Հայաստան-Սփյուռք VI համաժողովին ընդառաջ. Կկայանա «Նաիրի» երաժշտական փառատոնը

Սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով ՀայաստանՍփյուռք VI համահայկական համաժողովի շրջանակներում կայանալու է «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնը, որն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, սեպտեմբերի 16-ին Հանքավանի «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրի տարածքում կբացվի «Նաիրի» երաժշտական այգիթանգարան, որտեղ տեղադրված կլինեն հայ երաժշտությունը, երգարվեստը, երաժշտական նվագարանները խորհրդանշող բրոնզաձույլ հարթաքանդակներով 10 արձան: Ըստ նախագծի հեղինակների մտահղացման, այգու համայնապատկերը վերևից իր ճեմուղիներով, արձաններով, ծառերով և նստարաններով ներկայացնում է ջութակի իրանի կիսապատկեր:

Սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գալա համերգը, որի ընթացքում կմեծարվեն Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող արվեստի նշանավոր գործիչներ: 

Երեկոյի կազմակերպիչներն են՝ ՀՀ սփյուռքի, մշակույթի նախարարությունները, Հայաստանի կոմպոզիտորների միությունը և «Նաիրի» հիմնադրամը:
Գլխավոր հովանավորն է «Նաիրի սպա ռեզորթս» հյուրանոցային համալիրը:

Scroll Up