Վարդատոնը համընդհանուր ցնծություն, ջերմություն և սեր է տարածում.Հրանուշ Հակոբյան

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ տեր Վազգեն Միրզախանյան,

միջոցառման հարգարժան կազմակերպիչներ՝ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվ. հայկական պետական թատրոնի կոլեկտիվ,

 «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության անդամներթբիլիսահայ համայնքի մեր սիրելի՛ հայրենակիցներ, հյուրե՛ր

 Սիրով ողջունում եմ բոլորիդ՝ արդեն ավանդական ու սիրելի դարձած, իրապես ծաղկաշատ այս օրվա՝ Վարդատոնի առթիվ:

Ավելի քան մեկ դար առաջ՝ 1914թ. սկիզբ դնելով հանճարեղ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող գեղեցիկ այս ավանդույթին, հայ և վրաց ժողովուրդների 3 հանճարեղ զավակները՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, գեղանկարիչ Գևորգ Բաշին­ջաղ­­յանը և վրացի բանաստեղծ, գրականագետ Իոսիբ Գրիշաշվիլին, հավանաբար չէին ենթադրում, որ իրենց այս հրաշալի նախաձեռնությունը կարող է դառնալ ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ և առհավատչյան այսօրվա իրականության: Այսօր Վարդատոնը համընդհանուր ցնծություն, ջերմություն և սեր է տարածում թե՛ հայերի և թե՛ վրացիների շրջանում:

 Աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան բացառիկ երևույթ է, ով ստեղծագործել է միա­ժա­մանակ երեք լեզվով և իր եռալեզու տաղերում գովերգել սերն ու բարոյական, ազգային և համա­մարդկային բարձր արժեքները։ Նրա սիրային և խոհափիլիսոփայական տաղերը երեք դարից ավելի շարունակում են մնալ արդիական ու ճշմարիտ, ընդունելի ու ցանկալի։ Հենց սայաթնովյան արվեստի այդ առինքնող և կախարդիչ ուժն է տարվա ամենագեղեցիկ եղանակին՝ մայիսյան այս օրը, միավորում  բոլորին:

Մեծ է Սայաթ-Նովայի արվեստի դերը նաև հայապահպանության գործում։ Միավորելով ու խարսխելով մեր երկու ժողովուրդներին՝ այն դարձել է մի յուրատեսակ ազգային մշակութային հենասյուն, որի շուրջ համախմբվում են մեր հայրենակիցները։ Սայաթնովայական հոգեպարար երաժշտությունը, Հավլաբարի բառուբանը, աշուղ-բանաստեղծի կերպարն ու հայրենասեր ոգին հզոր կռվան են դարձել երբեմնի հայկական մշակութային կենտրոն հանդիսացող Թբիլիսիում եկեղեցու շուրջ մեր համայնքի համախմբման, ազգապահպանության, ազգային մշակույթի տարածման ու զարգացման  համար:

Այս տարի Վարդատոնը անցկացվում է Հայաստանի Առաջին Հանրապետության՝  Հանրապետության տոնի օրը: Շնորհավորում եմ բոլորիս մեր անկախության վերականգնման 99-ամյակի առթիվ և վստահ եմ, որ առաջիկա տարին մեր ձեռնարկումները նվիրվելու են Հանրապետության 100-ամյակի նախապատրաստմանը: Հայտնի ճշմարտություն է, որ հայրենիքն ու սփյուռքը փոխկապակցված են, և մեկի հզորությունը պայմանավորված է մյուսով։ Ես համոզված եմ,  կազմակերպված ու համերաշխ, միասնական և պատասխանատու գործունեության արդյունքում առավել կհզորացնենք   Հայրենիքն ու կնպաստենք Սփյուռքի  կազմակերպմանը:

Հանդիսության բոլոր մասնակիցներին մաղթում եմ գարնանային տոնական տրամադրություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր ընդհանուր Հայրենիքի և  հայ-վրացական բարեկամության ամրապնդման:

Սիրով և ջերմությամբ՝

ՀՐԱՆՈՒՇ  ՀԱԿՈԲՅԱՆ

Scroll Up