Հուսանք, որ «Արի տան» մասնակիցների միակ լեզուն մի օր կլինի միայն հայերենը

ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի մասնակիցներից ոչ բոլորն են կարողանում «Հայերն այսօր»-ի համար արվող հարցազրույցների ընթացքում անկաշկանդ խոսել, արտահայտել իրենց զգացումներն ու տպավորությունները. նրանց մի մասի բառերի փոխարեն հաճախ ավելի խոսուն են լինում հայկական գեղեցիկ աչքերը: Այդպես էր նաև հեռավոր Հոլանդիայից ծրագրին մասնակցող 13-ամյա Վահագն Թոֆմաշյանի դեպքում, ում հետ ունեցած փոքրիկ հարցազրույցիս ընթացքում տղան հուզվում էր՝ Հայաստանի մասին խոսելիս:

-Վահա՛գն, առաջին անգա՞մ ես Հայաստանում…

-Այո՛, առաջին անգամ եմ Հայաստանում, սակայն այստեղ ազգականներ ունեմ, քեռիս է ապրում այստեղ: Շատ բան գիտեմ Հայաստանի մասին, բայց քիչ բան եմ տեսել, հույս ունեմ, որ այս ընթացքում մոտիկից կծանոթանամ Հայաստանի տեսարժան վայրերին, Երևան քաղաքին, հայությանը, հայկական ավանդույթներին: Ծրագրի մասին ինձ ասել է մայրիկս, ես էլ ցանկություն հայտնեցի մասնակցել:

-Պատմի՛ր քո մասին, Վահագն:

– Ծնվել եմ օտար երկրում, հաճախում եմ ոչ հայկական դպրոց: Ցավոք, ես հայերենին լավ չեմ տիրապետում, լավ չեմ խոսում, սակայն շատ լավ հասկանում եմ: Ինձ ասացին, որ այս ծրագրի շրջանակներում նաև հայերեն են սովորեցնում. երևի մի քանի բառ, արտահայտություն կսովորեմ: Այսքան հայերի՝ տարբեր երկրներից, առաջին անգամ եմ հանդիպում մի տեղում: Լավ է, որ հայ երիտասարդները, պատանիներն ու աղջիկներն այս ծրագրի միջոցով ծանոթանում են ոչ միայն Հայրենիքին, այլև՝ միմյանց հետ: Կուզեի, որ աշխարհի տարբեր երկրներից եկած բոլոր հայորդիներն իրար հետ կարողանան շփվել մայրենի լեզվով:

Վահագնի այս ցանկությունը գուցե մի օր իրականություն դառնա հե՛նց այս ծրագրին մասնակցելու շնորհիվ, և հուսանք, որ «Արի տան» մասնակիցների միակ լեզուն մի օր կլինի միայն հայերենը:

Կարինե Ավագյան

Scroll Up