Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին ընդառաջ

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կկայանա «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովը, որը նախատեսված է անցկացնել Մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի նախաշեմին:

Համաժողովի անցկացման ժամկետը և օրակարգը որոշվել են դեռևս 2014 թվականին կայացած Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի արդյունքների ամփոփման ընթացքում:

Ի տարբերություն մյուս համաժողովների՝ 6-րդ համաժողովն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով: Առաջին անգամ համաժողովում առանձնացվել են 4 գլխավոր ուղղություններ, որոնց կազմակերպման համար ընտրվել են պատասխանատու գերատեսչություններ՝ Պաշտպանության, Արտաքին գործերի, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների, Սփյուռքի  նախարարությունները:

6-րդ համաժողովի մեկ այլ առանձնահատկությունը 2 կլոր-սեղան-քննարկումների անցկացումն է: Առաջին կլոր-սեղանին քննարկման կդրվեն աշխատանքային խմբի առաջարկները Համահայկական խորհրդի ձևավորման սկզբունքների վերաբերյալ: Համահայկական խորհրդի ձևավորման աշխատանքները կամփոփվեն և առաջին նիստը կկայանա 2018թ. մայիսյան տոնակատարությունների օրերին:

Երկրորդ կլոր-սեղան քննարկումը նվիրվելու է Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի, ինչպես նաև Էրեբունի-Երևանի 2800-ամյակի տոնակատարությունների կազմակերպման և անցկացման նախնական ծրագրերին:

Հայաստանից, Արցախից և Սփյուռքից համաժողովին մասնակցելու համար հրավիրվել են պետական բարձրաստիճան այրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, համահայկական կառույցների և համայնքներում գործող կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, կրթության, մշակույթի և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Սփյուռքից արդեն իրենց մասնակցությունն են հաստատել  ավելի քան 1500 մարդ աշխարհի 70 երկրից:

Համահայկական հերթական այս հավաքն ամենամեծ հարթակն է՝ ի մի բերելու և ամփոփելու Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա արդյունքները և ապագային միտված անելիքները: Այն ունի նաև բարոյական և քաղաքական կարևոր նշանակություն ազգի միասնականության ամրապնդման և Հայաստանի շուրջ նրա համախմբման գործում:

Համաժողովի ընթացքում տեղի կունենան 3 լիագումար նիստեր, ինչպես նաև 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր, որոնք վերաբերում են.  

  • Հայաստանի տնտեսության զարգացմանը (ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն)

Կլսվեն զեկուցումներ Հայաստանի տնտեսության զարգացման և ներդրումների ներգրավման հիմնական խնդիրների, հնարավորությունների և առկա մարտահրավերների, զբոսաշրջության խթանման վերաբերյալ: Կքննարկվեն Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների և ներդրումային ծրագրերի, սփյուռքի գործարար շրջանակների և մասնագիտական ցանցերի հնարավորությունների մասին հարցեր: 

  • Տարածաշրջանային մարտահրավերներին և ազգային անվտանգության օրակարգին (Պաշտպանության նախարարություն)

Կներկայացվեն զեկուցումներ «Ազգ-Բանակ». հավաքական ներուժի զարգացման մոդելի, հայաստանակենտրոն համազգային հայեցակարգի  ձևավորման, ազգային գաղափարախոսության, ազգային ներուժը բանակաշինության  ոլորտում համախմբելու վերաբերյալ: Կքննարկվեն հակահայկական քարոզչության, տեղեկատվական անվտանգության, սահմանապահ բնակավայրերի կայուն զարգացման և հուսալի պաշտպանության հարցերը, Հայաստանում բարձրակարգ հետազոտությունների զարգացման ծրագրին, ՀՀ ռազմարդյունաբերության  զարգացման գործում Հայաստանի և Սփյուռքի տեխնոլոգիական ներուժի ներգրավմանն ու օգտագործմանն առնչվող խնդիրներ: 

  • Արտաքին քաղաքականության օրակարգին և Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը (Արտաքին գործերի նախարարություն)

Անդրադարձ կկատարվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի թեմային, Հայոց ցեղասպանության ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման քաղաքական և իրավական գործընթացներին, կքննարկվեն արդի արտաքին մարտահրավերները և դրանց արձագանքման գործում Հայաստան-Սփյուռք գործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանն առնչվող հարցեր: 

  • Հայապահպանության հիմնախնդիրներին (Սփյուռքի նախարարություն) 

