«Հայապահպանության առաջին և կարևոր նախապայմանը հայոց լեզուն օտար ափերում չկորցնելն է». Եվգինե Ղարիբյան

ՀՀ սփյուռքի նախարարությունը միշտ ըստ արժանվույն է գնահատում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների ծավալած ազգանպաստ գործունեությունը. օրերս  ՀՀ սփյուռքի նախարարը «Մեսրոպ Մաշտոց» մեդալով պարգևատրեց Բոստոնի «Հայկական անկախ ձայնասփյուռ» ռադիոժամի տնօրեն տիկին Եվգինե Ղարիբյանին, ում հետ «Հայերն այսօր»-ի համար զրուցեցի ռադիոժամի հիմնադրման, 37 տարի ծավալած գործունեության և այլ հարցերի շուրջ:

-Տիկի՛ն Ղարիբյան, շնորհավորում եմ Ձեր և Ձեր երջանկահիշատակ ամուսնու՝  ռադիոժամի հիմնադիր Ժիրայր Ղարիբյանի ջանքերով ստեղծված ու երբեք չդադարող ձայնասփյուռի հայանպաստ հաղորդումների համար մեդալով պարգևատրվելու առիթով:

-Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, շնորհակալ եմ տիկին Հրանուշ Հակոբյանին՝ այս  թանկ  ու պարտավորեցնող պարգևատրման համար. շատ թանկ է  հենց միայն  նրա համար, որ  Մեսրոպ Մաշտոցի անվամբ է կոչվում: Հայաստան-Սփյուռք  գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու և Սփյուռքում մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սփյուռքի նախարարը 2016թ. ինձ պարգևատրել է նաև «Մայրենիի դեսպան» մեդալով: Իհարկե, մենք աշխատում ենք սիրով, առանց ակնկալիքների, սակայն, անշուշտ, հաճելի է, որ Հայրենիքը գնահատում է մեր աշխատանքը:

Դուք Հայաստան եք եկել կարևոր առաքելությամբ՝ մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին. ի՞նչ եք կարծում, այս համաժողովը դրական արդյունքներ կգրանցի՞ արդյոք Հայաստան-Սփյուռք  համագործակցության, կապերի առավել զարգացման  առումով:

-Հավատում եմ, որ շոշափելի արդյունքներ կգրանցվեն: Շատ լավ էր կազմակերպված համաժողովը: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ բոլորը սիրով էին  մասնակցում:

-Ո՞ր  թեմաներն  էին  Ձեզ առավել սրտամոտ:

-Հայապահպանության խնդիրներին առնչվող թեմաները, որովհետև այս հարցն օրեցօր դժվարանում է. դրսում ապրող ընտանիքների ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները լավ տիրապետեն անգլերենին, և կամաց-կամաց  հայկական ընտանիքներն անգլախոս են դառնում: Հայկական դպրոցները վճարովի են, ուսման վարձն էլ թանկ է, դրա համար շատե՛րն են իրենց երեխաներին ուղարկում անվճար հիմունքներով  գործող ամերիկյան դպրոցներ: Հայապահպանության առաջին և կարևոր նախապայմանը հայոց լեզուն  օտար ափերում չկորցնելն է:

-Տիկի՛ն Ղարիբյան, խոսենք Ձեր՝ Բոստոնում հաստատվելու, ռադիոժամի ստեղծման պատմության և նրա երկարամյա գործունեության մասին:

