«Մասնագիտության ընտրության հարցում հայրս է ինձ ուղորդել».Միքայել Ավետիսյան

Ամերիկաբնակ դիրիժոր Միքայել Ավետիսյանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնում է իր ստեղծագործական գործունեությանը, կատարած աշխատանքներին, ինչպես նաև լուսավոր հիշողություններ է պատմում սիրելի հայրիկի՝ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի մասին:

Որպես սկիզբ

1984 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի դաշնամուրի, ապա՝ կոմպոզիցիայի բաժինը, 1989 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ պրոֆեսոր Հակոբ Ոսկանյանի դասարանը, 1991 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան՝ Օհան Դուրյանի ղեկավարությամբ։

 1985-1990 թվականներին Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում դիրիժորության դասեր է ստացել պրոֆեսոր Իլյա Մուսինից։ 1996 թվականին Հոլանդիայում մասնակցել է Կիրիլ Կոնդրաշինի դիրիժորության 35-րդ վարպետության դասերին՝ սըր Էդուարդ Դոունեսի և Փիթեր Էոթվոսի հետ։ 1991-1997 թվականներին դիրիժորություն է դասավանդել Երևանի կոնսերվատորիայում, միևնույն ժամանակ եղել է ՀՀ ազգային ռադիոյի և հեռուստատեսության նվագախմբի և Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը:

 Հանդես է եկել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Հունաստանում, Իսպանիայում, Ռուսաստանում և Թուրքիայում:

Ղեկավարել է եվրոպական նվագախմբեր և ԽՍՀՄ սիֆոնիկ նվագախումբը։ 1996 թվականին լույս են տեսել նրա՝ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարած ձայնագրությունները (RCD):

-Մաեստրո´, երկարուձիգ տարիներ ԱՄՆ-ում եք բնակվում, Հայաստանի հետ կապն արդյոք  պահպանու՞մ եք:

-1999 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո Հայաստանի հետ կապը, բնավ, չեմ կտրել. միշտ Հայրենիք այցելելու, ընկերներիս հանդիպելու առիթներ լինում են: Հայաստանում լիցքավորվում եմ և նոր եռանդով շարունակում աշխատել:

-Խոսենք ԱՄՆ-ում ծավալող գործունեության մասին:

-Հիմնել եմ Գլենդելի սիմֆոնիկ նվագախումբը, որի լուծարումից հետո մի քանի երիտաարդ կատարողների հետ ստեղծեցինք Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը, սակայն այն ևս դադարեց գործել՝ չնայած կատարած բեղուն աշխատանքների:

Արդեն երկու տարի է՝ ստեղծել եմ «Զանգակատուն» կոչվող սիմֆոնիկ նվագախումբը: Այդ խմբով վերջերս լեփ-լեցուն դահլիճում հրաշալի համերգ ունեցանք, հրավիրել էինք նաև աշխարհահռչակ գերմանաբնակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին:

-Համայնքային կյանքին մասնակցու՞մ եք:

-ԱՄՆ-ում հաստատվելու առաջին տարիներին Լոս Անջելեսի իրանահայ միության հիսուն տարվա պատմություն ունեցող երգչախմբի խմբավար լինելու հրավեր ստացա: Ամեն տարի դասական, էստրադային, ժողովրդական և այլ ժանրերի հաշվետու համերգ ենք ունենում: Փորձում եմ այս երգչախմբի հետ թատերական համերգներ կազմակերպել:

Իրանահայ միության երգչախմբին զուգահեռ արդեն հինգ տարի է ղեկավարում եմ Լոս Անջելեսի «Կալիֆորնիայի հայ երիտասարդաց միության» երգչախումբը: Ի դեպ, երգչախումբը 2015 թվականին մասնակցել է  ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին՝ արժանանալով նախարարության Ոսկե մեդալին:

Նվագախմբի ճնշող մեծամասնությունն այլազգիներ են, որոնք մեծ սիրով, հոգու բերկրանքով են հայկական երաժշտությունը կատարում:

– Այս անգամ ի՞նչ առաքելությամբ էիք գտնվում Հայաստանում:

-«Նարեկացի» արվեստի միության տնօրեն Նարեկ Հարությունյանից նամակ ստացա այն մասին, որ որոշել են միության գործունեության տասներեքերորդ տարեդարձի առթիվ Խաչատուր Ավետիսյանին նվիրված միջոցառումների շարք կազմակերպել: Համերգից բացի, նաև նրա անձնական իրերի՝ քանոն, Աստվածաշունչ և այլն, ցուցադրություն կազմակերպվեց: Բոլոր միջոցառումներին հաճույքով մասնակցեցի: Ամեն տեղ չեմ դադարում արտահայտելու հիացմունքս «Նարեկացի» արվեստի միության ծավալած ազգանվեր գործունեության համար: Այնտեղ տաղանդավոր երիտասարդ սերունդ է հավաքված:

-Հետաքրքիր է իմանալ, թե Ձեր հայրիկի կերպա՞րն է առաջնորդել հասնելու այն բարձունքին, որի վրա այժմ կանգնած եք:

-Նախ ասեմ, որ խստապահանջ հայր է եղել: Մասնագիտական ընտրություն կատարելու հարցում նա է ինձ ուղորդել. վեց տարեկանում նկատելով դաշնամուրի և ստեղծագործելու հանդեպ հետաքրքրությունս՝ հաստատակամորեն որոշեց, որ պետք է երաժշտության հետքերով գնամ:

Ապրելով կոմպոզիտորների շենքում՝ մանկության տարիներին բախտ եմ ունեցել շփվելու այնպիսի մեծանուն մարդկանց հետ, որոնց անունը երաժշտական աշխարհում չափանիշ էր՝ Ալեքսանդր Հարությունյան, Գրիգոր Հախինյան, Ղազարոս Սարյան, Վարդան Աճեմյան, Էմին Արիստակեսյան, Ավետ Տերտերյան, Կոստանդին Օրբելյան և այլք:

Միշտ հիշում եմ նրանց աշխատանքային եռուզեռը և մեր տանը տարբեր թեմաների մասին զրուցելը: Շնորհակալ եմ ինձ բաժին հասած ճակատագրից:

-Հայրիկից ստացած ամենաթանկ խորհուրդը ո՞րնէ  եղել Ձեզ համար:

– Առհասարակ, նրա տված բոլոր խորհուրդներն ինձ համար շատ կարևոր և ուսանելի են եղել: Մեկ դրվագ հիշեցի. երբ որպես խմբավար Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Գայանե» բալետն էի ղեկավարում՝ առաջնախաղից հետո  հայրս մոտեցա ինձ և ասաց, որ անչափ ուրախ է, որ իրեն արդեն Միքայել Ավետիսյանի հայր են ճանաչելու, այլ ո´չ թե հակառակը: Նրա խոսքերն ամուր դաջվեցին հիշողությանս մեջ:

Մեկ պատմություն էլ հիշեցի. երեկոյան երբ կոնսերվատորիայից տուն էի վերադառնում, միասին, զրույցի բռնվելով, հաճախ էինք ամփոփում օրվա անցուդարձը, այդ ընթացքում նա ինձ միշտ հարցնում էր, թե անցնող օրվա ընթացքում որևէ լավ բան արե՞լ եմ, կամ ստեղծագործական ի՞նչ աշխատանք եմ կատարել: Մինչև հիմա, երբ օրվա այդ պահը մոտենում է, կարծես, «տագնապի» ժամ է սկսվում ինձ մոտ. ակամայից սկսում եմ խորհել հայրկիս  խոսքերի շուրջ:

-Ձեզ համար հայրիկի ո՞րն ստեղծագործությունն է ավելի սիրելի:

-Երբ հայրիկիս էին այս հարցը տալիս, նա պատասխանում էր, որ բոլոր ստեղծագործություններն իր զավակի պես է ընդունում: Ես նույնպես այդ պատասխանն եմ տալիս՝ նկատի ունենալով նաև ժողովրդի՝ Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունների և անձի հանդեպ առ այսօր ունեցած սերն ու նվիրումը:

Հարցազրույցը Գևորգ Չիչյանի

 

Scroll Up