«Բոլոր հայերի հոգու պարտքն է Արցախի սահմանները պահած ու պահող զինվորներին, նրանց ընտանիքներին օգնելը». Գրիգոր Շագմելյան

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դեռևս անցյալ տարի սկիզբ առած «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժման շրջանակներում Սփյուռքի տարբեր երկրներից շարունակվում են անհատական, համայնքային օգնություններն Արցախին, վիրավոր զինվորներին ու զոհված զինվորների ընտանիքներին, արցախյան գյուղերի կարիքավոր բնակիչներին, դպրոցներին: Այս հայրենանվեր գործում իրենց նշանակալի լուման ունեն նաև ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Նովոմիխայլովկայի հայկական համայնքի անդամները, որի նախագահի՝ Գրիգոր Շագմելյանի, համայնքի ակտիվ անդամ Արթուր Հարությունյանի և նրանց հետ համագործակցող, ղարաբաղյան առաջին գոյամարտի ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» գնդի հիմնադիր-հրամանատար, այսօր՝ Արմավիրի «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի տնօրեն Կորյուն Ղումաշյանի հետ մի հետաքրքիր զրույց ունեցա «Հայերն այսօր»-ի համար: Ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Հարգելի՛ հայրենակից, խնդրում եմ ներկայացնեք «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» շարժման շրջանակներում ձեր համայնքի ունեցած ներդրումը, օգնությունը:

-Դժվար է խոսել այդ մասին, նույնիսկ ամաչում եմ, որովհետև կարծում եմ՝ բոլոր հայերի հոգու պարտքն է Արցախի և, առհասարակ, մեր երկրի սահմանները պահած ու պահող, զոհված ու վիրավոր զինվորների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինվորներին, զինծառայողներին օգնելը: Մենք ամեն կերպ ձգտում ենք օգտակար լինել մեր բանակին, լինել նրա կողքին: Մեր երկրի պաշտպանությունը բոլորիս գործն է: Մենք դեռևս ղարաբաղյան առաջին գոյամարտի տարիներից ենք սկսել մեր գործունեությունը:

-Պարո՛ն Շագմելյան, ի՞նչ միջոցներով եք կազմակերպում դրամական օգնությունը:

-Մեր համայնքի ուժերով. մեր համայնքը խորհուրդ ունի, որի նիստերի ժամանակ քննարկում, որոշում ենք բոլոր հարցերը: Պետք է ասեմ, որ բոլորն այդ գործի համար սիրով են ներդնում իրենց լուման: Հավաքված գումարով շտապ օգնության մեքենա, բժշկական տարբեր պարագաներ, ռենտգեն կաբինետ, դիալիզի սարքավորում են նվիրել Արցախի սահմանները պաշտպանող մեր զինվորներին…Մեր շրջանի բոլոր համայնքները գումար են հավաքել ու հանձնել Կրասնոդարի հայկական համայնքի ղեկավարությանը, իսկ մնացած տեղեկատվությունը նրանցից ենք ստացել. գիտենք, որ բժշկական անհրաժեշտ սարքավորումները, տեխնիկան Երևանում բարձել են մեքենաների մեջ և ուղարկել Արցախ:

-Երբևէ եղե՞լ եք Արցախում:

-Ցավոք, չեմ եղել և շատ եմ ափսոսում. կարծում եմ՝ հեռու չէ այդ ժամանակը: Թեև ես չեմ եղել Արցախում, սակայն ասեմ, որ մեր համայնքի երիտասարդներին ուղարկել ենք Արցախ, եղել են զորամասերում, շփվել զինվորների հետ:

-Ի՞նչ առիթով եք Հայաստանում:

-Շատ լավ առիթով. թոռանս Տուապսեից բերել եմ՝ մկրտելու Սուրբ Էջմիածնում. բնականաբար, կվայելենք հայաստանյան աշունը, մասնակից կդառնանք մայրաքաղաքի տոնակատարությանը: Հանդիպել ենք նաև մեր լավ ընկերոջը՝ Կորյուն Ղումաշյանին՝ մի մարդու, ով, ինչպես արդեն տեղեկացաք, մասնակցել է արցախյան գոյամարտին, հիմնադրել ու ղեկավարել է մի նշանավոր ու հերոսական գունդ: Թվացյալ խաղաղ ժամանակներում էլ նա պայքարի մեջ է. Ղումաշյանը սերտորեն համագործակցում է մեզ հետ, հնարավորինս օգնում բոլոր հարցերում: Մենք անմիջական կապի մեջ ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ: Կորյուն Ղումաշյանն ավելի լավ կներկայացնի մեր աշխատանքները:

-Դե ինչ, պարո՛ն Ղումաշյան, ներկայացրեք, խնդրեմ այն ամենն, ինչի մասին համեստորեն լռեց պարոն Շագմելյանը:

