Հայագիտական գիտաժողովներ Սանկտ Պետերբուրգում

Աշունը  Սանկտ Պետերբուրգի հայ  համայնքի կյանքում նշանավորվեց մի շարք  միջոցառումներով՝ համերգներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ:

 Հատկանշական են դրանցից երկուսը՝ միջազգային  և հայագիտական գիտաժողովներ, որոնք տեղի ունեցան քաղաքի բարձրագույն ուսումնական ու գիտական հարթակներում՝ ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում, Եվրոպական համալսարանում և Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում: Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի գիտաշխատող, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս Դոնարա Մկրտչյանը:

Առաջին գիտաժողովը, որը նվիրված էր մեծն հայագետ Կարեն Յուզբաշյանի ծննդյան 90-ամյակին, տեղի ունեցավ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի  Նովոմիխայիլովյան սրահում:

Հայաստանից գիտաժողովին ներկա էին 30 մասնակիցներ (ԵՊՀ,  ՀՀ ԳԱԱ,  Մատենադարան, Հնագիտության ինստիտուտ), ներկա էին նաև բանասերներ, պատմաբաններ, լեզվաբաններ, արևելագետներ, հնագետներ ու արվեստաբաններ  Փարիզից (Վիդալ՝ Գորենյ, Հարությունյան Գոհար՝Սորբոն),  Նիժնի Նովգրոդի Լոբաչևսկու անվան ազգային հետազոտությունների ինստիտուտից (Պավել Հակոբյան, Մոսկվայի լեզվաբանական հետազոտությունների ինստիտուտից, Սանկտ-Պետերբուրգի  պետհամալսարանից, Արևելյան ձեռագրերի ինստիտուտից, Հնագիտության ինստիտուտից, Ազգագրական թանգարանից, Եվրոպական համալսարանից:

Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտը՝ ի դեմս Ս. Ֆրանցուզովի և Դ. Մկրտչյանի և Եվրոպական համալսարանը՝ ի դեմս Ե. Զելենևի:

Գիտաժողովի սկզբում բացման ու ողջույնի  խոսքով հանդես եկավ Արևելյան ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Ի. Պոպովան:

Այնուհետև հոր մասին պատմեց աղջիկը՝ Ելենա Կարենի Յուզբաշյանը: Սիրով ու խոնարհումով խոսեցին նրա մասին նաև  ուսանողներն ու  գործընկերները:

Երկար տարիներ Կարեն Յուզբաշյանը դասավանդել է Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ամբիոնում: Նա համատեղ աշխատել է Արևելյան ձեռագրերի ինստիտուտում, համակարգել ու հրատարակել է տեղի հայկական ձեռագրերի տեղեկատուն, հեղինակ է բազմաթիվ արժեքավոր աշխատությունների:

Հիշատակման արժանի  էր թե’ գիտաժողովի աշխարհագրական ընդգրկումը, թե’ թեմաների բազմազանությունը: Դա պայմանավորված էր նախևառաջ այն հանգամանքով, որ Կարեն Յուզբաշյանը, բացի հայագետ ու բանասեր  լինելուց, արևելագետ է ու բյուզանդագետ, նրա գրչին են պատկանում թե’ հայոց լեզվի քերականությանը վերաբերող աշխատություններ, թե’ հայկական ձեռագրերին նվիրված շատ ուսումնասիրություններ՝ աղբյուրագիտական ու  պատմագրական, հայկական ծեսերին, ավանդույթներին ու ծիսակարգին, հայկական էպոսագիտությանն ու մանրանկարչական արվեստին նվիրված թեմաներ:

Հայագիտական այս գիտաժողովը եզակի էր իր տեսակով ու թեմաների բազմազանությամբ նաև ինստիտուտի պատմության մեջ: Այդ մասին էր  վկայում ինստիտուտի բոլոր աշխատակիցների հարգանքն ու խոնարհումը մեծն հայագետին:

Միջազգային հայագիտական երկրորդ գիտաժողովը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պետրովյան դահլիճում։ Այն անցկացվում էր  Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Հայ Առաքելական եկեղեցու և քաղաքի իշխանությունների հովանու ներքո։

Թվով երկրորդ հայագիտական այս գիտաժողովի համակարգողն ու պատասխանատուն պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի Կովկասի և Կենտրոնական Ասիայի ամբիոնն էր՝ ավագ դասախոս Դ.Մկրտչյանի գլխավորությամբ։

