Հայաստան-Սփյուռք համաժողովին ընդառաջ. Բոլոր մարտահրավերների մեջ յուրաքանչյուր հայ ունի իր տեղն ու դերը. Հրայր Ճեպեճյան

«Չեմ կարծում, թե հայ ժողովրդի հիմնահարցերի մեջ կարող ենք առաջնահերթություններ սահմանել: Հայ ժողովրդի գոյապայքարը` Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է: Վերջինիս առնչվող բոլոր հիմնահարցերը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն, որովհետև հնարավոր չէ յուրաքանչյուր հիմնահարց քննել և նրա միջով նավարկել՝ առանց առընչելու մեկը մյուսին և մեկը մյուսից»,- անդրադառնալով սեպտեմբերին կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջնահերթությանը «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Արաբական ծոցի Աստվածաշնչի ընկերության ընդհանուր քարտուղար Հրայր Ճեպեճյանը:

«Համաժողովին պետք է խոսեմ հայ մշակույթի և հայապահպանության մեջ նրա ունեցած դերի մասին: Մշակույթը և հայապահպանությունը անպայմանորեն և ուղղակի կապված են յուրաքանչյուր նյութին հետ, որոնք քննարկվելու են համաժողովի ընթացքում: Հայապահպանությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային հիմնահարցերն ու Ցեղասպանությունը (վերջինիս հետևանքներն ու պահանջատիրությունը) միասին կազմում են մի մեծ օղակ, որի մեջ ամփոփվում է հայի կյանքը:

Եվ այս իմաստով լավ կլիներ, եթե համաժողովին կարողանայինք հայի համահայկական, իրար հետ և իրար առընչվող բոլոր այս հիմնահարցերի նկատմամբ ստեղծել համապարփակ գիտակցություն, որպեսզի յուրաքանչյուր մասնակից խորհի, որ նա մեկ անբաժան մասնիկն է հայկական «մեծ» և «ամբողջական» իրականության, որ բոլոր մարտահրավերների մեջ յուրաքանյչուր հայ ունի իր տեղը, դերը և պարտականությունը: Եվ նաև կարևոր է, որպեսզի փորձենք այս բոլորը համաժողովից հետո վերածել աշխատանքային տեսադաշտերի և ծրագրերի»,-հավելեց Հրայր Ճեպեճյանը:

Scroll Up