Հրաժեշտ Հայոց լեզվի ուսուցման դասընթացին և ուղևորություն դեպի Աղավնաձորի «Արի տուն» ճամբար

Մեր  լեզուն արյունն է մեր,

Արյունից ավելի  թանկ,

Մեր  բուրմունքն  ու  գույնն է մեր,

Մեր  լեզուն  մենք ենք, որ  կանք:

                                               Համո  Սահյան

Հուլիսի 24-ին Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում ավարտվեց «Արի տուն-2017» ծրագրի 5-րդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը, որին մասնակցեցին շուրջ 190 պատանի աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստան Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Թուրքմենստանից, Վրաստանից, Թուրքիայից, Լիբանանից, Քուվեյթից, Սիրիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Բելգիայից, Իտալիայից, Լեհաստանից և Ավստրիայից:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ, այս փուլում  Եղ. Չարենցի  անվան դպրոցում   շրջայց  կատարեց  ՀՀ սփյուռքի  նախարարության  համահայկական  ծրագրերի վարչության պետ Գագիկ  Գյանջումյանը: Նույն վարչության Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ  Համբարյանը մի քանի խմբերում  դասալսումներ  անցկացրեց՝ ընդգծելով ուսուցիչներ Շողիկ  Փահլևանյանի, Լուսինե Հայրիյանի, Նարինե Գևորգյանի, Մաքրուհի Գևորգյանի, Գայանե Բարսեղյանի, Լենա Թաթոսյանի, Աիդա Օհանյանի, Գայանե Բաբլոյանի, Սերա Շահինյանի կատարած աշխատանքը, արագացված դասընթացների  արդյունավետությունը և կիրառվող  մեթոդների արդիականությունը՝ հաշվի  առնելով  յուրաքանչյուր  խմբի  առանձնահատկությունները:

Սիրվարդ  Համբարյանին շատ  գոհացրեց  նաև արիտունցիների պատրաստակամությունն ու  խանդավառությունն  ուսումնական գործընթացի  ընթացքում:

Այս փուլը եզրափակվեց ճանաչողական լայն գիտելիքների մատուցմամբ. ավարտական բաց դասի ընթացքում Մոսկվայի «Վերածնունդ» դպրոցի տնօրեն Շողիկ Փահլևանյանի 30 հոգուց բաղկացած 27 երեխաների ձեռքով պատրասվեց մի պաստառ, որն առանձնանում էր մտահղացման թարմությամբ, քանի որ պատկերված էր՝ Անահիտ դիցուհու պտղաբերությունն ու հայեցի ապրելու նոր շրջափուլը խորհրդանշող խաղողի մեծ ողկույզ, ուր երեխաները առաջին անգամ հայերենով գրեցին իրենց անձնանուններն ու ազգանունները: Այնուհետև երկու մասնակիցների ծիրանափողի հնչյունները համեմեցին այբուբեն-ձոն -աղոթքն առ Աստված:

Ուսուցչուհիներ Լուսինե Հայրիյանի և Մաքրուհի Գևորգյանի նախաձեռնությամբ՝  երեխաները ներկայացրեցին ակնարկներ հայ գրականության և հայ ժողովրդի պատմությունից:

Իր եզրափակիչ խոսքում Եղ. Զարենցի անվան թիվ 67 դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը, կարևորելով բազմաթիվ երկներից ժամանած և տարբեր մշակույթներ իրենց մեջ  կրող հայորդիների  համերաշխությունը,  մաղթեց, որ «Արի տուն» ծրագրում ձևավորվող հային բնորոշ լեզվամտածողությունը ուղեկից լինի իրենց ամբողջ կյանքում:

Scroll Up