«Լավագույն տպավորություններն ունեմ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովից».Անտոն Վարդանյան

Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը միասնության համահավաք մի աննախադեպ երևույթ էր մեր իրականության մեջ, որի շրջանակներում մի հարկի ներքո հավաքված հայությունն իր առջև գերխնդիր էր դրել՝ առաջնորդվելով  փոխադարձ վստահության, միասնականության և պատասխանատվության բարձր զգացումով՝ միահամուռ ուժերով լուծել շատ հարցեր, ճանապարհներ գտնել Հայաստանի հետագա զարգացման, հզորացման, Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության առավել սերտ համագործակցության համար: Այդ առիթով համաժողովի մասնակիցներից «Հայերն այսօր»-ի համար հարցազրույց ունեցա Ստավրոպրոպոլի «Նաիրի» ազգամշակութային ինքնավարության հասարակական կազմակերպության երիտասարդ նախագահ, Ստավրոպոլի երկրամասի Դաշնային միգրացիոն ծառայության վարչությանը կից հասարակական-կոնսուլտատիվ խորհրդի անդամ, Ստավրոպոլի երկրամասի էթնիկական խորհրդի նախագահի տեղակալ Անտոն Վարդանյանի հետ, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

Հարգելի՛ հայրենակից, հրավիրված լինելով Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին՝ Դուք, անշուշտ, այս առիթով ունեք Ձեր խորհրդածություններն ու ակնկալիքները. խոսեք, խնդրեմ այդ մասին:

-Ես և իմ գործընկերների մեծ մասն, անկասակած, ուրախ ենք՝ աշխատանքային նման հանդիպման առիթով, առավել ևս՝ Հայրենիքում: Այս համաժողովից մենք ակնկալում ենք աշխատանքների առավել աշխուժացում համայն Սփյուռքում և ավելի սերտ համագործակցություն՝ Հայաստանի իշխանությունների հետ:

-Բավականին երիտասարդ եք՝այդպիսի կազմակերպություն ղեկավարելու համար. դժվարություններ չե՞ք ունենում:

-Ես 5 տարի առաջ եմ ստանձնել այդ պարտականությունը՝ մեծ պատասխանատվություն վերցնելով ինձ վրա: Սկզբում, իհարկե, դժվար էր, սակայն ժամանակի հետ փորձառություն ու որոշակի գիտելիքներ ձեռք բերեցի: Ես միայնակ չեմ աշխատում: Մեր կազմակերպությունն ունի խորհուրդ, որը ղեկավարում է Միխայիլ Բեյրյումովը: Իհարկե, մեր հայրենակիցների խնդիրները չեն վերջանում, և ամեն անգամ հարկ է լինում ինքդ քեզ համար մի նոր բան բացահայտել: Մեր թիմի և մեզ արձագանքող մարդկանց շնորհիվ կարողանում ենք միանգամայն հաջողությամբ իրականացնել մեր աշխատանքները և մեր առջև դրված ծրագրերը:

-Ինչպե՞ս են ապրում Ստավրոպոլում մեր հայրենակիցներն, ինպիսի՞ խնդիրներ են ծառացած նրանց առջև և արդյո՞ք լուծելի են դրանք :

-Այսօր Ստավրոպոլում ապրում է մոտ 50 հազար հայ. նրանցից շատերը հասել են մասնագիտական  հաջողությունների և արժանի ձևով ներկայացնում են բիզնեսը, բժշկությունը, կրթությունը, գիտությունը, մտավորականության ու հայ նոր սերնդի՝ երիտասարդության  պատկերը: Հատուկ աջակցության կարիք ունեին մեր այն հայրենակիցները, ովքեր փախել էին 1988-ի երկրաշարժի սարսափներից, Բաքվում, Սումգաիթում, Լեռնային Ղարաբաղում կատարված ողբերգական իրադարձություններից: Բոլոր փախստականներն  ընդունվել են ջերմորեն և ըմբռնումով, նրանց ցուցաբերվել է մարդասիրական օգնություն և հոգեբանական աջակցություն:

  Սակայն, ինչպես միշտ, մեր հայրենակիցներից շատերը հայտնվում են կյանքի շատ ծանր իրավիճակներում. խոսքը հիմնականում վերաբերում է վերջերս աշխատանք գտնելու  հույսով Ստավրոպոլ եկած հայերին, ովքեր չունեն սեփական տուն, դրամական միջոցներ ու մշտական աշխատանք, հիմնականում չունեն  կրթություն ու մասնագիտական հմտություններ: Դրա վառ օրինակը Ուկրաինայի բռնագրավված տարածքներից փախած հայ  ընտանիքներն են: Ստավրոպոլ  տեղափոխված այդ ընտանիքները  հայկական համայնքի ուժերով և, իհարկե, քաղաքի վարչակազմի աջակցությամբ, ապահովվել են պարենային մթերքներով, առաջին անհրաժեշտության կենցաղային պարագաներով, դրամական օգնությամբ և աշխատանքով:

  Մեծ դժվարություններ կան փախստականներին  աշխատանքի տեղավորելու հարցով: Դա պայմանավորված է աշխատանք փնտրողի իրավական կարգավիճակից, աշխատանքային ստաժ և անհրաժեշտ որակավորում չունենալու հետ:

-Ներկայացրեք, խնդրեմ համայնքային առօրյան, համայնքում իրագործվող աշխատանքները:

– Ամեն տարի Ստավրոպոլի «Նաիրի» ազգամշակութային հասարակական ինքնավարության ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում  քաղաքի համար այնպիսի նշանակալից միջոցառումների, ինչպիսիք են՝ Հաղթանակի օրը, Ստավրոպոլ քաղաքի օրը, Ժողովուրդների միասնության օրը, բարձրագույն ուսումնական հաստատություններում անցկացվող միջազգային բարեկամության փառատոներին: Կազմակերպվում են հայկական ավանդական տոներ՝ Տեառընդառաջի, Վարդավառի, նշվում են Առաջին հանրապետության, Հայաստանի անկախության օրերը: Փետրվարի 23-ին և մայիսի 9-ին ՀՄՊ հայ վետերանները, ինչպես նաև նրանց այրիները, ստանում են նվերներ, օգնություն է ցուցաբերվում Արցախի ազատագրմանը մասնակցած ազատամարտիկներին: Ապրիլի 24-ի օրվա հետ կապված՝ անցկացվում են միջոցառումներ:

 Մեր երեխաները հաճախում են հայկական կիրակնօրյա դպրոց, ժողովրդական պարի խմբակ, մեր համայնքում գործում են ազգային խոհարարական վարպետության, թատերական արվեստի, դհոլի խմբակներ: Ստավրոպոլի երիտասարդներն ամեն տարի մասնակցում են ՀՀ սփյուռքի ախարարության ամառային ծրագրերին:

-Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված Ստավրոպոլի մյուս համայնքների եհտ:

 -Բարիդրացիական հարաբերություններ ունենք գրեթե բոլոր համայնքների և կազմակերպությունների հետ. ոմանց հետ՝ ուղղակի աշխատանքային, իսկ մյուսների հետ՝ արդեն բարեկամական: Մեր քաղաքականությունը միտված է Սփյուռքի բոլոր համայնքների հետ արդյունավետ համագործակցությանը: Մասնավորապես՝ ադրբեջանական կազմակերպության հետ ունենք աշխատանքային լավ հարաբերություններ:

. Մի անգամ չէ, որ օգնել ենք մեկս մյուսին, համատեղ ուժերով լուծել ենք կենցաղային որոշ հարցեր և աննշան վեճեր: Փոխադարձաբար մեկս մյուսին հրավիրում ենք միջոցառումների և տոնախմբությունների: Դրսում շատ կարևոր է պահպանել բարիդրացիական հարաբերություններ:

– Անտո՛ն, բացի համայնքային հասարակական բնույթի աշխատանքներից՝ ուրիշ ի՞նչ աշխատանքով եք զբաղված. Ձեր բուն մասնագիտությամբ աշխատու՞մ եք արդյոք:

-Իմ հիմնական և միակ աշխատանքը համայնքային գործունեությունն է: Մասնագիտությամբ ճարտարագետ եմ և մոտավորապես 5 տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ:

-Համայնքի առաջնահերթ խնդիրները որո՞նք են:

-Հիմնական խնդիրը ավանդական արժեքների պահպանումն է՝ երիտասարդների հետ աշխատելով՝ նրանց մեր ազգային, մշակութային բոլոր արժեհամակարգերին ծանոթացնելը, Հայոց պատմության դասերը սովորեցնելը, սերտ համագործակցությունը Հայ առաքելական եկեղեցու հետ: Ներկայումս ներքին մեծ մարտահրավերներ են ծառացած ժամանակակից հասարակության առջև : Շատ կարևոր է երիտասարդությանը ուշադրության կենտրոնում պահելը: Ամուսնությունը և ընտանի՛քն են հայ ժողովրդի անխախտ արժեքները, որոնք պետք է սրբությամբ պահպանվեն մեր երիտասարդների կողմից՝ տուրք չտալով Արևմուտքի կողմից քարոզվող գենդերային հավասարությանը և հակակառուցողական սոցիալական այլ երևույթների: Աշխարհի խոշոր տերությունները և նրանց զինակիցներն ակտիվ աշխատանք են տանում պատմական արժեքների, ազգերի միասնության քայքայման, նրանց հոգևոր ու բարոյական արժեքների հիմքերի խարխլման գծով: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրվում պատմությունը, ինչպես են առաջ քաշվում գաղափարներ՝ մարդկության հիմնարար արժեքների վերանայման գծով, որոնք ոչ միայն խարխլում են բարոյականության անխախտ հիմքերը, այլև ոչնչացնում են հասարակության պատմականորեն ձևավորված նորմերը, այդ թվում՝ նաև հայկական: Հայաստանը, լինելով հնագույն քրիստոնեական պետություններից, պետք է շարունակի պայքարել իր ազգային արժեքների պահպանման համար, այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ աշխատասիրությունը, ընտանիքը, հարգանքն՝ առ մարդկային արժանապատվությունը, անսահման սերը Հայրենիքի նկատմամբ: Դրանում անգհահատելի է Հայկական Առաքելական եկեղեցու դերը: Ելնելով վերոհիշյալից՝ ասեմ, որ ինքնավարության հիմնական խնդիրներից մեկն ազգային ավանդական արժեքների, Հայաստանի մշակույթի, կենցաղի և պատմության պահպանումն ու զարգացումն է, Հայկական Առաքելական եկեղեցու հետ սերտ համագործակցությունը:

Ինչպիսի՞ տպավորություններ ունեք համաժողովից:

 – Շատ ուրախալի էր մասնակիցների աշխարհագրական պատկերը: Լավագույն տպավորություններն ունեմ համաժողովից. անմիջապես երևաց կազմակերպվածության բարձր մակարդակը, որի համար շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանն ու ՀՀ սփյուռքի նախարարությանը:

 Զրուցեց Կարինե Ավագյանը

Scroll Up