ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Միավորված եկեղեցու անդամներին

img_5107

Մայիսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ավստրալիայի Միավորված եկեղեցու անդամներին` Ավստրալիայի Հայ Ավետարանական Ընկերակցության նախագահ և Լոնգուվիլի Սուրբ Էնդրյու Միավորված եկեղեցու հոգևոր հովիվ վերապատվելի Գրիգոր Յումաշջեկյանի գլխավորությամբ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարը կարևորեց միջեկեղեցական կապերի դերը ժողովուրդների փոխճանաչման և համագործակցության գործում, շնորհակալություն հայտնեց 2015թ. Միավորված եկեղեցու համագումարի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար: Նա մասնավորապես ասաց. «Ուրախ եմ, որ այսպիսի մեծ խմբով այցելել եք առաջին քրիստոնյա երկիր: Վերջին շրջանում Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրների լուծման ուղղությամբ, մենք ավելի ակտիվ ենք համագործակցում Ավետարանական Եկեղեցու հետ, ինչպես նաև կրթության և մշակույթի ոլորտներում: Մեծ ուշադրություն ենք դարձնում սահմանային գյուղերին, և ուրախ եմ, որ դուք որդեգրել եք Չորաթանը և փորձում եք օգնել: Հուսով եմ, որ դուք շրջագայելով Հայաստանում և Արցախում՝ կճանաչեք և կսիրեք մեր երկիրը, ձեր տպավորություններով ու ոգևորությամբ կվարակեք բազմաթիվ ավստրալացիների, որպեսզի նրանք ոչ միայն այցելեն Հայաստան, այլև գան և ներդրումներ կատարեն մեծ հնարավորությունների ու հեռանկարների երկիր Հայաստանում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Գրիգոր Յումաշջեկյանը նշեց, որ Հայ Ավետրանական եկեղեցին Ավստրալիրայում Միավորված եկեղեցու լիիրավ անդամներից է: Նա տեղեկացրեց, որ այս այցելությունը դեպի Հայաստան կազմակերպվել է Լոնգուիլիի Սուրբ Էնդրյու Միավորված եկեղեցու միաբանության  անդամների խնդրանքով: Ճամփորդության նպատակն է անմիջականորեն առնչվել հայ ժողովրդի մշակույթին, այցելել Հայաստանի և Արցախի բոլոր մարզերի պատմամշակութային վայրեր: Նա ևս համոզմունք հայտնեց, որ  հետևելով այս խմբի օրինակին՝ Հայաստանը բացահայտելու ճանապարհը կբռնեն բազմաթիվ ավստրալացիներ, և հատկապես՝ հայ համայնքի ներկայացուցիչները:

img_5075 img_5101