«Ոչինչ միանգամից ու հեշտ չի տրվում». սիրիահայ հայրենադարձ

#3խորհուրդսիրիահայից ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք «Հայերն այսօր»-ի հարցազրույցը «Յասմին» ռեստորանի տնօրեն Հասմիկ Աշոտյանի հետ:

– Տիկի´ն Հասմիկ, կպատմե՞ք Ձեր բիզնեսի մասին:

– Դեռ վաղուց Սայաթ Նովա փողոցի վրա շաուրմայի կրպակ ունեինք, կոչվում էր՝ «Հալեպի սենդվիչ», որտեղ մատուցում էինք սիրիական արագ ուտեստներ: Այնուհետև կրպակի հարևանությամբ փոքրիկ մի ճաշարան բացեցինք` ընդամենը 4 սեղանով, և քանի որ արդեն ձմեռ էր, սկսեցինք տաք ուտեստներ մատուցել, մտածելով՝ լավ կվաճառվեն:

4 տարի այդպես աշխատելուց հետո որոշեցինք, որ ավելի մեծ վայր է պետք բացել և 4 ամիս առաջ բացեցինք այս ռեստորանը: Սննդի նախորդ կետերը փակեցինք և կենտրոնացանք այս բիզնեսի վրա: Հիմա մեր ճաշացանկն էլ է հարստացել, մատուցում ենք արևելյան խոհանոցի համեղ ճաշատեսակներ:

– Ռեստորանի անունը «Յասմին» է: Ո՞վ է այդպես կոչել:

– Իմ անունով է, պարզապես Հասմիկ անունս ձևափոխել և ստացել ենք Յասմին:

– Ասացիք, որ հիմնականում մատուցում եք արևելյան խոհանոցի ճաշատեսակներ: Իսկ ո՞ւնեք որևէ հատուկ ճաշատեսակ, որը հնարավոր է ճաշակել միայն այստեղ:

– Մեզ մոտ մատուցում են ամենահամեղ «ֆուլ»-ը և «ֆաթեն»-ն: Մեր հաճախորդները հատուկ այս ճաշատեսակների համար են այստեղ գալիս:

– Ովքե՞ր են Ձեր հիմնական հաճախորդները:

– Հիմնական հաճախորդների կեսը հայաստանցիներ են: Մեր հին հաճախորդները ևս այցելում են մեզ: Մեր ռեստորանն են նախընտրում նաև տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայերը:

– Այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:

– Ոչինչ միանգամից ու հեշտ չի տրվում: Բայց մեր աշխատասիրությամբ հաղթահարել և շարունակում ենք հաղթահարել այդ դժվարությունները: Օրենքները մեզ համար նոր են, հատկապես՝ հարկեր վճարելու մեխանիզմը: Սիրիայում տարեկան վճարում էինք այնքան հարկ, որքան այստեղ վճարում ենք մեկ ամսվա համար: Իսկ մշակութային առումով խնդիր չունենք: Ինչպես որ այնտեղ ենք սիրել ժողովրդին, այնպես էլ այստեղ ենք սիրում:

– Զրույցի վերջում ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ուզում են Հայաստանում բիզնես հիմնել:

– Կարծում եմ՝ ամենից կարևորն արդար աշխատելն է: Պետք է ուշադիր լինել և նոր մարդկանց հետ կարողանալ շփվել: Կարևոր է նաև այն, որ մեր բիզնեսն ընտանեկան է: Մեզ համար ավելի հեշտ է միասին աշխատելը, քանի որ մեկ ընտանիքի անդամներ ենք և վստահում ենք իրար:

Լաուրա Սամվելյան

Scroll Up