Ամփոփվեց «Սփյուռք» ամառային դպրոց-2017» ծրագիրը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագրի ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, դպրոցի իրականացման ԵՊՀ պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Շահբազյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Քննարկվեցին «Սփյուռք» ամառային դպրոց-2017» ծրագրի անցկացման հետ կապված հարցեր, վեր հանվեցին բոլոր 5 ուղղություններով դասընթացներում առաջացած խնդիրները: ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը ներկայացրեց մասնակիցների վիճակագրական պատկերը և աշխարհագրությունը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց դպրոցի դերը Սփյուռքում ազգային ինքնության, հայեցի լեզվամտածողության պահպանման և զարգացման, համայնքներում հայապահպանության ծրագրերին աջակցելու ուղղությամբ:

Նախարարը նշեց, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին: «Անհրաժեշտ է որդեգրել դասավանդման նոր ինտերակտիվ մեթոդ, կազմակերպել մրցույթ «Լավագույն երիտասարդական ծրագիր» թեմայով: Հատկապես երիտասարդներին պետք է կապենք Հայրենիքի հետ», – հավելեց գերատեսչության ղեկավարը: Նախարարը ուրախությամբ շեշտեց, որ մեծաթիվ հայտեր են ստացվում Հայոց լեզվի արագացված ուսուցման և Հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների  վերապատրաստման դասընթացների ուղղություններով:

Կարևորվեց նաև «Սփյուռք ամառային դպրոց» ծրագրի քարոզչությունն առավել արդյունավետ կազմակերպելու հարցը:

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ:

Scroll Up