Արգենտինահայերը կարևորել են «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժումը

%d5%a1%d5%a6

Մայիսի 4-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, իսկ մայիսի 6-ին՝ Կորդոբայում, տեղի են ունեցել ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի համերգային ծրագրերը՝ նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» համահայկական շարժմանը:

Երաժշտական կատարումներով հանդես են եկել «YANNI» նվագախմբի ջութակահար Սամվել Երվինյանը, արգենտինաբնակ երաժիշտ, ՀԲԸՄ-ի Արգենտինայի մասնաճյուղի պատվավոր անդամ Գագիկ Գասպարյանը, դաշնակահար Արմեն Կուզիկյանը, իսկ Կորդոբայում հայկական պարերի կատարումներով միացել է «Արարատ» պարախումբը (ղեկավար՝ Վերոնիկա Կարադախյան):

Համերգների ժամանակ ցուցադրվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի տեսաուղերձը, որը զուգահեռաբար թարգմանվել է իսպաներեն: ՀԲԸՄ կենտրոնական վարչության պատվավոր անդամ Անտոնիո Սարաֆյանը հանգամանալիորեն ներկայացրել է համահայկական շարժման մանրամասները՝ խոսելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ու հետագա անելիքների մասին:

Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է Գագիկ Գասպարյանը, համերգներն անցել են շատ ջերմ մթնոլորտում: Արգենտինահայերը ոգևորված ընդգծել են այն փաստը, որ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են Սփյուռքը Հայաստանի շուրջ համախմբելուն:

 Բուենոս Այրեսում կայացած համերգին ներկա են եղել համայնքային կառույցների ներկայացուցիչերը, մասնավորապես՝  ՀԲԸՄ-ի կենտրոնական վարչության անդամ, Հարավային Ամերիկայի ՀԲԸՄ-ի պատասխանատու և պատվո  ատենապետ  Ռուբեն Քեշիշյանը, ՀԲԸՄ-Ի Արգենտինայի մասնաճյուղի ատենապետ Համբարձում Հալաջյանը, Բուենոս Այրեսի Հայ տիկնանց միության ատենապետուհի Մարտա Բալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը և այլազգի հյուրեր: Բուենոս Այրեսում օրհնության խոսք է ասել Գիսակ Սրբազանը և բարի ընթացք մաղթել ազգանպաստ գործին:

Կորդոբայում կայացած համերգին նույնպես մասնակցել են համայնքային կառույցների ղեկավարներ, Կորդոբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Հարություն քահանա Սեփանյանը, օտարազգի հյուրեր: Իբրև հատուկ հյուր՝ հրավիրված է եղել Արգենտինայում մեծ ճանաչում ունեցող քաղաքական լրագրող, միջազգային մեկնաբան, պրոֆեսոր, գրող և դասախոս Մարիանո Սարավիան: Վերջինս քաջալերանքի խոսք է հղել հայ ժողովրդին՝ մեկ անգամ ևս շեշտելով իր այն համոզմունքը, որ Արցախը եղել և մնում է միայն հայկական տարածք: ՀԲԸՄ-ի կողմից բոլոր մասնակիցները շնորհակալագրեր և հուշանվերներ են ստացել:

Հավելենք, որ նախատեսված է համերգներից գոյացած ողջ հասույթով երաժշտական գործիքներ գնել Արցախի երաժշտական դպրոցների համար: Համերգները, որոնց նպատակը նաև Արցախը օտարազգիների մոտ ճանաչելի դարձնելն է, կկազմակերպվեն նաև Արգենտինայի այլ քաղաքներում և Բրազիլիայում:

Հարավային Ամերիկայում իրականացվող միջոցառումներն ամփոփվելու են Հայաստանում և Արցախում՝ սեպտեմբեր ամսին:

Գևորգ Չիչյան

23 4 5

67 818579182_10211549129156145_1819694605_n

911

12 13

1415 16 17

1819 20 21