«Ինձ հետ տանում եմ Հայաստանի սերը». շվեդաբնակ ուսուցիչ Հարութ Էքիզյան

ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի շրջանակներում նախապատրաստական և տարրական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին մասնակցող սփյուռքահայ ուսուցիչներից Հարութ Էքիզյանի հետ զրուցել է «Հայերն այսօր»–ի թղթակիցը:
-Պարո՛ն Էքիզյան, որտե՞ղ և ի՞նչ առարկա եք դասավանդում:
-Ես Լիբանանում եմ ծնվել, բայց արդեն 35 տարի է, ինչ ապրում և աշխատում եմ Շվեդիայի Ուպսալա քաղաքում, որտեղ ունենք մեր հայկական կիրակնօրյա դպրոցը, եկեղեցին, ավելի ճիշտ՝ ամիսը մեկ անգամ վարձում ենք շվեդական եկեղեցին և մեր պատարագն ենք անցկացնում: Ես դպրոցի տնօրենն եմ, նաև ուսուցչություն եմ անում Լերնիայի շվեդական ավագ դպրոցում. էլեկտրական տեխնիկայի դասեր եմ տալիս շվեդերենով:
-Ի՞նչ տվեց Ձեզ «Սփյուռք» ամառային դպրոցը, ի՞նչ հարցերի պատասխաններ ստացաք:
-Հարցերից մեկը մտածելակերպն է, որը տարբեր է Շվեդիայում ապրող ու դասավանդող ուսուցիչների մտածելակերպից: Դասընթացը բավականին լավ է նախապատրաստված, և ակնկալիքներս արդարացան: Միշտ էլ միմյանցից սովորելու բան կա: Այսպիսի դասընթացի առաջին անգամ եմ մասնակցում, իսկ Հայաստանում երկրորդ անգամ եմ լինում:
-Պարո՛ն Հարութ, ի՞նչ կա Հայաստանում, որը չկա Շվեդիայում և հակառակը…
-Հայաստանում կա արև, ջերմություն, որը չկա Շվեդիայում. այստեղ շուրջբոլորդ հայեր են և խոսում են հայերեն: Ցավալի է սակայն, որ խանութների ու այլ շինությունների վրա ավելի շատ անգլերենով է գրված. մնացած ամեն ինչ խոսում է հայերեն: Սիրտս լցվում է, երբ ինձ բարևում են հայերենով:
-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Հայրենիքից:
-Ինձ հետ տանում եմ Հայաստանի սերը, արևահամ մրգերի բույրը, հայկական մտածելակերպը. ցանկություն ունեմ նորից գալ Հայաստան, մշտապես կապ ունենալ Հայրենիքիս հետ: Ամեն այցելություն ինձ համար նորովի կբացահայտի Հայաստանն ու իմ հայաստանցի հայրենակիցներին:
Զրուցեց Կարինե Ավագյանը