Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունը մի խումբ թուրքերի կողմից խաղաղ ցուցարարների հարձակման ենթարկվելու կապակցությամբ

armenian-assembly-of-americas-5

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) միանում է սենատոր Ջոն Մըքքեյնին (հանրապետական, Արիզոնա), Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերին, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Էդ Ռոյսին (հանրապետական, Կալիֆորնիա) և այլոց՝ խստագույնս դատապարտելով նախօրեին թուրք թիկնապահների կողմից Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացվողների վրա դաժան հարձակման դեպքը:

Սենատոր Մըքքեյնը թվիթթերյան գրառմամբ հայտարարել է. «Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է: Այստեղ մենք նման բաներ չենք անում: Նման ավազակային պահվածքը ներում չունի»:Վաշինգտոնի քաղաքապետ Բաուզերը հայտարարել է. «Բռնի հարձակումը խաղաղ ցուցարարների վրա, ինչին երեկ ականատես եղանք, վաշինգտոնյան արժեքների և մեր՝ որպես ամերիկացիների իրավունքների ոտնահարում է: Խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները»:

Մամլո ասուլիսի ժամանակ Վաշինգտոնի ոստիկանապետ Փիթեր Նյուշամը նշել է, որ նախագահ Էրդողանի թիկնապահներից ոմանք զենք ունեին, ինչը միջադեպն առանձնապես վտանգավոր էր դարձնում Վաշինգտոնի ոստիկանների համար, ովքեր փորձում էին սաստել բռնությունը և վերականգնել հասարակական կարգը:

Թուրքիան ճնշել և պատժել է սեփական քաղաքացիներին, այդ թվում՝ հազարավոր լրագրողներին, սակայն նման բան Ամերիկայի Միացյալ Նահանգներում անհանդուրժելի է:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշընզին և պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին հղված նամակում կոնգրեսական Էդ Ռոյսը պահանջել է պատասխանատվության ենթարկել հարձակումների մեղավորներին: «Հստակ ուղերձ հղելով, որ այդ բռնարարքները չենք հանդուրժի՝ հորդորում եմ, որ անմիջապես հետաքննեք այս հարցը, և համապատասխան բոլոր քրեական մեղադրանքները ներկայացնեք՝ նախքան այդ անձիք կհեռանան Միացյալ Նահանգներից: Օտարերկրյա կառավարությունների ներկայացուցիչները երբեք չպետք է քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից օգտվեն հանցավոր վարքագծի դեպքում: Առաջին հերթին նրանց երբեք չպետք է թույլ տալ խախտել ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրապնդված պաշտպանության սկզբունքները»:

Ցավոք, սա առաջին նմանատիպ դեպքը չէ և մտահոգիչ համակարգային վարքագիծ է, որ դրսևորվեց թե՛ անցյալ տարի Բրուքինգս ինստիտուտում միջոցառման ընթացքում, երբ Թուրքիայի նախագահի թիկնապահները և Էրդողանի կողմնակիցները բռնությամբ փորձեցին արգելել մարդկանց ներկա գտնվել գիտահետազոտական միջոցառմանը, թե՛ այն ժամանակ, երբ Թուրքիան անամոթաբար աջակցում էր Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի դեմ ուղղված հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, այդ թվում՝ ԻԼԻՊ-ի ոճով տարեց զույգի խեղում-սպանությունը և երեք հայ զինվորների գլխատումը:

Կոչ ենք անում բոլոր բարի կամքի տեր մարդկանց դատապարտել Թուրքիայի կողմից մարդու հիմնարար ազատությունների անարգանքի դրսևորման այս վերջին դեպքը և հորդորում ԱՄՆ Կոնգրեսին և Վարչակազմին ևս նույն կերպ վարվել: Ավելի քան 80 կոնգրեսականներ «Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման և ժողովրդավարական արժեքների շարունակվող զգալի անկման կապակցությամբ» իրենց մտահոգություններն են արտահայտել նախագահ Թրամփին ուղղված նամակում՝ նախքան վերջինիս հանդիպումը նախագահ Էրդողանի հետ:

Հարկավոր է Թուրքիային թույլ չտալ ազատ խոսքի իր ժխտողականությունը բերել այստեղ՝ Ամերիկա, որի կապակցությամբ Պետքարտուղարության խոսնակն առանձին հայտարարությամբ նշել է, որ «բռնությունը երբեք համարժեք պատասխան չէ ազատ խոսքին, և մենք պաշտպանում ենք ամենուր ազատ արտահայտվելու և խաղաղ բողոքի ցույցի մարդկանց իրավունքները»: