««Հայ դպրոց»-ը հրաշալի առիթ է ընձեռում՝ մասնակցելու հայրենաշինության գործին». Մոնեհ Տեր-Գրիգորյան

ԱՄՆ Գլենդել (Կալիֆորնիա) քաղաքում գործող «Հայ դպրոց» հիմնադրամն իր գործունեությամբ, կատարած աշխատանքով անվերապահորեն Հայաստանի, հայ ժողովրդի կողիքին է: Երկար տարիներ հիմնադրամը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և Արցախի դպրոցներին ու մանկապարտեզներին և նպաստում, որպեսզի հայ երեխաներն առավել հաճույքով դպրոց հաճախեն:

Հիմնադրամի նախագահ Մոնեհ Տեր-Գրիգորյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ներկայացնում է իրենց ծավալած գործունեությունը և կյանքի կոչած ծրագրերը:

-Տիկի՛ն Մոնեհ, «Հայ դպրոց» հիմնադրամի ստեղծումն ի՞նչ նախապատմություն ունի:

   -Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ պարսկահայ բարերար Լևոն Ահարոնյանը, հեռուստատեսությամբ տեղեկանալով Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղամասի թիվ 136 դպրոցի հրդեհվելու մասին, որոշեց հովանավորել վերանորոգման աշխատանքները: Ապա նա նկատել է, որ Հայաստանում անմխիթար վիճակում գտնվող այլ դպրոցներ էլ կան, որոնք նույնպես վերանորոգման կարիք ունեն: Այդ պատճառով դրամահավաքներ կազմակերպելու նպատակով սկսել է շրջել տարբեր երկրներով:

Այսպիսով, 2003 թվականին  հիմնադրվում է Գլենդելի (Կալիֆորնիա) «Հայ դպրոց» ոչ շահույթ հետապնդող հիմնադրամը՝ ձգտելով հարմարավետ և անվտանգ միջավայր ստեղծել՝ դասասենյակային նոր կահույքով, այլ պարագաներով ապահովելով Հայաստանի և Արցախի հեռավոր քաղաքների, սահմանամերձ գյուղերի դպրոցները: Տարիների ընթացքում, բարեբախտաբար, նվիրատուների թիվն աճեց՝ շնորհիվ մեզ վստահող համախոհ ընկերների ու բարեկամների: Համագործակցում ենք նաև հայաստանյան և արտասահմանյան տարբեր կազմակերպությունների հետ:

Հայաստանի բնակչության համար աշխատատեղեր և ռեսուրսներ ստեղծելու համար՝ դպրոցներին տրամադրվող կահույքը Հայաստանում է պատրաստվում: Արտադրամասը Արտաշատում է գտնվում, և շնորհիվ այս նախաձեռնության՝ այսօր շուրջ 12-15 ընտանիք կարողանում է լուծել ապրուստը հոգալու խնդիրը:

Նշեմ նաև, որ սեպտեմբեր ամսին Ստեփանակերտում բացված ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի ամբողջ կահույքը, բացի մահճակալներից, «Հայ դպրոց» հիմնադրամն է տրամադրել:

 -Ի՞նչ կազմով եք աշխատում:

-Մեր թիմն այնքան էլ մեծ չէ, սակայն բոլորս, պատասխանատվության մեծ զգացում ունենալով, քաջ գիտակցում ենք մեր ստանձնած գործի կարևորությունը:

Գլենդելում աշխատակազմը բաղկացած է տասնմեկ հոգուց, իսկ Հայաստանում՝ յոթ, որոնց հետ մշտական կապի մեջ ենք գտնվում:  Տարվա ընթացքում մի քանի շահութաբեր ձեռնարկներ՝ նկարների ցուցահանդեսներ, ամանորյա միջոցառումներ, ճաշկերույթներ կազմակերպելով՝ կարողանում ենք նպաստել դրամահավաքին: Գումարը փոքր-ինչ դժվարությամբ է հավաքվում, բայց մինչև վերջին լուման տրամադրում ենք մեր որդեգրած առաքելությանը:

-Եթե ամփոփելու լինենք տասնչորս տարվա կատարած աշխատանքները, ապա արդյունքն ինչպիսի՞ն կլինի:

-Նախ ասեմ, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում հիմնականում պահում ենք սահմանամերձ գոտիների դպրոցները:

2016 թվականի ընթացքում Տավուշի մարզում դպրոցական  կահույք և անհրաժեշտ այլ պարագաներ ենք տրամադրել 15 դպրոցի, 2017 թվականին  ծրագրում 32 դպրոց ենք ընդգրկել: Եթե ընդհանուր պատկերը ներկայացնեմ, ապա հիմնադրամի խոշոր  նվիրատուների շնորհիվ մինչև օրս մոտավորապես 24,000 երեխաներ 260 դպրոցներում և մանկապարտեզներում նոր, գունագեղ, բազմաֆունկցիոնալ սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, գրապահարաններ, համակարգչային սեղաններ, կախիչներ և ուսուցիչների համար նախատեսած պարագաներ են ստացել:

Նշեմ նաև, որ բոլոր աշխատանքներն ավարտում ենք մինչև սեպտեմբերի 1-ը, որպեսզի երեխաներն առավել բարձր տրամադրությամբ մուտք գործեն նոր ուսումնական տարի:

– Նմանօրինակ նախաձեռնություններից հետո սահմանամերձ շրջանների ու գյուղերի բնակիչների մոտ ի՞նչ ոգևորություն եք նկատում:

-Առաջին այցից արդեն ոգևորությունը նկատելի է: Նրանք հույսով են լցվում, հասկանում են, որ լքված չեն, այլև կարող են իրենց թիկունքում կանգնած մարդկանց ապավինել:

Ամեն անգամ աննկարագրելի զգացողությամբ եմ պարուրվում, հոգեպես ինձ հանգիստ եմ զգում այն մտքից, որ կարողանում ենք սահմանամերձ գոտիներում ապրող հրաշալի, վառվռուն աչքերով երեխաներին ժպիտ պարգևել. չէ՞ որ նրանք են մեր վաղվա ապագան:

 Պետք է միշտ հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրը փոքր աշխատանք կատարելով՝ կարող է նպաստել Հայաստանի զարգացմանը: Առհասարակ, «Հայ դպրոց»-ը մեզ հրաշալի առիթ է ընձեռում՝ մասնակցելու հայրենաշինության գործին:

– Հայաստան կատարած այցելության ընթացքում հանդիպել եք նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Ինչպե՞ս կորակեք կայացած հանդիպումը:

Կարծում եմ՝արդյունավետ հանդիպում էր, շնորհակալ եմ Հրանուշ Հակոբյանին ջերմ ընդունելության համար: Նախարարը բարձր գնահատեց հիմնադրամի գործունեությունը, Արցախի և Հայաստանի դպրոցներին օգնելու, դպրոցական կահույքով ապահովելու ծրագիրը՝ հորդորելով առավել սերտացնել համագործակցությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ և շարունակել աջակցել սահմանապահ բնակավայրերի խնդիրների լուծմանը, որպեսզի մեր սահմաններն ամուր ու ապահով լինեն:

 Գևորգ Չիչյան

 

 

 

 

Scroll Up