Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. «Մենք դատապարտված ենք միասնաբար, երկխոսության ճանապարհով լուծելու մեր համազգային հարցերը». Ահարոն Շխրտմյան

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին ընդառաջ «Հայերն այսօր»-ը զրուցել է Հայ երիտասարդաց ընկերակցության (ՀԵԸ) մամուլի և տեղեկատվական հարցերի պատասխանատու, լիբանանահայ հրապարակագիր Ահարոն Շխրտմյանի  հետ:

– Ձեր կարծիքով ո՞րն է սեպտեմբերին 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությունը:

– Հայաստան-Սփյուռք համաժողովների առաջնահերթությունը պետք է լինի համահայկական հարցերի քննարկումը, որոնք պետք է ընթանան փոխադարձ  հարգանքի  մթնոլորտում՝ միասնաբար լուծելով  Սփյուռքի և Հայրենիքի դիմագրավող  հարցերը: Գաղտնիք չէ՝ Սփյուռքը և Հայրենիքը դիմագրավում են համազգային   բազմատեսակ տագնապներ:  Խորհրդաժողովների նպատակը պետքէ լինի այսօրինակ  հրատապ թեմաների քննարկումը, լուծումների որոնումը և ամենակարևորը` որոշումների հետապնդումը:

Համազգային խնդիրների առջև բոլոր կառույցներն ունեն պարտականություն և պատասխանատվություն: Համաժողովին մասնակցող յուրաքանչյուր կառույց, անհատ պետք է գիտակցի, որ եկել է ստանձնելու պարտականության որոշ բաժին:

Յուրաքանչյուր հայ՝ Սփյուռքում կամ Հայրենիքում, պիտի զգա և գիտակցի հզոր  պետականության զավակը լինելու հպարտությունը: Եվ պատասխանատվության այս գիտակցությամբ մասնակցի  համաժողովին:

Այլընտրանք չունենք: Մենք դատապարտված ենք միասնաբար, երկխոսության  ճանապարհով լուծելու մեր համազգային հարցերը՝ հանուն կազմակերպված Սփյուռքի, հզոր և ժողովրդավար պետականության:

– Համաժողովի չորս թեմատիկ ուղղություններից մեկը նվիրված է  հայապահպանության հիմնախնդիրներին: Ո՞րն է Սփյուռքում հայապահպանության ամենամեծ հիմնախնդիրը և ի՞նչ պետք է անել այդ ուղղությամբ:

– Վերաքննության և վերարժևորման անհետաձգելի հրամայականի առջև է գտնվում Սփյուռքը: Կրթական, քարոզչական և մտավորական գործիչների քանակի, որակի  նվազումը և նահանջը մեկնաբանության կարիք չունեն:

Սփյուռքում մեր քաղաքական, կրթական և հոգևոր կառույցները որքա՞ն ջանք են թափում մեր երիտասարդների հոգում ամրապնդելու ազգային ոգի, մեր լեզվի և մշակույթի կրակը:

Ի՞նչ հայապահպանության մասին է խոսքը, երբ մեր կրթական կառույցներում զգալի կերպով նահանջում է հայոց լեզվի  դասավանդումը: Մեր ընտանիքներում ոմանք անհրաժեշտություն չեն համարում հայերեն խոսելը, պատճառաբանելով՝ կարևորը հայկական ոգի ունենալն է:

Սփյուռքում վերջին տասնամյակում առաջ տարվող հայերենախոսության շեշտակի նվազման հիմնական պատճառներից մեկը այդ մոտեցումն է` կարևորը հայի ոգի ունենալն է, այլ ոչ թե՝ լեզվին տիրապետելը: Հոգեբանական ինչպիսի՞ պատգամ  է ստանում երեխան, երբ ծնողը հայերենի փոխարեն օտար լեզվով է խոսում զավակի հետ:

