«Սե՛րն ինձ տարավ Ֆրանսիա». Գագիկ Աբրահամյան

Ֆրանսիայի Թուլուզ  քաղաքից ՀՀ սփյուռքի նախարարություն այցելած մեր հայրենակիցների՝ երիտասարդ ամուսիններ Գագիկ Աբրահամյանի  և  Լիլիթ  Տեր-Արսենյանի  հետ մի փոքրիկ զրույց ծավալվեց  «Հայերն այսօր»-ի խմբագրությունում, որը ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:

-Գագիկ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքերում եք հայտնվել հեռավոր ֆրանսիայում:

-2002-ի դեկտեմբերի 31-ից եմ հաստատվել Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում: Հայաստանից մեկնելուս պատճառը ո՛չ աշխատանքային պայմանագիրն է եղել, ո՛չ ազգականների հրավերը. սե՛րն ինձ տարավ այնտեղ, ես «սիրո՛ պայմանագրով» գնացի Ֆրանսիա…Մանրամասնեմ. ապագա կինս՝ Լիլիթը, ով վաղուց էր ապրում Թուլուզում, Երևան էր եկել, հանդիպեցինք և հասկացանք, որ «դատապարտված» ենք միասին ապրել, ընտանիք կազմել: Լիլիթի ընտանիքը  վաղուց էր տեղափոխվել ֆրանսիա, ուստի ես էլ մեկնեցի այնտեղ: Ամուսնացանք, կազմեցինք հայկական գեղեցիկ ընտանիք, երեք երեխա ունենք՝ մի աղջիկ, երկու տղա: Մեր ընտանիքում հրաշալիորեն պահպանվում են հայկական բոլոր ավանդույթները, մեր  տանն իշխում է մայրենին, ապրում ենք հայեցի, պահպանում մեր հայկական ինքնությունը:

-Գագի՛կ, ի՞նչ մասնագետ եք և արդյոք աշխատու՞մ եք Ձեր մասնագիտությամբ:

-Մասնագիտությամբ վարսավիր եմ, աշխատում եմ իմ մասնագիտությամբ. մեր սեփական սրահն ունենք, որտեղ աշխատում է նաև Լիլիթը, նա էլ դիմահարդար է:

Մեր հաճախորդները հիմնականում ֆրասիացիներ են. իմ աշխատանքը հնարավորություն է ընձեռում հնարավորինս շատ շփվել ֆրանսիացիների հետ. վարսահարդարման ընթացքում մենք անպայման զրուցում ենք հաճախորդների հետ և առիթը բաց չենք թողնում՝ խոսելու Հայաստանի և հայերի մասին:  Նրանց մեծամասնությունը ճանաչում է Հայաստանն ու սիրում  հայերին:  ֆրանսիացիները  հետաքրքրված են մեր երկրով, մեր պատմությամբ: Բացի վարսահարդարի աշխատանքից՝ մենք հիմնել ենք նաև մեր սեփական՝ «Մեսրոպ Մաշտոց» հայկական  դպրոցը, որի տնօրենն եմ, իսկ Լիլիթն իմ օգնականն է: Այս դպրոցի ստեղծումը  նախաձեռնել ենք մի քանի ընկերներով և Լիլիթի հայրիկի՝ Ալբերտ Տեր-Արսենյանի՝ շատ հայրենասեր մի հայի օժանդակությամբ: Մեր կողքին միշտ կանգնած է Թուլուզի հնաբնակ հայերից մեկը՝ Ֆերնանդ Թորոսյանը: Թուլուզի հայկական համայնքը գործում է շուրջ 50 տարի, համայնքն  ունի իր դպրոցը, իսկ մեր դպրոցն առանձին կազմակերպություն է, ուր աշխատում ենք հիմնականում երեք ընտանիքներով: Կատարել ենք աշխատանքի բաժանում. դպրոցում երեխաներին ուսուցանում ենք հայոց լեզու, պատմություն, երգ, պար: Մեր դպրոցի նպատակն  է՝ երեխաներին  տալ հայեցի կրթություն ու դաստիարակություն, ուղղորդել դեպի Հայ առաքելական եկեղեցի:  Գրքերի հարցում օգնել է ՀՀ սփյուռքի նախարարությունը. Լիլիթի հա՛յրն է եղել այստեղ, իսկ մենք առաջին անգամ ենք Սփյուռքի նախարարությունում. եկել ենք՝ շնորհակալություն հայտնելու նախարարին:

2

-Գագի՛կ, անդրադառնանք Ձեր դպրոցի աշակերտների կողմից հայ զինվորներին ուղղված նամակներին:

-Մեր դպրոցի երեխաները շատ մեծ ոգևորությամբ, սիրով գրեցին այդ նամակները, որոնց պատասխանել են զինվորները: Այդ պատասխանները ստացել ենք նախարարության համապատասխան բաժնից. մեր երեխաները շատ կուրախանան՝ կարդալով պատասխան նամակները. կարծում եմ՝  սա՛ էլ օտարության մեջ հայ երեխաներին հայրենասիրական ոգով դաստիարակելու միջոցներից մեկն է: Մեր դպրոցի աշակերտները մասնակցել են նաև ՀՀ սփյուռքի նախարարության  ձեռնարկած «Իմ քաղցր լեզու» խորագրով շարադրությունների մրցույթին, որի համար Սփյուռքի նախարարությունից շնորհակալագիր ենք ստացել և այն տանում ենք  Թուլուզ: Ընդհանրապես, նախարարության ծրագրերը  շատ հոգեհարազատ են մեզ:

 Հրաժեշտ տալով այս գեղեցիկ զույգին՝  այս էլ՝  որերորդ անգամ,  համոզվում եմ, որ Սփյուռքի տարբեր երկրներում ծնված ու հաստատված հայորդիների մեծ մասն իր շուրջ մի փոքրիկ Հայաստան է ստեղծում, մի գեղեցիկ հայկական օազիս:

 Կարինե Ավագյան

 3 4

78%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81

 

 

Scroll Up