Գիտաժողովի ընթացքում  ողջույնի խոսքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի փոխվարչապետ Ալ. Գովորունովը,  Ռուսաստանի  և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի առաջին պրոռեկտոր Ի. Դեմենտևը, Մերձավոր Արևելքի պատմության ամբիոնի պրոֆեսսոր Ն. Դյակովը, մուսուլմանների հոգևոր առաջնորդարանի մուֆտիի օգնական Զ.Ալիքբերովը, ՀՀ ԳԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վ. Դևրիկյանը, Սանկտ Պետերբուրգի հայ մշակութային ինքնավարության նախագահ Կ. Մկրտչյանը, կրոնական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բոլորն էլ ողջույնի ջերմ խոսքեր հղեցին ներկաներին՝ բարձր գնահատելով հայ եկեղեցու դերը ռուսահայ իրականության մեջ և կարևորելով նման հայագիտական գիտաժողովների անցկացումը ռուսական ու եվրոպական հարթակներում։

Գիտաժողովին Հայաստանից մասնակցում էին 14 ներկայացուցիչ՝դոկտորներ, պրոֆեսորներ և գիտությունների թեկնածուներ ԵՊՀ֊-ից, Մատենադարանից, ՀՀ ԳԱԱ լեզվի և գրականության, պատմության ինստիտուտներից, Հնագիտության ինստիտուտից, Կինոյի և թատրոնի ինստիտուտից և այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։

Ռուսահայոց թեմի հայկական եկեղեցիների պատմությանն ու անցած ուղուն, եկեղեցական  ու համայնքային նշանավոր գործիչների գործունեությանն ու հայանվեր ավանդին, հայ համայնքների գործունեությանը, ՌԴ տարածքում առկա նյութական մշակութային արժեքների պահպանմանը    նվիրված բոլոր ուսումնասիրություններում ու զեկույցներում հեղինակները կարևորեցին նյութական այդ անմնացորդ ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցելու հիմնախնդիրը։

 Այս գիտաժողովն էլ արժեքավոր ներդրում էր ռուսահայ իրականության գիտական ասպարեզում և այն կարելի է համարել տեղի մշակութային ու նյութական արժեքների պահպանման հուսալի գրավականը։

 Երկու հայագիտական միջազգային գիտաժողովներին հաջորդեց ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտում տեղի Հայկական ֆոնդի գիտաշխատող Դ. Մկրտչյանի կազմակերպած  «300-ամյա մշակութային ժառանգություն» ցուցահանդեսը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի փոխտնօրեն Ի. Ֆիլատովը, ով իր խոսքում հիշատակեց պետերբուրգաբնակ հայ անվանի գիտնականների, արվեստագետների անունները՝ նշելով նրանց թողած ժառանգության մասին: Ցուցահանդեսին  իր օրհնությունն էր բերել Ռուսաստանի  և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Արբազանն իր երախտիքի խոսքն ուղղեց ինստիտուտի տնօրինությանն ու աշխատակազմին՝ կարևորելով գրավոր այս ժառանգության պահպանումն  ու գիտական հանրությանն այն հասու դարձնելու  հնարավորությունը:

Այնուհետև ֆոնդերի պատմությունը լուսաբանող զեկույցով հանդես եկավ Դ. Մկրտչյանը:

Ցուցասրահներից մեկում ցուցադրվում էին հայկական ձեռագրերի պետերբուրգյան հավաքածուից 13  ձեռագիր: Դրանցից ամենահինը թվագրվում է 1292թ.: Մյուս ձեռագիրը, որ էլի բավականին հին է, թվագրվում է 1298թ.:

Արևելյան ձեռագրերի ինստիտուտի հայկական  ձեռագրերի հավաքածուն բաղկացած է  410  ձեռագիր օրինակից:

Երկրորդ՝ Կանաչ դահլիճի ցուցասրահում զետեղված էին պետերբուրգյան՝ հայկական և ռուսական  տպարանների 38 ցուցանմուշներ, դրանց թվում՝ Խալդարյանի, Խուդաբախշյանի, Հովհաննիսյանի, «Արաքսի», Պատկանյանի, Լիբերմանի, Սկորոխոդովի, Պուշկինյան տպարանների տարբեր աշխատություններ:

Տեղին է հիշել, որ Ն. Մառի, Հ. Օրբելու բեղուն գործունեությունից հետո այստեղ երկար տարիներ աշխատել է Կարեն Յուզբաշյանը, ով համակարգել է հայկական ձեռագրերի ֆոնդը, կազմել ֆոնդի համառոտ տեղեկատուն: Ցավոք, նա չի հասցրել համակարգել տեղի հնատիպ, ժամանակակից ֆոնդերը, անմխիթար վիճակում էին Մառի և Օրբելու ֆոնդերը:

Այսօր այդ ֆոնդերը  հասու են հայ ուսումնասիրողին, համակարգված են և գտնվում են  հուսալի ձեռքերում, քանզի առաջնորդվում  ենք՝ «Ձեռս մաշի, դառնայ ի հող, գործս մնայ յիշատակող» սկզբունքով:

 

 

 

 

 

 

 

Scroll Up