Արևածիծաղ  աչուկներով  Սալբին ու համակրելի Արդենը՝ Ստամբուլից ՝«Արի տուն» ծրագրի մասնակիցներ

ՀՀ  սփյուռքի նախարարության «Արի տուն»  հայրենաճանաչողական ծրագիրը   թևակոխեց վերջին՝ 8-րդ փուլ, որի շրջանակներում Սփյուռքի տարբեր երկրներից ժամանած  հայորդիները  մասնակցեցին  այդ փուլի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նրանք պետք է այցելեին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի  ուխտավայր-գերեզման՝ Օշական: Այդ ընթացքում «Հայերն այսօր»-ի համար հարցազրույց  ունեցա Ստամբուլից ծրագրին մասնակցող երկու լուսաչվի, հայկական  անուշիկ  դիմագծերով  հայորդիների՝ Արդենի և Սալբիի հետ:

 Արդեն  Արսլան, 17 տարեկան

-Ես   եկել եմ  Ստամբուլից, սովորում եմ Կենտրոնական վարժարանում: Այս ծրագրի մասին իմացել եմ մեր դպրոցում, ընկերներիցս եմ լսել: Առաջին անգամ եմ Հայաստանում. ուրախ եմ, որ պետք է տեսնեմ մեր պատմամշակութային հուշարձանները: Մեր արմատները Արևմտյան Հայաստանից են: Հայրս կաշեգործ է, մայրս՝ տանտիկին: Մենք դպրոցում շատ բան ենք սովորել Հայաստանի, արևմտահայ, արևելահայ գրողների մասին. ես  հատկապես  շատ սիրում եմ Հակոբ Պարոնյանի, Թեքեյանի, Երվանդ Օտյանի ստեղծագործությունները: Ինձ համար  հետաքրքիր է այս ծրագրին մասնակցելը:

Սալբի  Մոր, 15 տարեկան

-Ես էլ եմ սովորում Կենտրոնական վարժարանում և առաջին անգամ եմ Հայաստանում: «Արի տան» մասին լսել եմ մեր վարժարանում և ցանկացա մասնակցել ծրագրին: Մինչև Հայաստան գալը՝ քիչ բան գիտեի Հայաստանի մասին, սակայն այս օրերի ընթացքում ավելի մոտիկից կծանոթանամ  տեսարժան վայրերին: Ես հայ գրողներից գիտեմ Հակոբ Պարոնյանին, Թեքեյանին, Մուշեղ Իշխանին…Իմ կարծիքով Երևանը շատ գեղեցիկ է, սակայն ես տեսնում եմ նաև հին, ոչ գեղեցիկ շինություններ, որոնք խանգարում են մյուս գեղեցկություններին:

… Հայերը,  ուր էլ,  որ լինեն,  աշխարհի որ ծայրում էլ  գտնվեն, ինչ կերակուր էլ վայելեն, միևնույն է, հաճույքով են ըմբոշխնում մեր հայկական ավանդական տոլման, թոփիկը, որոնց  մասին մեր զրույցի վերջում սիրով հիշատակեցին Արդենն ու Սալբին, նրանք  չմոռացան  նշել նաև Երևանի  համեղ ջրի  մասին: Մեր զրույցի ընթացքում  իմ հարցերին տված նրանց անկեղծ ու անմիջական պատասխանները,  յուրօրինակ կարծիքները 1-2 օրվա հյուրընկալության և առաջին օրերի տպավորությունների  հետ կապված՝  խոսում են  հայրենաճանաչողական այս ծրագրի  հետաքրքրության  ու  սփյուռքահայ երիտասարդների կողմից սիրված լինելու մասին: Բարի ճանապարհ մաղթելով համակրելի  երիտասարդին՝ Արդենին ու գեղեցիկ հյուսքերով,  արևածիծաղ աչուկներով  Սալբիին դեպի Օշական ՝ ընկնում եմ մտորումների գիրկը.   նրանց  շա՜տ հայկական արտաքինն  ինձ տանում  է դեպի նախնիներիս  երկիր, դեպի  Սասուն ու Մուշ, դեպի  Վանա լիճ ու Մեղրագետ, դեպի  Զեյթուն ու Արդահան, Կարս ու Արդահան,  Մարութա սար  …. 

Կարինե Ավագյան

Scroll Up