«Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրով միջոցառումներ Արցախում

%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad

ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ, «Ցավալի պատմություններ. դժվար պատմելին թանգարաններում» խորագրով, Արցախի բոլոր թանգարաններում կազմակերպել է բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան:

Ստեփանակերտի պետական պատմաերկրագիտական թանգարանի դիմաց Արցախի շրջանների թանգարանների ներկայացուցիչները ցուցադրել են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, հայկական արժեքները ներկայացնող հազվագյուտ ցուցանմուշներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանն ասել է, որ Արցախի Հանրապետության թանգարաններն ամեն տարի ակտիվորեն մասնակցում են տարբեր միջոցառումների: «Այս միջոցառումների նպատակն է հանրությանը ներկայացնել այն բոլոր բռնությունները, որոնք տարբեր ժամանակներում գործադրվել են: Իսկապես, անկախ այն բանից, թե որ ժամանակաշրջանում է բռնությունն իրականացվում, այնուամենայնիվ, դա մեզ համար մնում է ցավոտ պատմություն և դժվար պատմելի թանգարաններում,- նշել է Ե. Դանիելյանը և ավելացրել,- երկու անվանակարգով ցուցահանդես է նախապատրաստվել՝ «տատիս սնդուկը»՝ որտեղ ներկայացվելու են ձեռագործ աշխատանքներ, հնություններ, մեր ազգային արժեքները և Շուշիի թանգարանում կայանալիք «իմ նախնիները» ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն 80 տարվա լուսանկարներ: Մարտակերտի թանգարանում ցուցադրվել է ապրիլյան պատերազմի բռնությունները, Մարտունիում՝ 60-ական թվականներին բերդաշենցի փոքրիկ տղայի սպանությունն ադրբեջանցիների կողմից: Թանգարանները բաց են լինելու մայիսի 18-20-ը մինչև ուշ երեկո, և այցելուները հնարավորություն են ունենալու մեկ անգամ ևս ծանոթանալ մեր պատմությանը և ազգային արժեքներին»:

Ե. Դանիելյանի տեղեկացմամբ՝ ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է 13 թանգարան՝ իրենց մասնաճյուղերով: Նշենք, որ մայիսի 18-ը հռչակվել է որպես թանգարանների միջազգային օր 1977 թվականին՝ թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ և այն եզրափակվում է մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» միջոցառմամբ: