«Ցուրտ Ֆինլանդիայում մենք մի փոքրիկ ու տաք Հայաստան ենք ստեղծել». Մարինա Դանոյան

ՀՀ սփյուռքի նախարարությունում ֆինլանդիայից հյուրընկալված «Ֆինլանդիա- Հայաստան միության» փոխնախագահ Մարինա Դանոյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը. ստորև մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հարցազրույցը:

-Մարինա՛, որքանով տեղյակ եմ, Ֆինլանդիայում, մասնավորապես՝ Հելսինկիիում, հայկական կազմակերպված մեծ համայնք չկա. այդպե՞ս է…

-Փոքր է համայնքը, որովհետև մեծ չէ այնտեղ ապրող հայերի թիվը, սակայն ունենք երկու կազմակերպություն. Ֆինլանդիա-Հայաստան միությունը գործում է շուրջ 4 տարի, հիմնադիրները Աբգար Մարգարյանը և Հրաչ Զաքարյանն  են: Համայնքը եղել է, բայց այդպես կազմակերպված սկսել է գործել է 4 տարի առաջ:

-Խոսենք  Ձեր  միության, նրա առաքելության, նպատակների մասին:

-Մեր միության գերակա նպատակները հայապահպանությունն ու Հայաստան-ֆինլանդիա մշակութային կապերի հաստատումն է: Նպատակներից մեկն էլ հայկական դպրոց հիմնելն էր, որը հիմա ունենք: Չեմ կարող այն դպրոց անվանել, ավելի շուտ՝ խմբակ է, որտեղ հաճախող երեխաներին սովորեցնում եմ հայոց լեզու, դրվագներ եմ ներկայացնում մեր պատմությունից: Ուսումնական ծրագիրը կազմելուն ինձ շատ օգնեց ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած անցյալ տարվա «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին իմ մասնակցությունը: Դասագրքերը ստացել ենք Սփյուռքի նախարարությունից: Երեխաները սիրով են հաճախում խմբակ և ջանում են սովորել ու իրենց հետ տուն տանել մայրենին: Մենք Ֆինլանդիայում ստեղծել ենք մի փոքրիկ Հայաստան:

-Դուք  գնացել եք արևոտ Հայաստանից. հեշտությա՞մբ եք հարմարվել ֆիննական ցրտին:

-Հայասատանում ուսումս ավարտելուց հետո սովորել եմ Ֆրանսիայում, որից հետո, ամուսնուս հետ տեղափոխվել ենք ֆինլանդիա: Ամեն երկիր ունի իր աշխարհագրական, կլիմայական առանձնահատկությունները: Ֆինլանդիայում ցուրտ է, ձմռան ամիսներին՝ մութ. չես համեմատի արևոտ ու պայծառ Հայաստանի հետ, բայց սովորել ենք նաև այնտեղի եղանակային պայմաններին: Անշուշտ, կարոտում եմ մեր գարնանը, ամռանը…եկել եմ մի քիչ արև տանելու Հայաստանից:

-Մարինա՛, ի՞նչ միջոցառումներ եք կազմակերպում համայնքի մակարդակով և որտե՞ղ եք դրանք իրականացնում:

-Մենք հայկական եկեղեցի և մատուռ, մշակույթի տուն չունենք. միջոցառումներ  կազմակերպելու համար համագործակցում ենք համար  մշակութային տարբեր կազմակերպությունների հետ և տարածք վարձակալում: Հայոց լեզվի խմբակի համար տարածք ենք վարձակալում մի ֆիննական դպրոցում: Եկեղեցական ծեսերի համար հայ համայնքին տարածք է տրամադրում տեղի Լյութերական կամ Օրթոդոքս (Ուղղափառ) եկեղեցին: Հայ առաքելական եկեղեցին արդեն գրանցվել է և, հավանաբար, մոտ ապագայում եկեղեցի կամ մատուռ կունենանք: Մենք ունենք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչություն, նրանց հետ համագործակցում ենք, միմյանց աջակցում՝ միջոցառումներ կազմակերպելու հարցում: Ասեմ նաև, որ Շվեդիայից ժամանակ առ ժամանակ հոգևոր ներկայացուցիչ Հայր Եղիշեն է գալիս և հայկական պատարագ մատուցում:

-Ինչպիսի՞ հարաբերություններ են ձևավորված հայերի ու ֆինների միջև, ֆինները գիտե՞ն հայերի ու Հայաստանի մասին:

