Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը հայ ժողովրդի ապագայի տեսլականի հստակեցումն է. Եսայի Հավաթյան

«Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը պետք է լինի հայ ժողովրդի ապագայի տեսլականի հստակեցումը: Այսինքն՝ ի՞նչ է ցանկանում հայությունն այսօր, պետք է հստակ բանաձևել մեր ուզածը: Իմ կարծիքով ապագայի տեսլականը հզոր, ապահով, զարգացող և պահանջատեր  Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ ունենալն է»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց ազգային, հասարակական գործիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Այնճարի հանձնախմբի ատենապետ Եսայի Հավաթյանը՝ հավելելով, որ պետք է քննել կարող, հայրենասեր և զարգացած սերունդ պատրաստելու անհրաժեշտ միջոցները և ծրագիր մշակել՝ հզոր քաղաքացի պատրաստելու համար, առանց որոնց հնարավոր չէ հզոր հայրենիք ունենալ:

«Մեծ ակնկալություններ չունեմ, ու կարծում եմ, որ նմանօրինակ համաժողովները կարող են լավ  գաղափարներ և ծրագրեր ներկայացնել, սակայն ավելի կարևորն այդ ծրագրերն ու գաղափարները իրականացնելու միջոցներն են և պատասխանատուները: Պետք է հստակեցնել գործնական դերերի բաշխումը, այլապես կարող է ամեն բան մնալ խոսքի սահմաններում»,-նշեց Եսայի Հավաթյանը:

Scroll Up