Նյու Յորքում կկայանա ավանդական «Հեյ ջա՜ն,Ղափամա» փառատոնը

Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, նոյեմբերի 5-ին, ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Սուրբ Սարգիս Հայ Առաքելական եկեղեցում մեծ հանդիսությամբ կայանալու է «Հեյ ջա՜ն, Ղափամա» հայկական ավանդական աշնանային փառատոնը: Տոնակատարության ժամանակ մատուցվելու է յուրահատուկ ձևով պատրաստված Ղափաման, իսկ երաժշտական մթնոլորտն ապահովելու է «Արենի» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար Արմինե Վարդանյանի գլխավորությամբ:

Հավելենք, որ Ղափաման հայկական ավանդական կերակուր է, որն առավել հաճախ պատրաստվում է Նոր Տարվա և Զատիկի կապակցությամբ։ Ղափաման պատրաստել են ընկերային հավաքույթների, ծեսերի ժամանակ. մասնավորապես, հայոց ավանդական հարսանիքների սեղանների անբաժան մասն է կազմել: Այն իրենից ներկայացնում է բրնձով, չրերով, չամիչով, ընկույզով, մեղրով և այլ բաղադրամասերով լցոնած դդում։

 

Scroll Up