«Oտար երկրում դպրոցը դառնում է հայության փոքրիկ հայրենիքը».Հրանուշ Հակոբյան

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ

Սփյուռքի հայկական դպրոցներին՝ Գիտելիքի օրվա առթիվ

Ջերմորեն շնորհավորում եմ Սփյուռքի հայկական դպրոցների բոլոր սաների, ուսուցիչների, տնօրենների, կրթական գործի կազմակերպիչների նոր ուսումնական տարվա մեկնարկը, Գիտելիքի, գրի և դպրության օրը, որը Հայաստանում, աշխարհի շատ երկրներում նշվում է սեպտեմբերի 1-ին:

Սփյուռքում հայկական դպրոցի ուսումնական տարին կրկնակի տոն է, քանի որ հայ երեխան, աշակերտը սկսում են  հավաքվում են իրենց մայրենի լեզվուն, հայոց պատմությունն ու մշակույթը սովորելու անկյունաքարային գործընթացը,   այստեղ են նրանք հաղորդակից դառնում ազգային ավանդական արժեքներին, հաղորդակցվում իրենց հայրենակիցների հետ և իրենց նվիրյալ ուսուցիչներից հայրենասիրության դասեր առնում: Հայ դպրոցն է հայ սերունդներին ներշնչում ազգային պատկանելության և ազգային հպարտության զգացումը, սերմանում ինքնության գիտակցության առաջին սերմերը, հաղորդում և սերնդեսերունդ փոխանցում գեղեցիկը, բարին ու արդարությունը խորությամբ ընկալելու, ազնիվ ու արժանավայել գործերով ինքնություն հաստատելու հային բնորոշ հատկանիշները, հայի որակները: Այս է պատճառը, որ օտար երկրում դպրոցը դառնում է հայության փոքրիկ հայրենիքը,  հայապահպանության օջախը, հայի ոգու ու հոգու կենտրոնը:

Հայկական կրթօջախների՝ որպես ազգաշեն կառույցների գործունեությունը հպարտության զգացում է առաջացնում մեզանից յուրաքանչյուրի մոտ, հույս պարգևում, հավատ ներշնչում:

Հայ դպրոցի սիրելի՛ մանկավարժներ, կրթական գործի հարգարժա՛ն պատասխանատուներ, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը և ամենամեծ խոնարհումը փոխանցել Ձեզ, որ կարողացել եք օտար հողում հայապահպանության ամենամեծ կռվանի՝ դպրոցի համար մեծագործություններ կատարել, իրողություն դարձնել «Հայ դպրոց» ծրագիրը՝ գործունեության առանցք ընտրելով «Լեզուն մեր ինքնության պահապանն է, մեր միասնության հիմքը, մեր ինքնապաշտպանության կարևոր վահանը» ճշմարտությունը:

Սիրելի՛ ուսուցիչներ, դուք այսօր ձեր համայնքներում սփյուռքահայ երիտասարդներին պատրաստում պատրաստում եք այն խնդիրների իրականացման համար, որոնք  այսօր ու վաղը կանգնած են Հայաստանի ու հայ ժողովրդի առջև Հայրենիքում և Սփյուռքում: Այսօր մենք պետք է համախումբ լինենք մեկ գաղափարի՝ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության շուրջ և հայրենաշեն գործունեությամբ պատասխանենք մեր առջև ծառացած մարտահրավերների համար: Միշտ պետք է հիշենք մեր համազգային առաջնահերթությունները.

  • Հայաստանի Հանրապետության առավել զորացում և ապահովություն,
  • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միջազգային իրավունքի հիման վրա արդարացի լուծում,
  • Սփյուռքի առավել կազմակերպվածություն,
  • ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբում,
  • Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հետևանքների վերացում,
  • հայ եկեղեցու շուրջ հայության համախմբում,
  • արտակարգ իրավիճակներում հայտնված հայերին օգնություն ու աջակցություն:

Ահա սրանց լուծմանն է նվիրվելու բարձր ու որակյալ կրթություն, հայազգային ինքնագիտակցությամբ և հայ ինքնության գիտակցությամբ, Հայաստան-հայրենիքի ապագայի հանդեպ ոչ միայն զգացումներ, այլև պատասխանատվություն ունեցող հայրենասեր սփյուռքահայ երիտասարդությունը: Իսկ նրան որպես այդպիսին կռում եք դուք՝ ձեր անխոնջ հայապահպանական աշխատանքներով, ձեր դժվարին, բայց, հայրենանվեր առաքելությամբ:

Հայաստանի զորությունը Սփյուռքի զորությունն է, Հայաստանն ուժեղ է ուժեղ Սփյուռքով:

Փա՛ռք հային ու հայ դպրոցին, հայ ուսուցչին՝ Հայաստանում և աշխարհի բոլոր ծայրերում:

 

Scroll Up