Թբիլիսիի գլխավոր ժամացույցի հայ վարպետը

%d5%be%d5%a1%d6%80%d5%ba%d5%a5%d5%bf

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գլխավոր ժամացույցը ավելի քան 100 տարի աշխատեցնում են  հայ ժամագործ վարպետները։ Հանրապետության կենտրոնական հրապարակում՝ նախկին քաղաքապետարանի շենքի ճակատին տեղադրված ժամացույցը  քաղաքի սիրտն է համարում թբիլիսահայ Արթուր Հակոբյանը, ով տասնյակ տարիներ ամեն օր քաղաքի սիրտը բաբախուն է պահում:

Ամեն օր բարձրանալով քաղաքի կենտրոնում` Ազատության հրապարակում գտնվող նախկին քաղաքապետարանի, այսօր Սակրեբուլոյի (Քաղաքային խորհուրդ) շենքի աշտարակ, Արթուրը ստուգում է` ինչպես է աշխատում քաղաքի սիրտը,  լսում` նրա բաբախը. «Այս ժամացույցը բոլորն են սիրում, հատկապես երբ երգում է Թբիիսո երգը (ամեն ժամագլխին): Այն  քաղաքի սիրտն է, որ չպիտի կանգ առնի, միշտ պետք է աշխատի… »։

Արթուրը  քաղաքի գխավոր ժամացույցի մասին հոգ է տանում այնպես, ինչպես հայրը` Արտաշ Հակոբյանը, ով ամենավատ տարիներին նույնիսկ, երբ քաղաքացիական պատերազմ էր ընթանում ամեն օր բարձրանում էր  ժամացույցի աշտարակ:

«Երբեմն  նրան չէին թողնում. ասում էին այստեղ կրակում են: Ի դեպ,  մի անգամ էլ գնդակն է դիպել ժամացույցին: Բայց ինքը միևնույնն է միշտ գալիս էր ու լարում:  Իսկապես այդ ժամանակ տանից դուրս գալը վտանգավոր էր …»:

Հիշում է քաղաքի ժամացույցի սպասարկման ներկայիս վարպետը` պատմելով նաև, որ փոքր տարիքից ժամացույցների հանդեպ սերն իր մեջ արթանացավ, երբ առաջին անգամ հայրիկի հետ բարձրացավ աշտարակ ու տեսավ, թե ինչպես է աշխատում այն. «Շատ էի ուզում տեսնել` մեխանիզմն ինչպես է աշխատում: Տպավորված էի և դրանից հետո մտադրվեցի ժամագործ դառնալ,  վերանորոգում եմ,  աշխատեցնում….սա սովորական, ոչ շատ բարդ մեխանիկական մեխանիզմ է»:

Այս հնագույն ժամացույցը, որ  երկրում տեղի ունեցած  բազմաթիվ  իրադարձությունների լուռ վկան է եղել` գործել է ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգում, Առաջին ժովորդավարական հանրապետությունում (1918 թ.), խորհրդային ու արդեն նորօրյա անկախ Վրաստանում:

Գերմանական մեխանիկական այս ժամացույցը տարբեր տեղեկությունների համաձայն պատվիրել է Թբիլիսիի այն ժամանակվա քաղաքապետ Ալեքսանդր Մատինյանը (1879-1891): Սկզբնական շրջանում աշտարակի ժամացույցի սպասարկումն իրականացնում էր գերմանացի մի  վարպետ, ով այնհուտև գործը վստահում է քաղաքի լավագույն հայ ժամագործներին:

Այդ տարիներին Երևանյան անվանումը կրող հրապարակում մեքենաների փոխարեն ֆայտոններ էին և քաղաքացիներն ամեն ժամագլին լսում էին հնչող զանգի ձայնը: Այսօր դրան փոխարինում է քաղաքի հիմնը` Թբիլիսո երգը:

Աղբյուրը՝ armradio.am