Հայաստանի օրը Մերձմոսկվայում

unnamed-1

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախաձեռնությամբ, Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանի վարչակազմի հետ համագործակցաբար  մայիսի 19–ին Ռամենսկոյե քաղաքի «Սատուրն» մշակույթի պալատում տեղի կունենա «Հայաստանի օրը Մերձմոսկվայում» միջոցառումը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են «ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունից, Մոսկվայի մարզի կառավարության աջակցությամբ կազմակերպվող հայկական ձեռնարկը  մարզային ձևաչափով առաջին անգամ է կայանում:

Այն  տեղի է ունենում «ԴԻԱԼՈԳԻ»` Մոսկվայի մարզի խոշոր և հայահոծ քաղաքներում հայկական համայնքային կազմակերպություններ և կիրակնօրյա դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակներում և նվիրվում է մայիսյան հաղթանակներին ու Առաջին Հանրապետության տոնին:

Միջոցառման ժամանակ ներկաներին կդիմեն Մոսկվայի մարզի կառավարության, Ռամենսկոյեի վարչակազմի և «ԴԻԱԼՈԳԻ» ներկայացուցիչները, ՌԴ Դաշնային Խորհրդի անդամներ, դիվանագետներ և մշակույթի գործիչներ:

Ձեռնարկի գեղարվետական մասում իր վարպետությունը կցուցադրի Հրազդան քաղաքի «Նինահար» պարային համույթը: Հայաստանցի արտիստները յուրովի մեկնաբանությամբ ռուսաստանյան բազմազգ լսարանի ուշադրությանը կներկայացնեն հայակական պարարվեստի գոհարները հանդիսացող համարներ:

Մոսկվայի յոթ միլիոն բնակիչ ունեցող մարզում հայերը թվով չորրորդ ժողովուրդն են, իսկ Ռամենսկոյե և մի շարք այլ քաղաքներում` երրորդը:

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը նախատեսում է նմանատիպ ծրագրեր իրականացնել նաև Մոսկվայի մարզի այլ քաղաքներում, ինչպես նաև նպաստել Հայաստանի և մարզի բնակավայրերի միջև  քույր քաղաքների ձևաչափով համագործակցության հաստատմանը և զարգացմանը: