիությունը ստեղծվեց:

Հիսուսի Առաջին Գալուստը կատարվեց իբրև Սբ. Գրքում խոստացված Մեսիայի հայտնություն… Այս ճշմարտությունը Հիսուսն Իր քարոզության սկզբնական շրջանում քողարկված պահեց, բայց վերջին շրջանում հարկավոր նկատեց խոսքով բացահայտել թե´ աշակերտներին և թե´ հրեա հանրությանը:

Մի օր Հիսուսը հարցրեց հրեաների կրոնական առաջնորդներին.
-Ի՞նչ է ձեր կարծիքը Մեսիայի մասին, ու՞մ  որդին է:
Հարցը դյուրին էր, և գրեթե բոլորն անգիր գիտեին, ուստի պատասխանեցին.
-Դավթի:
-Սակայն ինչպե՞ս է, որ Դավիթը, Աստծո Հոգուց ներշնչված, Նրան հետևյալ սաղմոսում «Տեր» է կոչում. «Տերն իմ Տիրոջը (Մեսիային) ասաց. նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին ոտքերիդ համար պատվանդան դարձնեմ»: Եթե Դավիթը Նրան Տեր է կոչում,- շարունակեց Հիսուսը,- ինչպե՞ս կարող է Նա նրա որդին լինել:

Բոլորը մնացին պապանձված: Այդ ժամանակ Հիսուսը բացեց Իր` բառացիորեն «օրհնյալ բերանը» և «վայերի» մի տեղատարափով «լվաց» փարիսեցիների ու դպիրների դասակարգը` դուրս բերելով նրանց ներքին քարացած տգիտությունն ու կեղծավորությունը: Իր այս տիրական մտրակահարությամբ Հիսուսը հաստատեց Իր` ո´վ  և ինչու´  աշխարհ եկած լինելը: Եկել էր ոչ միայն մարդկանց փրկարար ապաշխարանքի կոչելու, ոչ միայն նրանց մտքերն ու սրտերը լուսավորելու, այլ նաև անզիջող, չզղջացող մեղավորներին դատապարտելու: Դրա վառ ապացույցն է ավետարանական հետևյալ դրվագը «Հոգու կուրությունը» խորագրի ներքո. Եւ Յիսուս ասաց. «Դատաստանի համար եկայ այս աշխարհը, որպէսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, եւ ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Յիսուսի հետ էին, այդ լսեցին ու Նրան ասացին. «Միթէ մե՞նք էլ կոյր ենք»: Յիսուս նրանց ասաց. «Եթէ կոյր լինէիք, դուք մեղք չէիք ունենայ, բայց հիմա ասում էք, թէ` տեսնում ենք. եւ  ձեր մեղքը ձեր մէջ հաստատ է մնում» (Հովհ. Թ 39-41):

Օրվա ավետարանական հատվածի միայն վերջին նախադասությունը կարելի է Քրիստոսի Երկրորդ Գալստյան ակնարկ նկատել. «Ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք` օրհնեալ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

Երկրորդ  Գալուստը

Որ քրիստոնեական Եկեղեցին հավատում է Քրիստոսի Երկրորդ Գալստյանը, այս մասին, նախ, տարակույսի ոչ մի նշույլ չի թողնված Ավետարաններում, ուր երկար հատվածներ կան, որոնցում պատկերավոր ձևով նկարագրվում է, թե ինչ հանգամանքներում պետք է տեղի ունենա այդ Գալուստը: Երկրորդ` Պողոսի և մյուս առաքյալների Թղթերը լի են այս մասին ակնարկներով, ուսուցումներով և հորդորներով: Վերջապես` այս հավատքը Եկեղեցին մտցրել է իր Հավատո հանգանակ. «Գալոց է նովին մարմնովն եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս» (Գալու է նույն մարմնով և Հոր փառքով`դատելու ողջերին և մեռյալներին):

Նախնի Եկեղեցին հավատում էր, որ Հիսուսի Երկրորդ Գալուստը շատ չպիտի ուշանա: Մինչև իսկ աշակերտներն այնպես կարծեցին, որ Հիսուսի Երկրորդ Գալուստը Նրա Հարությամբ արդենիսկ տեղի է ունեցել, ուստի հարցրեցին Հարուցյալին, երբ Նա տակավին իրենց հետ էր. «Տէ´ր, այս ժամանակու՞մ է, որ վերահաստատելու ես Իսրայէլի թագաւորութիւնը»: Հիսուսի պատասխանը ոչ միայն Նրան շրջապատող առաքյալների համար էր, այլ նաև բոլոր ժամանակների բոլոր քրիստոնյա սերունդների համար. «Ձեզ տրուած չէ իմանալ այն ժամերը եւ ժամանակները, որ Հայրը հաստատեց Իր իշխանութեան մէջ. այլ, երբ Սուրբ Հոգին իջնի ձեր վրայ, զօրութիւն պիտի առնէք եւ ինձ վկաներ պիտի լինէք Երուսաղէմում, ամբողջ Հրէաստանում ու Սամարիայում եւ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք. Ա 6-8):  Նույն գաղափարը Հիսուսը հայտնել էր նաև Իր երկրային կյանքի ընթացքում: Ակնարկելով Իր վերստին Գալուստը` ասել էր.

«Այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո´չ երկնքի հրեշտակները, ո´չ էլ մարդու Որդին (ակնարկելով Իրեն), այլ միայն Հայրը»:

Հակառակ այս հստակ հայտնությանը` բոլոր դարերում և բոլոր ժամանակներում գտնվել են մարդիկ և քրիստոնեական խմբակներ, որոնք «ճշտել են» Հիսուսի Երկրորդ Գալստյան օրը և թվականը: Օրինակ` փրկչական 1000 թվականն այդպիսի եռուզեռի մի շրջան է եղել, երբ մարդիկ ահավոր անձկության են մատնվել Նրա վերադարձի ակնկալությամբ:
19-րդ դարում մեջտեղ եկան հատկապես «Գալստական» (ադվենտիստ) կոչված աղանդավորները, ովքեր 1840-ական թվականներին տակնուվրա արեցին մարդկանց ներաշխարհը: Մինչև օրս էլ այս մարդկանց արմատը չի չորացել, ովքեր շեշտը դնում են Քրիստոսի Երկրորդ Գալստյան վրա` խղճահար հոգիներին պահելով հոգեկան տագնապի մեջ` շարունակ փողհարելով, թե «մոտ է» Տիրոջ Գալուստը:

Եկեղեցին արդարև հավատում է, թե օրերից մի օր Քրիստոսը «գալոց է նովին մարմնով եւ փառօք Հօր ի դատել զկենդանիս եւ զմեռեալս», այսինքն` պետք է գա և վերջ դնի ներկա կարգուսարքին և պետք է բացի փրկված մարդկության հարուցյալ ու փառավորյալ կյանքի վարագույրը: Սակայն ոչ ոք չի կարող իմանալ Նրա վերստին Գալստյան ստույգ թվականը: Հիսուսը զանազան պատկերներով բացատրում է Իր Գալստյան հանկարծակիությունը: Փայլակի նման կլինի, որը հանկարծ տեսանելի կդառնա երկնքում: Կնմանվի գողի, որի ժամանակը ոչ ոք չի կարող իմանալ: Նաև` հեռու աշխարհ գնացած տանտիրոջ, ով օրերից մի օր հանկարծ վերադառնում է, երբ ոչ ոք չի սպասում նրա վերադարձին…
Այսպիսով` տիեզերքի մեծագույն դրամայի հիշատակումով է փակվում Մեծ պահքի կիրակիների այս` այնքան իմաստալից ոսկե շղթան:

Քրիստոսի Երկրորդ Գալստյամբ բացվում է մի նոր դարաշրջանի` «նոր երկնքի ու նոր երկրի» վարագույրը,ուր Մեծ պահք այլևս չպիտի գոյություն ունենա, ոչ էլ այն ժխտական երևույթները և պատճառները, որոնք անհրաժեշտ դարձրին Մեծ պահքը: Այս նոր միջավայրում ուրախությունը, ցնծությունը և «արդարությունը պիտի բնակվեն»: Եվ նրա բնակիչները «հաղթողները» պիտի լինեն… ( հմմտ. Հայտն. ԻԱ 7 ):

Վարդան վարդապետ  Այգեկցու հորդորը նրա «Աստուծոյ Որդու` երկնքի ամպերով փառաւոր գալստեան, Նրա ահեղ եւ անաչառ Դատաստանի եւ աշխարհի վախճանի մասին» Խրատից(հատված)

Աստուծոյ սիրելինե´ր, Նրա անարատ Արիւնով գնուածնե´ր եւ Նրա աւետեաց ժառանգնե´ր, տեսէ´ք եւ խորհեցէ´ք, որովհետեւ այս ահեղ դատաստանից ու տիեզերական զարմանալի Ատեանից սոսկացին բոլոր սուրբերը եւ խաչ բարձրացրին իրենց անձերը: Ուստի, աղաչում եմ, ըստ մեր կարողութեան ջանանք նաեւ մենք եւ յոյժ փախչենք աշխարհի սիրուց եւ մահուան ու դատաստանի Օրը միշտ պահենք մեր աչքերի առջեւ, ինչպէս նաեւ մեծ ջանքով ու արագութեամբ գործենք բոլոր առաքինութիւնները` ըստ Աստուծոյ կամքի, որպէսզի այստեղ ապրենք խաղաղութեամբ, իսկ հանդերձեալում արժանաւոր լինենք Աստուծոյ անճառելի բարիքներին բոլոր ընտրեալ արդարների երամների հետ, որոնք անդրանիկների դասերն են, մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհներով ու մարդասիրութեամբ, Որին վայել է փառք, պատիւ եւ իշխանութիւն Հօր եւ Սուրբ Հոգու հետ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Պատրաստեց   Հ. Կարապետյանը

Scroll Up