Դեսպան Եգանյանի գլխավորությամբ Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

g_image

Մայիսի 15-ին Կանադայում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանները ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի՝ որպես եվրոպական երկրների դեսպանների դուայենի գլխավորությամբ հանդիպում ունեցան Կանադայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոֆ Ռիգանի հետ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման օրակարգում էին յուրաքանչյուր երկրի հետ Կանադայի երկկողմ հարաբերությունների արդի զարգացումներից բացի նաև առևտրին և միգրացիային ու փախստականներին վերաբերող հարցերը:

Հանդես գալով ելույթով` դեսպան Եգանյանն անդրադարձավ փախստականներ ընդունելու և նրանց ապաստան տալու Հայաստանի փորձին, նշելով, որ Սիրիայից շուրջ 20000 փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում:

Դեսպանը նաև ներկայացրեց հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները և խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Անդրադարձ կատարվեց 2018թ. Հայաստանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին:

Հանդիպման ընթացքում նախանշվեց հետագա հանդիպումներին քննարկվելիք հարցերի օրակարգը: