ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը Նայիրի Նահապետյանին՝ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Հրանուշ Հակոբյան

ԳԼԵՆԴԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԿՐԹԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ՏԻԿԻՆ ՆԱՅԻՐԻ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի տիկին Նահապետյան,

Մեծ ուրախությամբ տեղեկացանք, որ Գլենդելի միացյալ կրթական խորհրդի անդամների կողմից կրկին ընտրվել եք խորհրդի նախագահի պաշտոնում: ՀՀ սփյուռքի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնն ստաձնելու կապակցությամբ:

Հայ ժողովուրդը ամենածանր պայմաններում էլ մեծապես արժևորել է դպրոցի դերը՝ քաջ գիտակցելով սերունդների կրթական բարձր մակարդակի կարևորությունը: Այսօր, արդեն, Գլենդելի միացյալ կրթական խորհրդի հայ անդամները, շարունակում են մեր նախնիների գործը՝  ջանք ու եռանդ, միջոցներ չխնայելով այդ նպատակի իրականացման համար: Վերոնշյալի հաստատումը Գլենդելի բնակչության կողմից նրանց տրված վստահության քվեն է:

Հպարտ եմ, որ Դուք, ինչպես նաև խորհրդի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ զբաղեցնող մեր հայորդիները, չեն մոռանում և ակտիվորեն մասնակցում են հայ համայնքի կյանքին՝ իրենց նպաստը բերերով հայապահպանության, հայեցի կրթության ու դաստիարակության գործում:

Վստահ եմ, որ շարունակելու եք Ձեր գործունեությունը՝ ուղղված հայ-ամերիկյան կրթական, ինպես նաև Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդմանը: Մաղթում ենք Ձեզ բեղմնավոր գործունեություն և նորանոր հաջողություններ:

Օգտվելով առիթից կցանկանայի տեղեկացնել նաև, որ ս.թ. սեպտեմբերի 18-20-ը Երևանում կայանալու է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը: Սիրով հրավիրում եմ Ձեզ՝ մասնակցելու համաժողովի աշխատանքներին (հրավերը կցվում է):

Լավագույն մաղթանքներով՝

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