Ոսկեղենիկ մայրենին հնչեց հայերենով երբևէ չխոսող երեխաների շուրթերից. «Արի տուն-2017». լուսանկարներ

Հայ ժողովուրդն աշխարհում մշակութային մի հուշարձան  է:

Նրա ապահով պահպանումը պարտքն է ոչ միայն մեր ՝  հայերիս, այլև քաղաքակիրթ մարդկության: 

Վազգեն  Ա

Հուլիսի 10-ին տեղի ունեցավ Սփյուռքի նախարարության հայրենաճանաչության «Արի տուն-2017» ծրագրի 4-րդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց 156 պատանի և աղջիկ՝ աշխարհի 14 երկրից (Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Իրաք, Սիրիա, ԱՄՆ, Կանադա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Չեխիա, Շվեդիա, Ավստրալիա) և Հյուսիսային Կովկասի տարածաշրջանից:

«Հայրեն այսօր»-ի փոխանցմամբ՝ արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 11-ին, Երևանի Եղիշե Չարենցի անվան դպրոցում մեկնարկեց «Արի տուն-2017» ծրագրի չորրորդ փուլի Հայոց լեզվի ուսուցման դասընթացը: Բացման արարողությանը երաժշտության հնչյունների ներքո ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը՝ ներկայացնելով այս փուլի մասնակից արիտունցիներին:

Սիրվարդ Համբարյանի ողջույնի խոսքից հետո մեկնարկեց  Հայոց լեզվի ուսուցման հնգօրյա դասընթացը: Տարբեր երկրներից ժամանած երեխաները՝ ուսուցիչներ՝ Շողիկ  Փահլևանյանի, Լուսինե Հայրիյանի, Նարինե Գևորգյանի, Մաքրուհի  Գևորգյանի, Գայանե  Բարսեղյանի, Լենա Թաթոսյանի, Աիդա Օհանյանի, Սեռա  Շահինյանի, Գայանե  Բաբլոյանի համբերատար ու ազգանվեր աշխատանքի շնորհիվ՝ սովորեցին հայերեն գրել, կարդալ, ծանոթացան հայ մշակույթին, պատմությանն ու հայի ոգուն:

Հնգօրյա դասընթացը եզրափակվեց փոքրիկ ցերեկույթով, որի ընթացքում հնչեց ոսկեղենիկ մայրենին հայերենով երբևէ չխոսող երեխաների շուրթերից: Հայաստանի հիմնից, Տերունական աղոթքից հետո հնչեց Վազգեն Առաջին կաթողիկոսի խոսքը, առաջին անգամ հայոց այբուբենը հնչեց աղոթքի տեսքով: Ինչպես միշտ, արիտունցիները ներկայացրին իրենց տպավորությունները շարադրություններով, իսկ ցերեկույթին ցուցադրեցին նաև իրենց պատրաստած պաստառները՝ Հայաստանի  և  «Արի տուն» ծրագրի վերաբերյալ: Դասընթացը եզրափակվեց հայկական երգ ու պարով:

«Արի տուն» ծրագրի ուսուցչական կազմի և իր անունից բարի ճանապարհ  և  ազգապահպան գործունեություն մաղթեց Եղիշե Չարենցի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանը՝ նշելով, որ տաղանդաշատ հային ստեղծագործելու մղող ուժը ամենուրեք հայկական ոգին է: