Victoria Hall-ում հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովը կներկայացնի Կոմիտասի ստեղծագործությունները

unnamed-2

Ժնեւի «ԱՎԵՏԻՍ» հայ-շվեյցարական մշակութային կազմակերպությունը, որը բավականին մեծ ճանաչում է ձեռք բերել Շվեյցարիայում վերջին մի քանի տարիների ընթացքում, ակտիվորեն շարունակում է իր գործունեությունը: Այսօր «ԱՎԵՏԻՍ»-ը Ժնեւ քաղաքի դասական երաժշտության  լավագույն կազմակերպիչների շարքում է: Ժնեւյան փառահեղ Victoria Hall սրահում կայացած վերջին «ՎԻՎԱ ԿԱԼԱՍ» եւ «ՎԻՎԱ ՕՊԵՐԱ» համերգներին, որտեղ  «ԱՎԵՏԻՍ»-ը շվեյցարացի հանդիսատեսին ներկայացրեց հայ հանրահայտ երաժիշտներ Բարսեղ Թումանյանին, Հովհաննես Այվազյանին, Վարդուհի Խաչատրյանին, Վահագ Պապյանին, Հարություն Արզումանյանին, հաջորդեց աշխահահռչակ դաշնակահար Խատյա Բունիաթիշվիլիի ցնցող մենահամերգը: Դահլիճում հնչեցին Առնո Բաբաջանյանի եւ Կոմիտաս Վարդապետի դաշնամուրային ստեղծագործությունները:

Այժմ մայիսի 18-ին Victoria Hall-ը կհյուընկալի հանրահայտ ջութակահար Մաքսիմ Վենգերովին, որը իր ծրագրում եւս կընդգրկի Կոմիտասի ստեղծագործություններից, այս անգամ արդեն  1727թ Stradivarius գործիքի հնչողությամբ:

Հավելենք, որ ԱՎԵՏԻՍ-ի շնորհիվ հենց Կոմիտասն արդեն բավականին մեծ ճանաչում ունի շվեյցարացի ունկդրի մոտ: «ԱՎԵՏԻՍ»-ի կազմակերպած համերգների շրջանակներում բազմիցս Կոմիտասը ներկայացվել է  ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի, օպերային երգչուհիներ Ջուլիետ Գալստյանի, Վարդուհի Խաչատրյանի եւ այլ կատարողների կողմից:

«ԱՎԵՏԻՍ»-ի հաջորդ միջոցառումը Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների համերգն է, որտեղ եւս կներկայացվեն Կոմիտասի եւ 6 այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: