Սփյուռքի նախարարն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանին

Օգոստոսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ, «Didier Parakian» նորաձևության տան տնօրեն Դիդիե Փարաքյանին և նրա ընտանիքի անդամներին:

Նախարարը բարձր գնահատեց եվրոպական երկրներում Հայաստանի և հայ ժողովրդի անունը բարձր պահելուն ուղղված Մարսելի հայազգի փոխքաղաքապետի ջանքերը: Գերատեսչության ղեկավարը կարևորեց Հայաստանի բուժհիմնարկներին բժշկական սարքավորումներ տրամադրելու Փարաքյանի նախաձեռնությունը և աջակցությունը, որի շնորհիվ Ֆրանսիայի Կարմիր Խաչի կողմից Հայաստանի Կարմիր Խաչին տրամադրված գումարներով Գեղարքունիքի մարզում շուրջ 500 կանայք  հետազոտվեցին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը Դիդիե Փարաքյանին հանձնեց «Մխիթար Գոշ» մեդալը, որը Հանրապետության Նախագահը նրան շնորհել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

«Մեծ հպարտություն է Սփյուռքում Ձեզ նման հայրենակից ունենալը: Դուք հաջողակ քաղաքական գործիչ եք, գործարար, լավ հայ, լավ զավակ, հայր և ամուսին: Վերջին տարիներին Դուք ակտիվացրել եք կապերը Հայրենիքի հետ, – նշեց Սփյուռքի նախարարը՝ հավելելով,- Ձեր հովանավորությամբ վերանորոգվում է նաև Թալինի շրջանի Դավթաշեն գյուղի հանրակրթական դպրոցը: Բարձր գնահատելով Ձեր գործունեությունը՝ Հանրապետության Նախագահը Ձեզ պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայում հայազգի բարձրաստիճան պաշտոնյան շեշտեց, որ կրկնակի ուրախ է մեդալը ստանալ նախարար Հրանուշ Հակոբյանի ձեռքից: «Այս մեդալը նվիրում եմ իմ ընտանիքին, նախևառաջ՝ մայրիկիս, կնոջս և քրոջս, ապա՝ հայրիկիս, զավակներիս և Սփյուռքի ողջ հայությանը: Մենք շնորհակալ ենք Ձեզ և Ձեր նախարարությանը այն մեծածավալ աշխատանքի համար, որ իրականացնում եք Հայրենիք-Սփյուռք կապերն առավել մերձեցնելու ուղղությամբ: Շուտով երեխաներս նույնպես կդառնան 14 տարեկան և հուսով եմ՝ նրանք էլ կմասնակցեն հիասքանչ «Արի տուն» ծրագրին», – ընդգծեց Դիդիե Փարաքյանը:

Մարսելի փոխքաղաքապետը նշեց, որ Սփյուռքը ուժ է Հայրենիքի համար, որն իր էներգիան ստանում է միայն Հայաստանից: «Ամեն անգամ մենք գալիս ենք Հայաստան՝ նախևառաջ մեր նախնիների հողից լիցքավորվելու, ուժ ստանալու համար, այստեղ հրաշագեղ հայերենը սովորելու և մեր զավակներին փոխանցելու համար»,- ասաց Դիդիե Փարաքյանը:

Scroll Up