– Ամուսինս ծնվել է Իրաքում, 1959-ին մեկնել է Լոնդոն՝ ամբողջացնելու իր համալսարանական կրթությունը, որն ավարտել է 1964-ին, այնուհետև, գործի բերումով, գնացել է Պարսկաստան և գործուն մասնակցություն ունեցել ՀՅԴ  պատանեկան միությունների ազգային-գաղափարական դաստիարակության աշխատանքներին: Նա հիմնադրել է և եղել «Ալիք պատանեկան»-ի գլխավոր խմբագրի տեղակալը: 1975-ին հրավիրվել է  Ամերիկայի արևելյան շրջանի ՀԵԴ-ի կողմից և մինչև կյանքի վերջ հաստատավել Բոստոնում:  Իմ մասին՝ ես ծնվել եմ Պարսկաստանում, գնացել եմ՝ սովորելու Լոնդոնում, որտեղ էլ հանդիպել եմ ապագա ամուսնուս՝ Ժիրայր Ղարիբյանին. այն ժամանակ Լոնդոնում  շատ քիչ հայություն կար, բայց մենք կարողացանք  հայերի մի լավ թիմ կազմել, միասին համագործակցել, հայապահպանական գործունեություն ծավալել: Նրա մահից հետո՝ արդեն  26  տարի, ես եմ ղեկավարում ռադիոն: Ամուսինս մասնագիտությամբ  լրագրող չէր, սակայն հետագայում՝ 1977-ին, ընդունվեց ու ավարտեց Բոստոնի համալսարանի լրագրության բաժինը՝ ստանալով մագիստրոսի տիտղոս:  1980-ի հոկտեմբերին  նա հիմնադրել է Բոստոնի «Հայկական անկախ ձայնասփյուռ» ռադիոժամը, որի համար ինքը գրել ու վարել է բազմաթիվ հաղորդումներ:  ժիրայր Ղարիբյանը  նաև գրքերի, բանաստեղծությունների, մշակութային, քաղաքական բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Մեր ռադիոժամի մասին՝ ունենք 5 հոգանոց վարչություն, խոսնակներ, նյութականի հետ երբեք կապ չենք ունեցել, ամուսինս չէր սիրում գործ ունենալ այդ մասի հետ, մերը միայն ստեղծագործական աշխատանքն էր, ծրագրեր կազմելը, հաղորդումներ պատրաստելն ու սփռելը, և այդ ամենն՝ անվճար, կամավոր հիմունքներով: Մեր տունը դարձել էր ռադիոստուդիա. ովքեր ասեք՝ չեն եղել մեր ստուդիայում՝  Համո Սահյանը, Սիլվա Կապուտիկյանը, Վահագն Դավթյանը, Հակոբ Կարապենցը, երգչուհի Մելանյա Աբովյանը, ասմունքող Սիլվա Յուզբաշյանը  և այլոք:   Հյուրընկալել ենք նաև ՀՀ սփյուռքի նախարար հարգարժան Հրանուշ Հակոբյանին: Շաբաթական մեկ անգամ մեկուկես ժամով հեռարձակվող մեր  ռադիոն ունի լուրերի բաժին, գրական-գեղարվեստական, մանկապատանեկան հաղորդումներ: Չենք կարող ավելի մեծ հաճախականությամբ և ավելի շատ ժամաքանակով հեռարձակել մեր հաղորդումները, որովհետև  վարձը  շատ թանկ է: Ասեմ, որ մեկուկես ժամից 15 րոպեն անգլերենով են հեռարձակվում հաղորդումները, որպեսզի մեր ռադիոյի միջոցով հային ու Հայաստանը ծանոթացնենք նաև օտարներին. նրանց շարքում մենք ունենք օտարերկրացի, անգլալեզու բազմաթիվ ունկնդիրներ:

-Ի՞նչ  հաճախականությամբ եք  գալիս Հայաստան:

-Երկու տարին մեկ գալիս եմ Հայաստան, այստեղ է հուղարկավորված երջանկահիշատակ ամուսինս՝ լրագրող, խմբագիր, ազգային գործիչ Ժիրայր Ղարիբյանը: Նա միշտ ասում էր, որ  մահից հետո իրեն անպայման Հայրենիք բերենք, ասում էր՝ ես ոչինչ չեմ ուզում, ընդամենը՝ մի փայտե խաչ…Վահագն Դավթյանի խորհրդով նրան հուղարկավորեցինք Հայրենիքում: Ես երկու թանկ արժեքներ ունեմ այստեղ՝ Հայրենիքս և ամուսնուս շիրիմը:

-Դե ինչ, հարգարժա՛ն տիկին Ղարիբյան, հաջողություն  և երկարակեցություն եմ մաղթում «Հայկական անկախ  ձայնասփյուռ»  ռադիոժամին՝ ակնկալելով, որ այդ  ձայնն օտար ափերում միշտ արթուն ու հայեցի  կպահի հայի հոգին, ինչպես նաև՝ Հայաստան-Սփյուռք հաջորդ համաժողովին Դուք ևս կունենաք Ձեր գործուն մասնակցությունը:

Կարինե  Ավագյան

 

 

Scroll Up