-Ես ֆիններին շատ եմ սիրում, մեծ հարգանք ունեմ նրանց նկատմամբ, որովհետև անչափ բարի ու աշխատասեր են: Նրանք շատ հարգանքով են վերաբերում մյուս ազգերին: Զարմանալիորեն, նրանցից շատերը քաջատեղյակ են Հայաստանից ու հայերից: Այս տարի մեր միությունը մասնակցում էր Հելսինկիում ամեն տարի կազմակերպվող մշակութային փառատոնին, որի շրջանակներում առաջին անգամ ներկայացրեցինք Հայաստանը: Մենք ունեինք հայկական մի հրաշալի տաղավար, որով հետաքրքրված էին ֆինները. ցուցադրվում էին Հայաստանի տեսարժան վայրերը, հուշանվերներ կային Հայաստանից, այցելուներին նաև հյուրասիրում էինք Գրանդ Քենդիի համեղ  քաղցրավենիքով: Շատ ֆիններ մոտենում ու պատմում էին Հայաստանի մասին, պատմում Հայաստանում իրենց ունեցած ճամփորդության մասին: Ֆինլանդիայում մի հրաշալի հոգևորական՝ Հայր Սերաֆիմը, ով լավ է ճանաչում Հայաստանն ու հայերին, ֆիններենով գրքեր է գրել Հայաստանի մասին: Նա ճամփորդություններ է կազմակերպում դեպի Հայաստան, և մեկ անգամ Հայաստան այցելող ֆինները ձգտում են կրկին այցելել:

-Պատմեք, խնդրեմ Ձեր աշակերտների հաջողությունների մասին, այն խրախուսանքների, որոնք ստացել են Սփյուռքի նախարարության կազմակերպած մրցույթի առիթով:

-Մեր երեխաները մասնակցեցին «Սիրու՛մ եմ քեզ, իմ Հայրենիք» թեմայով նկարչական աշխատանքների մրցույթին: Մենք չգիտեինք, որ մրցանակաբաշխություն է լինելու, ուղղակի մասնակցեցինք, և այդ նկարներն ուղարկեցինք Հայաստան: Մեկ ամիս առաջ անակնկալ ունեցանք. մեր էլեկտրոնային փոստով նամակ ստացանք, որ մեր երեխաների նկարները երկու առաջին կարգի մրցանակի են արժանացել, իսկ մյուսները ստանում են խրախուսական վկայագրեր, որոնք այնքա՜ն հանդիսավոր ու գեղեցիկ կերպով մատուցվեցին ՀՀ սփյուռքի նախարարությունում: Իմ 5-ամյա աղջկան՝ Սոֆյա Բոյաջյանին, ես չէի ասել այս մրցույթի մասին, ուղղակի նա միշտ նկարում է և մանկապարտեզում մի նկար էր արել, որտեղ պատկերել էր օդապարիկ, իրեն և իր ընկերուհուն, որ թռչում են դեպի Հայաստան: Նա մանկապարտեզի դաստիարակչուհուն խնդրել էր այդ նկարի պատմությունը գրել ֆիններենով: Թռիչքի ժամանակ աղջիկները տեսնում են ծածանվող հայկական դրոշը. աղջիկս հասկանում է դրա իմաստը, իսկ ընկերուհին՝ ոչ:  Աղջիկս ընկերուհուն բացատրում է, որ դա  Հայաստանի դրոշն է: Այդ նկարը նույնպես ներկայացվեց մրցույթին և շահեց առաջին կարգի մրցանակ, իսկ առաջին կարգի 2-րդ մրցանակը շահել էր 10-ամյա Բենիամին Հարությունյանը, ում նկարն ավելի մարտական ոգով էր արված. նա նկարել էր պատերազմի դաշտ, զինվորների…Մեր համայնքից Էմանուել Քեշիշյանի անունը կուզեմ նշել, ով մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանում էր գտնվում իր ծնողների հետ և անձամբ ներկա գտնվեց մրցանակաբաշխությանն ու ստացավ իր մրցանակը: Կուզեի ավելացնել, որ մեր երեխաները շատ մեծ սիրով ու ոգևորված մասնակցեցին նաև «Նամակ զինվորին» նախաձեռնությանն՝ իրենց նկարազարդ նամակներով:

-Հաջողություն եմ մաղթում, սիրելի՛ Մարինա, մաղթում եմ, որ Ձեր հայանպաստ  գործունեության հիմքում մշտապես գերակա խնդիր լինի հայոց լեզուն հնարավորինս ավելի մեծ թվով հայ երեխաների սովորեցնելն ու Հայաստան-Ֆինլանդիա մշակութային կապերի սերտ համագործակցությունը:

Կարինե Ավագյան

Scroll Up