-Այո՛, իրականում նա հրաշալի է կազմակերպում այդ գործը և ամաչում է խոսել այդ մասին: Իմացանք, որ եկել է Երևան՝ մկրտելու թոռանը, հանդիպեցինք Շագմելյանին և ուղեկցեցինք ՀՀ սփյուռքի նախարարություն, ուր դեռևս չէր եղել, որովհետև շատ վաղուց չի եղել նաև Հայաստանում: Նախարարության համապատասխան վարչությունն էլ մեզ ուղղորդեց դեպի «Հայերն այսօր»-ի խմբագրություն: Նրան շատ լավ են ճանաչում ՀՀ Պաշտպանության նախարարությունում, որովհետև Գրիգոր Շագմելյանի ղեկավարած համայնքի ծավալած այսօրինակ գործունեությունն անմիջականորեն կապված է զոհված ու վիրավոր զինվորների, նրանց ընտանիքների հետ: «Նիվա» մակնիշի մարդատար մեքենա էին ուղարկել «Տիգրան Մեծ»-ի «Արամազդ» ջոկատին, մեքենան կանգնած է եղել դիրքերում: Ասեմ, որ այդ մեքենան ակամայից մարդկային կյանքեր է փրկել. տղաները դիրքերից իջնում են ՝ մի 60 մետր հեռավորության վրա գտնվող մեքենան տեսնելու, և հենց այդ ժամանակ արկն ընկնում է տղաների դիրքերի մեջ…Այդ մեքենան հետո փոխարինվել է ավելի մեծ մարդատար մեքենայով, որն ամեն շաբաթ Արմավիրից Արցախում ծառայող տղաների ծնողներին տանում է զորամասեր՝ տեսնելու իրենց զավակներին և ետ է բերում տուն: Անցյալ տարի, Ապրիլյան քառօրյայից հետո, մեր հայրենակիցները եկան և այցելեցին հերոս Արմեն Հովհաննիսյանի տուն, ծանոթացան հերոսի մոր, հարազատների, հետ և նույն օրն էլ որոշում կայացրեցին, որ մեր հերոսների մայրերի հանգիստը կազմակերպեն ծովափնյա քաղաքում: Շատ արագ իրականություն դարձրեցին այդ ծրագիրը, և 13 մայրեր իրենց հանգիստն անցկացրեցին Սև ծովի ափին: Այս տարի ապրիլյան պատերազմի մասնակից 15 հաշմանդամ զինծառայողներ 14 օր իրենց հագիստն անցկացրեցին ծովի ափին՝ Նովոմիխայլովկայում: Գրիգոր Շագմելյանի ղեկավարած համայնքի ջանքերով զինծառայողները հանգստացան ափամերձ մի հյուրանոցում, որի բոլոր ծախսերը, սննդի հարցերը լուծվեցին մեր հայրենակիցների շնորհիվ: Առջևում ուրիշ ծրագրեր կան: Ի դեպ, մեզ հետ այստեղ ներկա երիտասարդը՝ Արթուր Հարությունյանը, ով Միխայլովկայի հայկական համայնքի անդամներից է, այս գործունեության ակտիվ մասնակիցներից է: Նույն մտածելակերպ ունեցող մարդկանցով հավաքվեցինք և շարունակեցինք սկսած գործը. այս մարդիկ 3 տարի արդեն անում էին այդ հայրենանվեր գործը, ես միացա նրանց, ծնվեցին նոր գաղափարներ: Հրաշալի համագործակցություն ստեղծվեց: Իրենց ծավալած գործունեության համար մեր հայրենակիցները պարգևատրվել են շնորհակալագրերով, մեդալներով, թեև նրանք աշխատում են, բարի գործ անում՝ առանց որևէ ակնկալիքի: Մենք որոշել ենք համագործակցության կամուրջներ ստեղծել սփյուռքյան տարբեր համայնքների, կառույցների հետ, որպեսզի ամեն մի համայնք իր միջոցներով ու բարի կամքով թե՛ արցախյան առաջին գոյամարտի, թե՛ Ապրիլյան քառօրյայում վիրավորված, կռված տղաներին, զինծառայողներին ապահովի լավագույն հանգստով. ինչու՞ պետք է միայն օլիգարխների զավակները հանգստանան աշխարհի լավագույն հանգստավայրերում, իսկ սահման պահող ու պահած, կռված տղաներն իրենց կյանքում երբևէ չօգտվեն այդ բարիքներից: Կարծում եմ՝ այս ծրագիրն անպայման տարածում կունենա:

-Պարո՛ն Ղումաշյան, Դուք այնքան հանգամանալից ներկայացրեցիք Նովոմիխայլովկայի հայկական համայնքի և նրա նախագահի գործունեությունը, որ, կարծես թե, հարցերս սպառվեցին, և ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել բոլորիդ, մասնավորապես՝ պարոն Շագմելյանին, Նովոմիխայլովկայի հայկական համայնքին և ցանկալ, որ ապրենք խաղաղ պայմաններում, որ Արցախի չարչրկված հարցն իր վերջնական ու արդարացի լուծումը ստանա խաղաղ բանակցությունների շրջանակում, որ մեր սահմաններից հայ զինվորի զոհվելու կամ վիրավորվելու լուր չառնենք, որ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը դառնա աշխարհի գերհզոր տերություններից մեկը:

Կարինե Ավագյան

Scroll Up