Կներկայացվեն հայապահպանության հիմնախնդիրները: Զեկուցումներ կլսվեն ՀՀ կրթական համակարգի և զարգացման հեռանկարների, հայեցի դաստիարակության, Սփյուռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդրի՝ կրթական ոլորտի մարտահրավերների վերաբերյալ: Քննարկումներ կընթանան հայկական մշակութային ժառանգության, արևեւմտահայերենի պահպանման և զարգացման, աշխարհում տարածված հայ ստեղծագործ մտքի համախմբման, հայկական մշակույթի հանրահռչակման հարցերի շուրջ: Կներկայացվեն Սփյուռքի երիտասարդության ազգային պատկանելության գիտակցումի տեսլականին վերաբերող խնդիրներ: Կլսվեն զեկուցումներ ՀՀ-ում ապաստան գտած սիրիահայերին տրամադրվող աջակցության, սիրիահայ համայնքի վերականգնման խնդիրների վերաբերյալ:

Առաջին լիագումար նիստում ելույթ կունենան Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովի երկրորդ օրվա լիագումար նիստում հանդես կգա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, կքննարկվեն տնտեսական քաղաքականության հետ կապված հարցեր:

Համաժողովի աշխատանքների ամփոփիչ նիստում ելույթ կունենա ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ապա 4 ուղղությունների պատասխանատուները կներկայացնեն թեմատիկ նիստերի քննարկումների արդյունքները:

Համաժողովի ընթացքում կներկայացվեն նախորդ՝ հինգերորդ համահայկական համաժողովի առաջարկների արդյունքում ձևավորված ծրագրերի իրագործման ուղղությամբ կատարված աշխատանքները, ի մի կբերվեն բոլոր նոր առաջարկները, որոնք հետագայում կվերածվեն ծրագրերի և կյանքի կկոչվեն:

Արդյունքների ամփոփումից հետո համաժողովը կընդունի Հայտարարություն, որի նախագիծը քննարկվում է համահայկական և համայնքային կառույցների կողմից և որոնց դիտարկումների և առաջարկությունների հիման վրա էլ կձևավորվի վերջնական տարբերակը:

Համաժողովի աշխատանքները ներկայացնելու, լուսաբանելու և հետադարձ կապ ապահովելու համար ստեղծվել են աշխատանքային խումբ և կայք:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի paf2017.am կայքում առանձին բաժիններով ներկայացված են համաժողովի ծրագիրը, մամուլի կենտրոնի և լրագրողների հավատարմագրման, կազմակերպիչների և հովանավորների մասին տեղեկություններ:

Կգործի ուղիղ տեսակապ լիագումար նիստերից:

Մարզահամերգային համալիրում ձևավորվելու են տաղավարներ, որոնցում իրենց նվաճումները կներկայացնեն այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են` «Թումո» նորարարական տեխնոլոգիաների  կենտրոնը, «Այբ» նորարարական դպրոցը, «Քվանտ» վարժարանը: Կցուցադրվեն գինեգործության, կոնյակագործության, տեքստիլ արդյունաբերության ձեռքբերումները, բարձր տեխնոլոգիաների նորությունները: «Մեգերյան կարպետը» կներկայացնի հայ գորգագործության անցյալի նվաճումներն ու ներկա զարգացման ընթացքը: Առանձին տաղավարներով իր տնտեսական և մշակութային ձեռքբերումները կներկայացնի Արցախը: Կլինեն նաև «Ազգ-բանակ» գաղափարախոսությանը նվիրված ցուցադրումներ:

Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն մի շարք մշակութային միջոցառումներ:  Սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կբացվի «Նաիրի» երաժշտական այգի-թանգարան, որտեղ տեղադրված կլինեն հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան:

Սեպտեմբերի 18-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի համերգ՝ նվիրված Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության 50-ամյակին:

Սեպտեմբերի 19-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կնշվի «Ծագումով հայեր» հաղորդաշարի 10-ամյակը:

Սեպտեմբերի 20-ին համաժողովի մասնակիցները ներկա կգտնվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունեցող «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգին, որտեղ կմեծարվեն Հայաստանից և Սփյուռքից արվեստի նշանավոր գործիչներ:

Սեպտեմբերի 5-29-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում առաջին անգամ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոնի «Հայ կոլեկցիոներների ակումբի» հետ համատեղ կազմակերպում է «Ընտրանի» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 19-րդ դարի երկրորդ կեսից մինչև 21-րդ դարի սկզբի 24 հայ նշանավոր արվեստագետների 30 ստեղծագործությունները՝ բացառապես մասնավոր հավաքածուներից:

Կից ներկայացնում ենք Համաժողովի ծրագիրը.

FORUM-programme-2017

Scroll Up