Հայ բժիշկների միջազգային համագումարի կազմակերպումը նշանակալից է Արգենտինա-Հայաստան համագործակցության ամրապնդմամբ.Հրանուշ Հակոբյան

«Հայերն այսօր»-ը  ներկայացնում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը՝ մայիսի 31-ին Բուենոս Այրեսում կաացած Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի բացման կապակցությամբ:

Գերաշնո՛րհ Սրբազան հայր, հոգևոր հայրեր,

Հարգարժա՛ն նախարար,

Հարգելի՛ տիկին դեսպան, 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարի բացման կապակցությամբ: Կցանկանայի խորին երախտագիտությունս և հիացմունքս հայտնել այս կարևոր միջոցառման կազմակերպիչներին՝ ՖԱՅԴԵՔ հիմնադրամի, Ստամբուլյան հիմադրամի և ՊԼԱՍ-ի աշխատակազմերին, և բոլոր նրանց, ովքեր իրենց անգնահատելի լուման են ներդրել այս գործում, հատկապես ՖԱՅԴԵՔ հիմնադրամի հիմնադիր նախագահ պարոն Դանիել Ստամբուլյանին, ով իր սիրտն ու հոգին է նվիրաբերել առողջապահության ոլորտի աշխարհասփյուռ հայ մասնագետների համախմբման հայրենանվեր գործին, ով իր գաղափարակից ընկերների հետ միասին չի խնայում ո՛չ միջոց, ո՛չ ժամանակ հանրային առողջության պահպանման ծրագրեր իրականացնելու ազգանվեր գործում:

Յուրաքանչյուր ժողովրդի բարգավաճման և զարգացման կարևորագույն պայմաններից է բնակչության առողջական վիճակի բարելավումը: Մարդկային կապիտալի մեջ ներդրումները բացի երկրի տնտեսական զարգացման վրա ունեցած հսկայական ազդեցությունից, օբյեկտիվ անհրաժեշտություն են և ունեն մեծ եկամտաբերություն: Հայաստանի Հանրապետության ազգային քաղաքականության առաջնահերթությունների մեջ իր յուրահատուկ և կարևորագույն տեղն է զբաղեցնում առողջապահությունը: Այս առումով ուզում եմ հատուկ կարևորել «Առողջ Հայաստան» ծրագիրը, որի արդյունավետ կյանքի կոչման գործում հնարավոր չէ գերագնահատել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ նաև ավանդույթ դարձած այս միջազգային համագումարի դերակատարությունը:

 Սիրելի՛  հայրենակիցներ,

Ավանդաբար առողջապահություն հասկացությունը մեր երկրում հասկացվում էր որպես պետական, սոցիալական, տնտեսական և բժշկական միջոցառումների մի այնպիսի համագումար, որն ուղղված էր հանրության առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Այսօր իրադրությունը դույզն ինչ փոխվում է.Այժմ առողջապահությունը հանդիսանում է սոցիալ-տնտեսական փոխհարաբերությունների մի բարդ համակարգ և ժողովրդական տնտեսության յուրահատուկ բնագավառ: ԵՏՄ տնտեսական տարածք Հայաստանի Հանրապետության մուտքը որպես լիիրավ անդամ, նոր հնարավորություններ է ստեղծում արդյունավետ ներդրումների համար և բժշկական ասպարեզում՝ սկսած որակյալ ժամանակակից կադրերի պատրաստումից, մինչև արդի բժշկության մեջ կիրառվող և ապագայում կիրառվելիք բարձր տեխնոլոգիաների և ժամանակակից դեղամիջոցների ոլորտները:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ուզում եմ ևս մեկ անգամ կարևորել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանն ուղղված նմանատիպ միջոցառումների անցկացումը, որոնք համախմբում են ոչ միայն կոնկրետ ոլորտի աշխարհասփյուռ հայ մասնագետներին, այլև պարարտ հող են նախապատրաստում զույգ հայկական պետությունների և աշխարհասփյուռ հայության արդյունավետ և փոխշահավետ համագործակցության համար:

Հարգելի՛  ներկաներ,

Ազգի առողջության վերաբերյալ մեր ազգային պետությունների ուշադրությունը գնալով պետք է ավելի ու ավելի շոշափելի դառնա յուրաքանչյուր բնակչի համար: Առանձնահատուկ նշանակություն պետք է տրվի բժշկական օգնության հանրամատչելիության ապահովման և բժշկական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը: Վերջիններիս ծավալը և որակը, ինչ խոսք, պետք է համապատասխանի հիվանդությունների մակարդակին, բնակչության պահանջմունքներին և բժշկագիտության առաջավոր ձեռքբերումներին:

Համագումարի հռչակած նպատակները, որոնք են՝ առողջապահության ոլորտի աշխարհասփյուռ հայ մասնագետների համախմբումը, ոլորտի վերջին նորությունների և մարտահրավերնեի ներկայացումը, գիտելիքի և փորձի փոխանակման  համար հնարավորության ընձեռումը, առանձնահատուկ նշանակություն ունեն ոչ միայն բժիշկների, այլև ոլորտի պատասխանատուների և կազմակերպիչների մասնագիտական ունակությունների բարձրացման առումով: Մեր ժողովրդի ճակատագիրը թույլ է տալիս միաժամանակ ի մի բերել տվյալ ոլորտում առկա ժամանակակից համաշխարհային փորձը և այն կիրառել ոչ միայն հայոց պետականության երկու օրրանների սահմաններում, այլև մեր աշխարհասփյուռ բժիշկների միջոցով տարածել այն ողջ աշխարհով մեկ:

Դարեր շարունակ բժիշկները եղել են հասարակության ֆիզիկական առողջության պատասխանատուները, վերջինիս խիղճն ու պատիվը, հասարակությանը սպառնացող բոլոր մարտահրավերներին դիմակայող առաջամարտիկները: Դա հատկապես վերաբերում է հայ բժշկին, ով միշտ աչքի է ընկել հայրենիքի և հայ ժողովրդի հանդեպ ունեցած խորագին սիրով՝ զոհասեղանին դնելով ոչ միայն իր մասնագիտական կարողությունները, այլև անհրաժեշտության դեպքում նաև իր կյանքը:

Դա ևս մեկ անգամ ապացուցելու եկավ Արցախյան գոյամարտը, երբ հայ բժիշկը ոչ միայն անձնվիրաբար փրկում էր հայ զինվորի կյանքը, այլև անձամբ զենք էր վերցնում՝ պաշտպանելու իր հողն ու հայրենին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բուենոս Այրեսում Հայ բժիշկների միջազգային համագումարի գումարումը նշանակալից է նաև Արգենտինա-Հայաստան համագործակցության ամրապնդման և զարգացման առումով: Այս փաստը, համոզված եմ, կհաստատի նաև մեր հարգարժան դեսպանը, ում միջոցով ես ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել այս հյուրընկալ երկրի իշխանություններին և ժողովրդին, մի երկրի, որը երկրորդ հայրենիք դարձավ Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած տասնյակ հազարավոր հայերի համար:

Եվս մեկ անգամ, շնորհավորելով բոլորիս այս հրաշալի միջոցառման անցկացման կապակցությամբ, Հայ բժիշկների 12-րդ միջազգային համագումարին բոլոր մասնակիցներին մաղթում եմ բարի երթ և արդյունավետ աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար։

Scroll Up