Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության վարչապետին

Մայիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին Մանչեսթեր Արենայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը պատճառ է դարձել երկու տասնյակից ավել մարդկային զոհերի և բազում վիրավորների: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

«Խստորեն դատապարտելով մարդկության դեմ գործվող ահաբեկչությունն ու բռնությունը՝ Մեր վշտակցությունն ենք փոխանցում Ձեզ, Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին, զոհերի ընտանիքներին ու հարազատներին:

Հայցում ենք, որ Բարձրյալն Աստված մխիթարություն ու սփոփանք պարգևի բոլոր սգակիրներին և շուտափույթ առողջություն շնորհի պայթյունից տուժած վիրավորներին», – նշված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:

Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը զորակից և պահապան լինի Մեծ Բրիտանիայի բարեսեր ժողովրդին:

Scroll Up