Եթե որակ ենք ցանկանում, պատրաստ պիտի լինենք փոխելու մեր ժողովրդի քաղաքական մշակույթը: Անհրաժեշտ է արդիականացնել մեր կառույցները, հատկապես` նրանց կարողականությունը:

Նահանջում է արևմտահայերենը, նահանջում է հայը, նահանջում ենք բանիվ և գործով, մեծով և փոքրով:

Բոլորիս պահանջն է, որ մեր վարժարաններում լիարժեք աշխատանք կատարվի հայոց լեզվի անաղարտ պահպանման և դասավանդման ուղղությամբ: Երևույթը խիստ մտահոգիչ է: Համաժողովին մասնակիցները որքանո՞վ  պիտի պատրաստ լինեն քննարկելու այս օրակարգը:

Այս առիթով ցանկանում եմ համաժողովի որոշումների մեջ տեսնել համահայկական լեզվական խորհրդի կազմությունը, որի որոշումները գործադրելի պիտի դառնան  բոլորի կողմից: Ստեղծել արևմտահայերեն լեզվով հեռատեսիլի և ձայնասփյուռի կայան: Շարունակելով «Հայերն այսօր»-ի օգտաշատ աշխատանքը, լույս ընծայել արևմտահայերեն  պարբերաթերթ:

– Որո՞նք են այն կարևոր նախադրյալները, որոնց միջոցով Սփյուռքում հնարավոր է հայապահպանությանն ուղղված աշխատանքներ իրականացնել՝ հատկապես երիտասարդների շրջանակներում:

– Սփյուռքում պիտի շարունակենք  հայապահպանության մեր առաքելությունը, հայեցի  դաստիարակության աշխատանքները, քաջ գիտակցելով, որ օտար ափերում ծնված և ապրող հայ երիտասարդը գտնվում է համաշխարհայնացման և ինքնության պահպանության երևույթների դեմ հանդիման:

Հայապահպանությունը ենթադրում է հավաքական աշխատանք: Սփյուռքյան յուրաքանչյուր կառույց, կազմակերպություն այս ուղղությամբ կատարելիք պարտականություն ունի: Մյուս կողմից  անհրաժեշտ է  որդեգրել  հայապահպանության  նոր ռազմավարություն: Հայ երիտասարդին ավելի մոտիկից ծանոթացնել հայրենիքին, զարգացնել հայրենիքի, հայրենի հողի հանդեպ նրա գիտակցությունը, հոգեմտավոր կապը, ներշնչել հայրենիքի նվաճումներով, նրա մշակութային, պատմական արժեքներով, միաժամանակ Սփյուռքի հայկական կառույցներում ավելի գործունյա դերակատարություն վստահել հայ երիտասարդին:

Կարևոր  հանգամանք է նաև երկքաղաքացիության հարցը: Երկքաղաքացիություն ստանալով՝ սփյուռքահայ երիտասարդը ինքնաբերաբար պիտի շաղվի  Հայաստանի  սոցիալական և  քաղաքական  առօրյային:  Այլ ափերում ապրելու փոխարեն՝ պիտի  նախըտրի իր  հողը:

– Ին՞չ ակնկալիքներ ունեք համաժողովից:

– Սփյուռքի գոյությունը իմաստավորվում է հայրենիքի հզոր պետականությամբ: Հայաստանը այն հողն է, ուր ինքնաբերաբար պիտի զարգանա հայի ինքնուրույնությունը և մեր ժողովրդին ապագան:

Մաղթանքն է, որ համաժողովը նոր կամար դառնա Սփյուռք-Հայրենիք  փոխհարաբերությունների հորիզոնի վրա, որտեղ հարազատորեն օրակարգի վրա կդրվեն մեր ժողովրդին հուզող բոլոր խնդիրները, մտահոգությունները, կճշտվեն առաջնահերթությունները, կորդեգրվեն գործնական և իրապաշտ մոտեցումներ:

Scroll Up