Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպեց Գուրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

%d5%a2%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab
Մայիսի 16-ին Բաթումիում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանն այցելեց Վրաստանի Գուրիայի երկրամաս, որի վարչական կենտրոն Օզուրգեթում հանդիպում ունեցավ Գուրիայի նահանգապետ Գիա Սալուկվաձեի հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաև փոխնահանգապետ Գիա Էբրալիձեն, Օզուրգեթի քաղաքապետ Բեգլար Սիորիձեն, Օզուրգեթի մունիցիպալիտետի (վարչական շրջանի) ղեկավար Մերաբ Չանուկվաձեն և Գուրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական համագործակցության շրջանակներում Գուրիա երկրամասի հետ Հայաստանի առևտրատնտեսական և մշակութային կապերի ընդլայնման հնարավորությունները: Առանձնակի կարևորություն տրվեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ քաղաքային և համայնքային մակարդակներով ապակենտրոնացված համագործակցության ծավալման նպատակով ուղիղ կապով փոխշահավետ առնչությունների համար պայմանների ստեղծմանը:
Նահանգապետ Սալուկվաձեն և գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը շոշափեցին արդյունաբերական, գյուղատնտեսական մթերքի արտադրության, վերամշակման և մատակարարման ձեռնարկությունների կամ միմյանց տարածքներում դրանց մասնաճյուղերի ստեղծման, ինչպես նաև մշակութային հնարավոր փոխանակումներին առնչվող հարցեր:
ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղեկություններ հաղորդեց Հայաստանում տնտեսական միջավայրի և ներդրումային պայմանների մասին: Կողմերը հաստատեցին քննարկված հարցերի կենսագործմանն ուղղված քայլերի հետևողական իրականացման իրենց մտադրությունը:
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպման ժամանակ քննարկվեցին կրթամշակութային խնդիրներ, որոնք առնչվում են կիրակնօրյա դպրոցի գործունեության բարելավման, սփյուռքահայության համար Հայաստանում կազմակերպվող ձեռնարկներին համայնքի ներկայացուցիչների մասնակցության հարցերին:
%d5%a2%d5%a1%d5%a9%d5%b8%d6%82%d5%b4%d5%ab1