Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Հարկ է բռունցքվել Հայրենիքի շուրջ. Համբիկ Մարտիրոսյան

«Ուզում եմ շեշտել, որ համաժողովի չորս օրակարգերն իրենց արդիականությամբ մեծ նշանակություն ունեն մեզ համար, հետևաբար հարկավոր է դրանք քննել ուշադրությամբ ու բծախնդրությամբ»,-անդրադառնալով սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական 6-րդ համահայկական համաժողովին՝«Հայերն այսօր»-ի հետ զրույցում նշել է Լիբանանի «Խոսնակ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Համբիկ Մարտիրոսյանը և հավելել՝ ուրախ է, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը նախաձեռնել է այսպիսի համաժողով՝ մշտապես նկատի ունենալով տարածաշրջանի, այս պարագայում՝ Միջին Արևելքի և Կովկասի քաղաքական կացությունը, տարածաշրջանում կատարվող երևույթները, շահարկվող «Նոր Միջին Արևելք»-ը, մի շարք արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, առավել ևս՝ այդ երկրներում գոյություն ունեցող մեկդարյա հայկական համայնքների ճակատագիրը և, բնականաբար, Հայաստանի և Արցախի տեղն ու դերը այսօր՝ չմոռանալով Հայաստանի շրջափակված դրությունը երկու հարևանների կողմից:

«Պետք է գիտակցենք, որ ազգերի պատմության մեջ գալիս են հանգրվաններ, երբ անհրաժեշտություն է առաջանում սթափվել, կանգ առնել, հետադարձ հայացք ձգել և ծրագրավորել ապագան: Այդ իմաստով այսօրը մեզ համար խիստ կարևոր է, որպեսզի քննենք անկախության 26 տարիները, աչքի առաջ ունենանք մեր բացթողումներն ու սխալները և ջանանք սրբագրել դրանք՝ գալիք սերունդներին ժառանգելու համար մեր երազած Հայրենիքը:

Այսօր երկրներն ու պետությունները կարող են գոյատևել, եթե խաղաղության մեջ են ապրում, ապահով են, անվտանգ և ունեն տնտեսական վերելք: Մեր Հայրենիքի համար նշված տվյալները խիստ կարևոր են և անհրաժեշտ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ պայքարելու համար: Եթե չկա խաղաղություն, չկա ապահովություն ու անվտանգություն, ինչպես նաև չկա տնտեսական քաղաքականություն և ժողովրդի ապրելու բարեկեցիկ պայմաններ:

Այստեղ ես անվարան պիտի հայտարարեմ, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար «օդի, ջրի ու հացի» նման անհրաժեշտ է Կովկասի տարածաշրջանի խաղաղությունը: Իսկ այդ խաղաղությունը, ապահովությունն ու նաև անվտանգությունը երաշխավորում է միայն ու միայն Հայոց բանակը»,-նշել է Համբիկ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներկա կացությանը՝ «Խոսնակ» ամսաթերթի գլխավոր խմբագիրը ընդգծել է, որ այսօր մեր երկրի իշխանությունների շրջահայաց, զգոն և հեռատես քաղաքականության շնորհիվ Հայաստանը առաջադիմում է բազմաթիվ ոլորտներում՝ իր որդեգրած հստակ և գործնական ներքին և միջազգային քաղաքականությամբ՝ միաժամանակ զարգացնելով տնտեսությունը. «Գիտենք, որ երկիրը շատ բացթողումներ ունի, ունի նաև խոցելի կողմեր, սակայն դրանք պատճառ չեն, որ լացենք ու ողբանք, ընդհակառակը, առանց հուսահատվելու պետք է նայենք առաջ և նախաձեռնենք՝ կատարյալին հասնելու համար: Չմոռանալով, որ ունենք միայն 26 տարիների անցյալ և փորձառություն, գումարած երկրաշարժը, ազատագրական պայքարն ու շրջափակումը:

Արդարև, գումարվելիք 6-րդ Հայաստան-Սփյուռք համաժողովը պետք է առիթ և միջոց հանդիսանա, որպեսզի հայությունն իր ուժերի գերլարումով դիմադրի իր առջև ծառացած մարտահրավերներին, անկեղծ մթնոլորտում քննարկի սրբագրություն պահանջող սխալները, փոխադարձ վստահությամբ նայի առաջ՝ բոլոր ոլորտներն ընդգրկող քաղաքականություն որդեգրելու համար»:

Իր խոսքում Համբիկ Մարտիրոսյանը կարևորել է երկրի սահմաններն ապահովող հզոր բանակ ունենալը, որի կարիքները պետք է հոգանք ազգովի. «Միայն Հայաստանի ժողովրդի «ճիտին պարտքը» չէ զարգացնել բանակի հնարավորությունները: Այդ մեկը բոլորիս պարտքն է, սրբազան պարտականությունը, այն, որը պիտի փայփայի 8 միլիոնանոց սփյուռքը՝ անխտիր:

Պետք չէ մոռանալ, որ տարածաշրջանը շրջապատված է քաղաքական և ռազմական դիմակով: Մեզ հարկավոր է զգույշ լինել, որպեսզի հեռու մնանք այրող հրդեհներից, բայց պատրաստ ցանկացած անակնկալի՝ միշտ կանգնենք մեր Պետության և բանակի կողքին, որպեսզի անվտանգ պահենք մեր Հայրենիքը»:

Խոսելով Հայաստանի զարգացման հեռանկարների մասին, Համբիկ Մարտիրոսյանը նշել է, որ հարկավոր է ծրագրել տնտեսական նոր քաղաքականություն մեր եռամիասնությամբ՝ զարկ տալով Հայաստանի և Արցախի արդյունաբերության զարգացմանը, կատարելով նոր ներդրումներ, ստեղծելով աշխատանքի հնարավորություններ, որպեսզի կասեցվի արտագաղթը և մանավանդ՝ ուղեղների արտահոսքը. «Այս գործում մեծ դեր ունեն սփյուռքահայ միությունները, սփյուռքահայ ունևոր խավը, անշուշտ, երբ ստեղծվի փոխադարձ վստահություն և պատասխանատվություն: Պետք չէ մոռանալ, որ ժողովրդավար և զարգացած հայրենիքը, հզոր բանակը, արդիականացած ու հարուստ տնտեսությունը կապահովեն արժանապատիվ կյանք և նախանձելի կենցաղ, որը, անկասկած, կխթանի հայրենադարձությանը»:

Անդրադառնալով հայապահպանության խնդիրներին, «Խոսնակ» ամսագրի գլխավոր խմբագիրը նշել է, որ սփյուռքյան պայմաններում հարկավոր է սկսել հայապահպանության նոր քարոզարշավ՝ նորահաս սերունդների կապը Հայրենիքի հետ պահելու համար. «Այս առումով պետք է գնահատել Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը, որը քաջալերում է նորահաս սերունդների այցը Հայաստան՝ նպաստելով պատանիների և աղջիկների մեջ հայրենասիրության դաստիարակմանը: Նման առաքելություն են իրականացնում նաև մի շարք միություններ և կազմակերպություններ:

Պետք է հավելենք, որ զարգացած և առաջադեմ, գիտությամբ և մշակույթով հարուստ Հայաստանի անունը, դիրքն ու տեղը Միջազգային ընտանիքում հպարտությամբ են լցնում հայի հոգին ամենուրեք՝ պատճառ հանդիսանալով, որ հայը կառչած մնա իր արմատներին և արժեքներին, ինչպիսիք են՝ լեզուն, եկեղեցին, ազգը և հայրենիքը»:

Երզրափակելով իր խոսքը՝ Համբիկ Մարտիրոսյանը շեշտել է, որ հարկ է բռունցքվել Հայաստան, Արցախ և Սփյուռք եռամիասնությամբ, պետք է դառնալ՝ մեկ, միաբան, միակամ, միասնական՝ բոլոր ժամանակներից ավելի, հավաքված Հայրենիքի շուրջ, որպեսզի դառնանք Ազգ-բանակ՝ որևէ վտանգի դիմաց, որպեսզի դառնանք վահան՝ բյուր սպառնալիքների դիմաց, որպեսզի դառնանք անտառ՝ ազգը քանդող քամիների դիմաց. «Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը նոր մարտահրավեր է մեզ համար, որպեսզի ժամանակը դարձնենք՝ հօգուտ մեզ, դարը դարձնենք մերը՝ այն վերածելով Հայկական Ոսկեդարի, որի համար անհրաժեշտ է հավաքական գիտակցություն, կամք, բարյացակամ վերաբերմունք, հանդուրժողականություն, սեր և հավատք, միշտ համոզված լինելով, որ մեր ժողովրդի փրկությունը կլինի հավաքական ուժով միայն»:

 

 

 

Scroll Up