Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Հայապահպանության առաջնահերթ խնդիրը հայ լեզվի գոյատևումն է. Գրիգոր Ամիրզայան

Սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակներում ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը լրագրող, Ֆրանսիայի «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանի հետ:

 -Ձեր կարծիքով, ո՞րն է առաջիկա Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:

– Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի առաջնահերթությունն այն է, որ Սփյուռքը և Հայաստանը միասնական արտահայտվեն, համախմբվեն, միևնույն ծրագրերն իրականացնեն Հայաստանի Հանրապետության և Արցախի շուրջ: Անհրաժեշտ է նաև, որ Սփյուռքը Հայաստանին և Արցախին օգտակար լինի գործնական կերպով (ֆինանսական, տնտեսական և այլն): Իսկ Հայաստանը և Արցախը պետք է օգնեն Սփյուռքին՝ հայկական շնչով գոյատևելու, որպեսզի հայ լեզուն չկորչի 8 միլիոնանոց Սփյուռքում, որպեսզի հնարավոր լինի ամրապնդել Սփյուռք-Հայաստան կապերը:

 – Համաժողովի 4 թեմատիկ ուղղություններից մեկը նվիրված է հայապահպանության հիմնախնդիրներին: Ո՞րն է Սփյուռքում հայապահպանության ամենամեծ հիմնախնդիրը և ի՞նչ  պետք է անել այդ ուղղությամբ:

– Հայապահպանության առաջնահերթ խնդիրը հայ լեզվի գոյատևումն է: Պայմանները շատ դժվար են: Եվրոպայում, Ամերիկայում, հավանաբար նաև Ռուսաստանում, հայ լեզուն օր օրի օտարանում է: Հայ նոր սերունդը հայերեն չի խոսում, որը իմ կարծիքով ձուլման առաջին նախանշանն է:

Երկրորդ խնդիրը Սփյուռքում հայկական կառույցների հայ պահելը, գոյատևելն է: Անհրաժեշտ է աշխուժացնել Հայաստանի հետ կապերը, որպեսզի Սփյուռքում ապրողը իմանա, որ այսօր կա Հայաստան երկիր, Հայաստանի Հանրապետություն, որն իր տունն է: Կարող է այցելել ու տեսնել այն, վայելել և ինչու ոչ՝ մնալ ու ապրել:

 -Որո՞նք են այն կարևոր նախադրյալները, որոնց միջոցով Սփյուռ       քում հնարավոր է հայապահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացնել` հատկապես երիտասարդների շրջանակում:

– Իմ կարծիքով առաջին պայմանը լեզուն է: Անհրաժեշտ է հայկական դպրոցներ կառուցել, Հայաստանից գրքեր ուղարկել: Սփյուռքում ապրող երիտասարդը պետք է հաճախ Հայաստան այցելի, հայկական միջավայրի և հայկական իրականության մեջ շփվելով՝ տեսնի, որ հայ ազգը ապրում է, կա և պիտի մնա այս հարափոփոխ աշխարհում:

– Ին՞չ ակնկալիքներ ունեք համաժողովից:

 – Ակնկալությունս առաջին հերթին կապեր ստեղծելն է ՝ միջ-հայկական, Սփյուռք-Հայաստան և Սփյուռք-Սփյուռք: Կարևոր է նաև տեսակետներ փոխանակելը, փորձառություններով կիսվելը, ինչպես նաև նույն ձևով տեսնել Հայոց ապագան: Լինել միասնական Հայաստանի և Սփյուռքի հիմնախնդիրների շուրջ, որոնք են՝ Սփյուռքում հայապահպանությունը, Հայաստան և Արցախ Հանրապետությունների գոյատևումը:

Scroll Up