Հայաստանը՝ «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության, INSEAD գործարարության դպրոցի և Քորնել համալսարանի կողմից՝ Նյու Յորքում։

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նորարության ոլորտի առաջատար փորձագետների, ակադեմիական շրջանակների, ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառմանը քննարկվել են նորարարության դերը՝ տնտեսական աճ և կայուն զարգացում խթանելու առումով, 2017թ․ վարկանիշավորման արդյունքներն ու մեթոդաբանությունը։

Հայաստանի օրինակով արձանագրվել է, որ նորարարությունը չի սահմանափակվում տնտեսության ոլորտում աշխարհի առաջատար երկրներով։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ.» վարկանիշավորման համաձայն, Հայաստանն ընդգրկվում է «նորարարական նվաճում արձանագրող» երկրների խմբում, որտեղ ներկայացված է թվով 17 զարգացող երկիր՝ նորարարության արդյունավետության և կատարողականի բարձր ցուցանիշներով։

«Գլոբալ նորարարության ինդեքս» զեկույցը վարկանիշավորում է երկրների տնտեսությունների նորարարական ներուժը։ «Գլոբալ նորարարության ինդեքս 2017թ» վարկանիշը կազմվել է 81 չափորոշիչների հիման վրա՝ 127 երկրների տնտեսությունների համար (աշխարհի բնակչության 92.5%-ը և համաշխարհային ՀՆԱ-ի 97.6%-ը)։

Scroll Up