Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Տավուշի մարզում քննարկվեցին սահմանապահ համայնքների աջակցությանն ուղղված հարցեր

Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, աշխատակազմի ղեկավարի տեղակալ Երեմ Սիմոնյանը, նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ Վաղինակ Քոչարյանը և Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանն աշխատանքային այց կատարեցին ՀՀ Տավուշի մարզ, որի ընթացքում հանդիպեցին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին:

Շնորհակալություն հայտնելով մարզպետին ընդունելության համար՝ Ֆիրդուս Զաքարյանը նշեց, որ սեպտեմբերի 18-ից 20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին ընդառաջ՝ Սփյուռքի նախարարությունը հանդես է գալիս սահմանապահ համայնքներին հովանավորներ գտնելու նախաձեռնությամբ: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ արդեն իսկ ի մի են բերվել այդ համայնքների առաջնահերթ հինախնդիրները, որոնք կներկայացվեն Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին: Ֆիրդուս Զաքարյանը հավելեց, որ վերոհիշյալ նախաձեռնությանն արդեն արձագանքել են մի քանի բարերարներ, ովքեր կստանձնեն Տավուշի մարզի 2 բնակավայրի հիմնախնդիրների լուծման պատասխանատվությունը:

Վլադիմիր Աղայանն իր խոսքում նշեց, որ քանի որ Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ժամանակ քննարկվելու է նաև սահմանամերձ համայնքներին աջակցելու հարցը, հետևաբար հանդիպման նպատակն է մոտիկից ծանոթանալ մարզում իրականացվող ծրագրերին ու համաժողովին ներկայացնել այդ համայնքներում համապատասխան ներդրումներ կատարելու հնարավորությունները:

Մարզպետ Հովիկ Աբովյանը ողջունեց սահմանապահ համայնքներին օժանդակելու Սփյուռքի նախարարության և Ռուսաստանի հայերի միության պատրաստակամությունը, միաժամանակ ներկայացրեց մարզում հաջողությամբ մեկնարկած մի շարք ծրագրեր, որոնց շնորհիվ ստեղծվել են ոչ միայն նոր աշխատատեղեր, այլև կարողացել են զարգացնել արտադրական կարողությունների շրջանակը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների մասին:

Scroll Up